Լրահոս
Օրվա լրահոսը

«Մոնա Լիզայի» ժպիտը

Սեպտեմբեր 29,1995 17:08

Ինչպես երեւում է Հայաստանը կրկին Մեքքա է դառնում բոլոր աստիճանների ու ոճի էստրադային աստղերի եւ աստղիկների համար, սկսած թինեյջերների եւ ոչ միայն նրանց սիրեցյալներ Անջելիկա Վարումից ու ռեստորանային կուռք Շուֆուտինսկուց, եւ վերջացած առեղծվածային «Մոնա Լիզայով», որի փարթամամարմին մասնակիցները, դատելով հայկական հեռուստատեսությամբ պտտվող գովազդային տեսահոլովակից, խոստանում էին սեքսուալ անմոռաց տպավորությունների եւ այլ հաճույքների մի շարան։ Ի դեպ, հայրենական անուղղելի լավատեսները հակված են ծափահարությամբ դիմավորել այդ ներխուժումը, քանզի հյուրախաղորդների այս հոսքը դիտում են որպես հանրապետության տնտեսական վերելքի եւ, մասնավորապես, որպես բնակչության բարեկեցության աճի գործոն։

Ճիշտն ասած, ես չեմ պատրաստվում վիճարկել այդ հիմնավորումները. չաղլիկ Կռիլովն ինձ նույնպես՝ մեղավորիս, մտամոլուցքի մեջ է գցում, մանավանդ, որ իր հարցազրույցներում նա շատ հստակ հայտարարեց, թե ցանկանում է իր որդուն հայուհու հետ պսակել։ Այդուհանդերձ, քանի դեռ ամուսնության այդ ծրագրերը հեռու են, ակամա մտածում ես, թե «փեսացուն» արժանի՞ է ՄՀՀ-ի վերնասրահի համար մեկուկես-երեք հազար դրամ կամ «Արմենիայում» 120 դոլար վճարին, որը նրան որպես կանխավճար տալիս է «հարսնացուն»։

Այն, որ մեզ մոտ են գալիս ոչ լավագույնները, հասկանալի է. շոուբիզնեսմենները համբերատար սպասում են, թե երբ կարժեզրկվի հերթական աստղը, որպեսզի հրավերը ավելի էժան նստի։ Այնուամենայնիվ, Ռուսաստանում, որտեղից մեզ վրա է թափվում այդ «աստղային անձրեւը», իրավիճակը մի քիչ այլ է։ Այնտեղ դրսից եկող «երկրորդ թարմության» հյուրախաղորդները համերգի համար մի քանի անգամ ավելի քիչ են վարձատրվում, քան նրանց ռուսաստանյան գործընկերները: Խոսքն այստեղ առաջին մեծության աստղերի մասին չէ, որոնց շնորհիվ ռուսաստանյան շոու-բիզնեսը ահռելի գումարներ է վաստակում, խոսքը ռուսաստանյան աստղերի մասին է, որոնց, կարելի է ասել, ուղղակի ստեղծում են։ Թեեւ հասկանալի է, որ ինչ-որ բան վաճառելու համար այդ «ինչ-որ» բանը նախ պետք է ստեղծել, եւ այն էլ՝ փողով։ Ցավոք, մեր ազգային հակումը բացառապես ուղղված է սպեկուլյատիվ գործունեության՝ պատրաստի ապրանքի վերավաճառմանը, եւ դա հանգեցրել է այն բանին, որ Հայաստանում շոու-բիզնեսը առ այսօր սաղմնավորման վիճակում է։ Առանձին հովանավորներն ու մեկենասները՝ «Պարադիզ» ֆիրմայի կամ բանկերի տիպի, որոնք օգնում են Արթուր Գրիգորյանին եւ նրա թիմին, ցավոք, եղանակ չեն ստեղծում։ Ինչպես եւ չեն ստեղծում աստղեր: Այնպես որ, բանն այն չէ, որ մեր հայրենական երգիչների համար, որոնցից, շատերը շատ տաղանդավոր են եւ օժտված են ստեղծագործական մեծ ներուժով, չկա իրացման շուկա, այլ այն, որ առայժմ ոչ մեկի ձեռքերը, գլուխներն ու ֆինանսները չեն հասնում այն բանին, որ նրանց կարելի է եւ պետք է, այսպես կոչված, ապրանքային տեսք տալ։

Այս ամենում միակ ուրախալին այն է, որ եթե ժողովուրդը հանդիսություն է պահանջում, ուրեմն հացի խնդիրը ինչ-որ չափով լուծել.է։ Բրավո, Հայաստան։ Թեկուզ «Մոնա Լիզայի» ժպիտով։

Գ.  ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930