Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆաշիզմը իրական վտանգ է

Օգոստոս 24,1995 17:02

Ռուսաստանի գալիք խորհրդարանական ընտրություններում մենք բնավ էլ մտադիր չենք ուռճացնելու Ժիրինովսկու կուսակցության հնարավոր հաղթանակի վտանգը, հատկապես որ ներկա հարցումները վկայում են վերջինիս հեղինակության անկումը։ Խնդիրը փորձենք դիտարկել ավելի գլոբալ մակարդակում՝ Ռուսաստանի քաղաքական գործընթացների հետագա զարգացման շրջանակներում։ Ոմանք՝ առանձին քաղաքական դիտորդներ, մեկնաբաններ, կարծում են, որ Ժիրինովսկու «աստղը» Ռուսաստանում վերջնականապես մարել է. «1993-ի դեկտեմբերը» նրա կուսակցության համար այլեւս չի կրկնվի եւ դեմոկրատական ուժերի համար այսօր ամենավտանգավոր հակառակորդները կոմունիստներն ու նրանցից քիչ տարբերվող ռազմարդյունաբերական համալիրի ներկայացուցիչներն են, որոնք «կարոտախտի» ալիքին կարող են իշխանության գալ եւ արմատական փոփոխություն մտցնել բարեփոխումների քաղաքականության մեջ։

Նշենք, որ այդ տեսակետն այսօր ընդհանուր է գրեթե ողջ դեմոկրատական ճամբարի համար։ Որպես Չեռնոմիրդինի ամենավտանգավոր հակառակորդ՝ ճանաչված է Սկոկով-Լեբեդ-Գլազեւ եռյակը։ Նույն տեսակետին է նաեւ Գայդարը. «Իզվեստիա» թերթի իր հանրահայտ հոդվածում նա Ժիրինովսկուն անվանում է «մարգինալ շպանա», որոնց նպատակն է միայն «քաղաքական ցուցամոլությունը», մինչդեռ իրական վտանգը կոմունիստամետ ուժերն են։

Ֆյոդորովն ու Յավլինսկին նույնպես կարծում են, որ հիմնական վտանգը կոմունիստների ու բյուրոկրատիայի շրջանակներից է գալիս: Ի տարբերություն Չեռնոմիրդինի՝ նրանք կոմունիստամետ եւ բյուրոկրատամետ ուժերի շարքում ներառում են նաեւ «իշխող» կուսակցությունը, այսինքն Չեռնոմիրդինին եւս:

Անշուշտ դա չի նշանակում, որ դեմոկրատական ուժերը չեն ըմբռնում ֆաշիզմի վտանգը Ռուսաստանում: Պարզապես նրանց համոզմամբ ամենավտանգավորն այս պահին կոմունիստական ուժերն են եւ ոչ ֆաշիստական։ Իսկ ֆաշիստական ճամբարում վտանգավոր են համարվում նախկին զինվորական շրջանակներն ու ռուս ազգայնական «հայրենասերները»: Ժիրինովսկին այս շղթայում դիտվում է «քաղաքական խեղկատակ», որը ըստ դեմոկրատների՝ լուրջ չի ընկալվում անգամ այդ ազգայնականների աչքերում:

Եվ այսպես Ժիրինովսկու ֆենոմենը Ռուսաստանում բացատրվում է զուտ որպես արհեստական քաղաքական ինտրիգների արդյունք. «խաղը» ցանկացած պահին կարող է ավարտվել։ Պետք է պարզապես ցանկանալ:

Մենք ամենեւին էլ խնդիր չունենք հերքելու նման մոտեցումը. պարզապես փորձենք որոշակի զուգահեռներ անցկացնել ներկայիս ռուսական եւ նախկին Վայմարյան Գերմանիայի քաղաքական էլիտաների մոտեցումների միջեւ՝ կապված համապատասխանաբար Ժիրինովսկու ու Հիտլերի «ֆենոմենների» հետ:

Գերմանիա-1919,

Ռուսաստան- 1991

Եվ այսպես՝ 1919 թվականի հունիսի 28-ին Վերսալում Արեւմտյան երկրները կնքեցին Գերմանիայի հետ գերմանացիների ազգային արժանապատվությունը նվաստացնող մի պայմանագիր, ըստ որի Գերմանիան կորցնում էր իր բոլոր գաղութները, մինչդեռ Անգլիան ու Ֆրանսիան պահպանում էին։ Ըստ այդ պայմանագրի Գերմանիան «մեղավոր ու պատասխանատու» համարվեց «մարդկության առջեւ Առաջին համաշխարհային պատերազմի համար»: Գերմանիային արգելվեց ունենալ «հարձակողական զենքեր», բանակը չպետք է գերազանցել 100 հազարը: Այս ամենը բացատրվում էր բավականին պարզ. գերմանացիները պարտվել են, ուրեմն պարտավոր են ենթարկվելու «Անտանտայի» պահանջներին, ընդհուպ մինչեւ քաղաքական համակարգի վերափոխումը։ Ողջ գերմանական հասարակության ազգային արժանապատվությունը նվաստացած էր։ Էլզասը ֆրանսիացիների ձեռքում էր, Սուդետներում չեխ իշխանությունները հալածում էին գերմանացի փոքրամասնությանը: Մեծ դժգոհություն կար իշխանության հանդեպ, հատկապես զինվորական շրջանակներում, որտեղ կառավարությունը բացահայտորեն համարվում էր «հրեական», «ազգի դավաճանների», «արեւմտամասոնական լրտեսների» կենտրոն։ Որպես հետեւանք՝ 1920-ին կատարվեց ռազմական հեղաշրջման փորձ (հանրահայտ           Կոպպովյան

