Լրահոս
Օրվա լրահոսը

Սերը Երեւանի փողոցներում

Օգոստոս 02,1995 14:00

Մամուլի ազատականացմամբ հնարավոր դարձավ հասարակության մութ ու ցավոտ հարցերի լուսաբանումը, նրանց մասին սկսեցին խոսել որպես իրողություն՝ ժխտելով մեր հասարակության մասին եղած կաղապարված պատկերացումները։ Այդպիսի մութ ու դժվար խնդիրներից մեկը պոռնկության տարածումն է։ Տարիների ընթացքում զանգվածային լրատվության միջոցների համար սա փակ թեմա էր։ Չէին խոսում՝ ստեղծելով տպավորություն, թե մեզ մոտ նման խնդիր չկա։ Վերջին շրջանում հայկական մամուլում տպագրվեցին այս հարցի վերաբերյալ բազմաթիվ հոդվածներ։ Հարցի լուսաբանման նման ալիք մի ժամանակ կար ռուսական մամուլում, բայց ի տարբերություն նրանց, մեզ մոտ նկատվում է 2 ուղղություն. ա) իրականության ոչ ամբողջական կան ներկայացում, բ)հետեւությունների ու առաջարկությունների ժամանակավրեպություն։

Այսօր երեւանյան փողոցներում «գիշերային ընկերուհիների» հետ ծանոթանալը ոչ մի դժվարություն չի ներկայացնում։ Երեկոյան ժամերին քաղաքի գլխավոր փողոցներում, հրապարակներում կարելի է հանդիպել նման բազմաթիվ աղջիկների։ Այսօր Երեւանում գործում են անլեգալ հասարակաց տներ՝ հարյուրավոր աշխատակցուհիներով։ Անհրաժեշտ ֆինանսական միջոցների առկայության դեպքում խնդիր չկա։ Իսկ գները տատանվում են 10-100 դոլարի սահմաններում, որը պայմանավորված է աղջիկների տարիքով եւ արտաքինով։ Սովորաբար մեծ մասսայականություն են վայելում եւ ավելի թանկ են Ռուսաստանից ժամանածները, որոնք հատուկ խմբերով գալիս են փող աշխատելու։ Կա նաեւ հակառակը. տուրիստական խմբերի անվան տակ հայ աղջիկները մեկնում են Մերձավոր Արեւելքի երկրներ, Թուրքիա՝ եկամտաբեր շրջագայության։ Աղջիկների գերակշռող մասը գտնվում է կավատների հսկողության տակ, նրանց էլ անցնում է եկամտի մեծ մասը։ Սա է այսօրվա իրական պատկերը, ու արհեստականորեն փորձել այն անտեսել կամ ուռճացնել, անիմաստ է։ Տարբեր մասնագետների կարծիքով (բժիշկներ, իրավապահ մարմինների աշխատողներ…) պոռնկության տարածումը պայմանավորված է սոցիալական վատ պայմաններով։ Բայց պոռնկությունը որպես հասարակական երեւույթ բնորոշ է բոլոր պետություններին, նույնիսկ ամենազարգացած տնտեսությամբ, ու կապել այն միայն վատ պայմանների հետ, այնքան էլ ճիշտ չէ։ Գուցե Հայաստանում որոշ ազդեցություն ունեին ազգային հոգեբանությունը, կրոնական գործոնը, որոնց ազդեցությունը, սակայն աստիճանաբար թուլանում է։ Ի՞նչ վտանգ է ներկայացնում այսօրվա պատկերը։

Վեներական հիվանդությունների տարածում։ Կիսալեգալ պոռնկությունը ստեղծում է բոլոր պայմանները այս հիվանդությունների շատացման համար։ Բազմաթիվ աղջիկներ վարակված են։ Հասարակաց տներում, որոնք հաճախ սովորական բնակարաններ են, բացակայում են հիգիենիկ տարրական պայմանները։ Աշխատակցուհիների առողջությունը կավատներին այնքան էլ չի հետաքրքրում։ Իհարկե, կան էլիտար տներ, որտեղ նրանք պարտադիր ենթարկվում են բժշկական քննության։ Հիվանդանալու դեպքում, մեծ մասը փորձում է խուսափել մասնագիտական բուժօգնությունից։ Ինքնաբուժումը կամ ոչ մասնագիտական բուժումը գուցե նպաստի հիվանդության արտաքին նշանների մեղմացմանը, բայց մեծ վտանգ է ներկայացնում որպես թաքնված ինֆեկցիա՝ վարակի տարածման համար, այնպես էլ աղջիկների համար, որովհետեւ ոչ լիարժեք բուժումը հանգեցնում է հիվանդության ձգձգմանը, նրա խրոնիկական ընթացքին՝ բոլոր անցանկալի հետեւանքներով։

