Լրահոս
Օրվա լրահոսը

Տարօրինակ «Անձնական թերթիկները»

Սեպտեմբեր 30,1995 13:35

«Դրո»-ի երեկվա դատավարությունը էլ ավելի խճճեց քննարկվող խնդիրները եւ առաջացրեց բազմաթիվ այլ հարցեր։ Ըստ հերթականության երրորդ ամբաստանյալ Էդիկ Սիմոնյանի ցուցմունքները հակասում էին ոչ միայն նախնական քննությանը տված իր իսկ ցուցմունքներին, այլեւ դատավարության ժամանակ արդեն հանդես եկած ամբաստանյալների ելույթներին։ Սկսելով ավանդական դարձած հայտարարությունից, թե ամբողջ գործը սարքած է, Սիմոնյանը, ի տարբերություն իրենից առաջ հանդես եկած Ալավերդյանի, խոստովանեց, որ հետեւվում էր սպանված Աշոտ Ներսիսյանին, սակայն դա անում էր զուտ «ընկերական կարգով», նպատակ ունենալով վրեժ լուծել Այնթափի բազայի իր գործընկեր, այժմ նույնպես ամբաստանյալ, Հովիկ Մկրտչյանի համար։

Սիմոնյանի խոսքերով, ինքն այդպես էլ չիմացավ, թե ինչով ավարտվեց այդ գործը, որովհետեւ ընտանեկան հանգամանքներից ելնելով, ստիպված եղավ թողնել աշխատանքը բազայում: Սակայն հետաքրքիր է, որ իր «ընկերական կարգով» գործունեության ընթացքում «ընկերները» նրանից պահանջում էին Ա. Ներսիսյանին հետապնդելու մասին մանրամասն գրավոր հաշվետվություններ տալ, ընդ որում օգտագործելով ոչ թե հետապնդվողի անունը, այլ «02» կոդը: Սակայն այդ հանգամանքը բոլորովին չի խրտնեցրել Սիմոնյանին: Նրան տարօրինակ չի թվացել նաեւ, որ աշխատանքի ընդունվելուց իրեն առաջարկել են ոչ թե սովորական դիմում գրել, այլ լրացնել հարցաթերթիկ, որում անվան, ազգանվան փոխարեն պահանջվում էր գրել «այժմյան կազմակերպական համարը», ինչպես նաեւ առաջարկվում էր ներկայացնել դաշնակցական ամենամոտ ընկերներից հինգի անունները։ Դրան գումարած այդ յուրօրինակ «անձնական թերթիկում» պետք էր պատասխանել հետեւյալ հարցին. սպանե՞լ եք դուք արդյոք մարդկանց։ Հիշեցնենք, որ Այնթափի բազայի նախկին աշխատակից, ամբաստանյալ Գեւորգ Ալավերդյանը իր ցուցմունքներում նույնպես խոստովանեց, որ նման հարցաթերթիկ է ստորագրել։ Սակայն, նրա տարբերակով, նման, մեղմ ասած՝ տարօրինակ հարցերին պատասխանելն անհրաժեշտ էր Դաշնակցություն ընդունվել եւ Ղարաբաղ գնալու համար։

Այսպիսով, այսօրվա վիճակով դատարանի տրամադրության տակ կան երեք մեղադրյալների ցուցմունքներ՝ երեք իրար հակասող վարկածներ։ Առաջինը, որն առաջարկել է Արծրունին՝ ամեն ինչ հերքում է։ Երկրորդ՝ Ալավերդյանի վարկածը, ընդունում է, որ նա լրացրել է հարցաթերթիկը, սակայն մերժում

է Ներսիսյանի հետապնդման փաստը, ինչպես նաեւ զեկույցների առկայությունը ու պնդում է, որ ոչինչ չգիտեր ոչ սպանության, ոչ էլ «Դրո» կազմակերպության մասին։ Երրորդը՝ Սիմոնյանինը, պնդում է, որ նա լրացրել է հարցաթերթիկը, հետեւել է Ներսիսյանին, գրել է զեկույցներ, բայց ոչինչ չգիտեր «Դրո»-ի եւ սպանության մասին:

Բացառված չէ որ երկուշաբթի օրը, երբ դատարանը կշարունակի իր աշխատանքը, կշարադրվի եւս մի վարկած։ Դրա հայտը երեկ ներկայացրեց Հրանտ Մարգարյանը, որը հայտարարեց, թե գիտի քննչական բաժնի պետ Ժորա Վարդանյանի եւ ամբաստանյալներ Գեւորգ Ալավերդյանի, Էդիկ Սիմոնյանի եւ Թաթուլ Գաբրիելյանի՝ դատավարության ժամանակ կայացած հանդիպման մասին։

Ե. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930