Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե աղքատ ես՝ չես կարող ազատ ապրել

Օգոստոս 02,1994 15:17

Հայաստանը տարանցիկ առեւտրի կարեւոր կենտրոն է եղել, իսկ հայ վաճառականությունը, որպես սոցիալական հատուկ խավ, ունեցել է իր հարուստ ավանդույթները։ Հնարավո՞ր է վերականգնել դրանք։ Ի՞նչ հիմնահարցեր կան։ Այս խնդրի շուրջ իր տեսակետն է արտահայտում Հայ վաճառականների միության նախագահ, «Համաստեղություն» միության պրեզիդենտ Մկրտիչ Դեմիրյանը:

Մեր միությունն իր հիմնադրման ժամանակ՝ 1993 թ. հոկտեմբերին, ուներ ընդամենը 65 անդամ (ըստ կանոնագրության՝ սեփականատերեր): Այսօր վաճառականների թիվն անցնում է 700-ից։ Միությունը ստեղծվել է մի խումբ սեփականատերերի նախաձեռնությամբ, որոնք ձգտում են Հայաստանը տեսնել շուկայական հարաբերությունների քաղաքակիրթ փուլում։ Նպատակներն են. սեփականության կայացում, սեփականատերերի շահերի պաշտպանություն, վաճառականական ավանդույթների վերականգնում։ Ամենամեծ ազատությունը օրենքների սահմաններում գործելն է։ Շուկայական կառույցն ունի իր հիմնաքարը, որի ամրությունից է կախված մեր հետագա գործունեությունը։ Խոսքն օրենսդրական, իրավական դաշտի մասին է, որը մենք չունենք։ Եթե նախկին՝ պլանային սեփականությամբ ենք ուզում շուկաներ ձեւել, ապա ոչինչ չի ստացվի: Կա օրենք եւ հակասող օրենք։ Փաստաթղթային քաոս է, եւ ցանկացած նախաձեռնող ակամա դառնում է իրավախախտ։

Իրավիճակի թելադրանքով ստեղծեցինք «Համաստեղություն» միությունը, որն ունի 650 բաժիններ եւ սկսեցինք գործել բաց դաշտի պայմաններում։ Չէ՞ որ չկան սնանկացման, ինվեստիցիոն ապահովագրական ընկերությունների մասին եւ ուրիշ շատ օրենքներ։ Մուրհակների մասին օրենքը, թեեւ կայացված է, սակայն բացակայում է դրա կիրարկման կարգը, եւ արդեն մեկ տարի է, փաստորեն, օրենքը թղթի վրա է։ Միությունը միավորում է թե իրավաբանական, թե ֆիզիկական անձանց (բաժնետերերի): Շուկայի բնույթից, պահանջից ելնելով՝ իր դասական ձեւով սա առաջինն է Հայաստանում։ Անհատը պետք է ունենա կորպորատիվ մտածողություն՝ ընդհանուրի շահը բարձր է մասնավորի շահից։

Մեր կարգախոսն է. «Իմ Հայաստան, իմ գործ, նոր՝ ես»։ Եթե Հայաստանի պայմանները լավ չլինեն, գործը ճիշտ չկազմակերպվի, մարդն էլ ապահով չի լինի: Հակառակ՝ «ես-գործ-Հայաստան» ուղղությամբ գործողների բանը «ես-ից» այն կողմ չի անցնի։ Ցանկանում ենք ստեղծել «Վաճառական» բանկը, սակայն հրապարակի վրա եղած որոշումներն առայժմ թույլ չեն տալիս։ Հետո շուկա ենք ստեղծում, չունենալով Սահմանադրություն՝ հիմնական օրենք, ուր պետք է նշվի, որ սեփականությունն անձեռնմխելի է։ Հողը սեփականաշնորհվել է, բայց գործընթացը՝ խախտվել։

Մի ցավոտ հարց էլ. Երեւանում «ազատ գոտիներ» են ստեղծված, բայց Երեւանից դուրս դրամը որպես արժեք չի իմաստավորվում։ Այս մասին էլ պետք է մտածել։ Մեկ ազգ, մեկ ընտանիք ենք։ Եթե ազատ ենք, իրավունք չունենք աղքատ ապրելու։

 

Ղ. ԱՐԹՈՒՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1994
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
    Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031