Նկատվում է պոռնկության երիտասարդացում։ 14-15 տարեկան մարմնավաճառուհու հանդիպելը այսօր հազվագյուտ երեւույթ չէ։

Ինչ հետեւություններ ու պայքարի միջոցներ կարելի է գտնել։ Ցավոք, մեր մամուլում տպագրվող բազմաթիվ հոդվածներ այս հարցի վերաբերյալ զուրկ են առաջադիմական գաղափարներից։ (Նման մի հոդված տպագրվել էր նաեւ «Առավոտում»):

Պարզվում է, որ ամենակարեւոր հետեւությունը, որ կարելի է անել, այն է, որ պոռնկության տարածումը ոտնահարում է մեր ազգային արժանապատվությունը։ Այս գաղափարի անտեղի օգտագործումը հասցրեց նրա արժեզրկմանը։ Պոռնկությունը ոչ մի կապ չունի ազգային արժեքների, խնդիրների հետ։ Դա հասարակական պրոբլեմ է՝ բնորոշ բոլոր ժամանակներին ու պետություններին. Ամերիկայի բազմաթիվ խոշոր քաղաքներում կան հատուկ թաղամասեր, որոնք հայտնի են իրենց հասարակաց տներով։ Եթե հետեւենք հոդվածագիրների տրամաբանությանը, ապա ֆրանսիացիները, գերմանացիները… զուրկ են ազգային արժանապատվությունից։ Ազգային արժեքները պետք է պահել կռվի դաշտում, բանակցությունների սեղանի շուրջ, ընտրությունների ժամանակ… Գիշերային փողոցներում ազգային արժեքներ փնտրելը ճիշտ չէ։ Իրական պատկերի ուռճացումն էլ անիմաստ է։ Թղթի վրա երեւանյան Բրոդվեյ կամ Պեգալ ստեղծելը ոչ մեկին պետք չէ: Այն ինչ կա այսօր՝ 1,5 միլիոնանոց քաղաքին բնորոշ երեւույթ է։

Առաջարկված պայքարի միջոցներն ու ձեւերը նույնպես խիստ բեւեռացված են։ Ցավոք, այստեղ նույնպես պետք է հնացած տեսակետների վերանայում։ Մեղադրել իրավապահ մարմիններին ու կոչ անել խիստ պայքարի պոռնկության դեմ, օրենսդրորեն արգելել այն, ժամանակավրեպ է։ Իրավապահ մարմինները աշխարհի ոչ մի երկրում միայնակ պայքարելով արդյունքի չեն հասել։ Արգելումը կամ անհանդուրժողական պայքարը ոչ մի դրական արդյունք չի տա։

Մյուս, հակառակ կարծիքը, պոռնկության լիակատար լեգալացումն է։ Օրինական հասարակաց տների առկայությունը, իհարկե, որոշակի արդյունք կտա, բայց հաշվի առնելով մեր հասարակության գիտակցական մակարդակը, նրա մտավոր եւ ֆինանսական շերտավորումը, պնդել շուտափույթ լեգալացման օգտին, վիճելի է։ Ամեն դեպքում քաղաքակիրթ միտքը կողմնորոշվում է դեպի լեգալացումը՝ որոշակի վերապահումներով, պոռնկության որոշ ձեւերի արգելումով (օրինակ անչափահասների շահագործումը եւ այլն):

Իսկ ինչ վերաբերում է երեւանյան գիշերային կյանքին, առանձնապես մեծ վտանգ չկա։ Որպես ազգ, մենք զուրկ չենք աշխարհիկ թերություններից։

ՎԱՀԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031