պուտչը), սակայն իշխանություններին հաջողվեց դիմակայել զինվորականներին եւ պահպանել իշխանությունը։

Իսկ ի՞նչ աղերսներ կան Ռուսաստանի վերաբերմամբ, այսպես կոչված «սառը պատերազմում» ԽՍՀՄ-ի ու Արեւմուտքի միջեւ. Ռուսաստանը պարտվեց: Մոսկվան կորցրեց իր գաղութները, զինաթափման գործընթացները ավելի շատ առնչվեցին Ռուսաստանին, քան Արեւմուտքին։ «Վարշավյան պակտը» այսօր գոյություն չունի, մինչդեռ ՆԱՏՕ-ն ընդլայնվում է Արեւելյան Եվրոպայի երկրների հաշվին՝ փոխելով ողջ աշխարհաքաղաքական իրադրությունը՝ ի վնաս Մոսկվայի: Ինչպես ըստ «Վերսալյան պայմանագրի» Գերմանիան կորցրեց Էլզասը, այնպես Էլ, ըստ ԵԱՀԿ-ի սկզբունքների, Ռուսաստանին էլ երբեք չի պատկանի՝ Ղրիմը, Մերձդնեստրը, Հյուսիսային Ղազախստանն ու Արեւելյան Ուկրաինան։ Ինչպես եւ Սուդետների գերմանացիների, այնպես էլ բալթյան ռուսների հանդեպ ընթանում է խտրականության քաղաքականություն։ Եվ ընդհանրապես, ողջ նախկին ԽՍՀՄ-ի տարածքում ռուսների շահերը ոտնահարվում են, եւ այդ ամենը Արեւմուտքի քար լռությամբ։ Այսօրվա Ռուսաստանում էլ իշխանությունների նկատմամբ հատկապես մեծ դժգոհություն կա զինվորական շրջանակներում, որտեղ դեմոկրատական իշխանությունները վերը նշված պիտակներին են արժանանում՝ «հրեական», «ազգի դավաճաններ», «արեւմտամասոնական լրտեսներ»…

1920-ի Կապպովյան հեղաշրջման փորձից հետո «Վայմարյան» իշխանությունների ամենավտանգավոր հակառակորդը զինվորականությունն էր ու նախկին Կայզերական բյուրոկրատիան, որի քաղաքական ներկայացուցիչն էր Գերմանիայի ազգայնական կուսակցությունը՝ միապետական Գինդերբուրգի գլխավորությամբ։

Իշխանությունների համար վտանգի մյուս բեւեռում էին ծայրահեղ կոմունիստամետ ուժերը, որոնք մեծ աջակցություն էին ստանում ԽՍՀՄ-ից։ Այդ համատեքստում իշխանություններին անհրաժեշտ էր վարկաբեկել միաժամանակ ե՛ւ ազգայնական, ե՛ւ սոցիալ-պոպուլիստական ուժերին, որի հետեւանքով էլ Գերմանիայի վարչակարգի կողմից արհեստականորեն ստեղծվեց նացիոնալ-սոցիալիստական կուսակցությունը՝ խելագար, քաղաքական ծաղրածու, անհաջողակ նկարիչ Հիտլերի գլխավորությամբ։ Այսպիսով, ըստ «վեյմարյան» իշխանությունների՝ Հիտլերի ֆենոմենը պետք է վաներ գերմանական հասարակությանը միաժամանակ ե՛ւ ազգայնական, ե՛ւ սոցիալ-պոպուլիստական ուժերից։

Գերմանիայում այդ պահին չկար ոչ մի լուրջ քաղաքական գործիչ, մեկնաբան, քաղաքագետ կամ լրագրող, որը լուրջ վերաբերվեր այդ խեղկատակին։ Ընդ որում, իր այդ նման դերն ընդունում էր նաեւ ինքը՝ Հիտլերը։ Ընդհակառակը՝ նա իր պրիմիտիվ սկանդալային կեցվածքով ամեն կերպ փորձում էր մտնել գերմանացու գիտակցության մեջ՝ եւ մտավ։ «Պարտություն կրելով 1-ին համաշխարհային պատերազմում գերմանացիները համակվեցին թերարժեքության զգացումով (ոչ ոք նրանց չի սիրում), սկսեցին սպասել փրկչին»,- գրում է հայտնի փիլիսոփա Կարլ Տունգը։ Գերմանական ազգայնամոլները դեմոկրատիան ընկալում էին լոկ որպես օտար երկրների կողմից Հայրենիքը օկուպացնելու մի նուրբ ձեւ։ Բնականաբար, նման ավանդույթները թելադրում էին նաեւ գերմանացիների համապատասխան վերաբերմունքը օտարների եւ դեմոկրատիայի հանդեպ: Անշուշտ այս տիրույթում «ներքին թշնամիները»՝ ի դեմս դեմոկրատների, առանձնահատուկ բացասական վերաբերմունք էին առաջացնում:

Այստեղ է, որ բավականին հետաքրքիր հարց է ծագում. ինչո՞ւ ներկա ռուսական ազգայնականներից մենք հատկապես մեծ մտավախություն ունենք Ժիրինովսկուց եւ ոչ բազմաթիվ ու բազմաբնույթ ռուսական այլ ֆյուրերներից։

Այս հարցին հանգամանալից պատասխանելու համար, վերլուծենք այն հետաքրքիր հանգամանքը, թե ինչու Վայմարյան Գերմանիայի ազգայնական շարքերից մեծ դեմք դարձավ հենց ամենապրիմիտիվ ծաղրածուն եւ սկանդալիստը՝ Ադոլֆ Հիտլերը, որից խորշում էին ոչ միայն դեմոկրատական, այլ նաեւ բուն ազգայնական ուժերը:

Երվանդ ԲՈԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031