Լրահոս
Օրվա լրահոսը

«4-րդ իշխանություն՝ կա, ե՛ւ չկա…»

Հոկտեմբեր 28,1995 16:57

Այսօր քչերը, այդ թվում եւ լրագրողներից շատերը, չգիտեն, որ Հայաստանում գործում է երիտասարդ ժուռնալիստների «4» միությունը, որի նպատակն է օգնել երիտասարդներին՝ իրենց ընդունակությունները դրսեւորելու այս բնագավառում, պաշտպանվելու արհեստական այն խոչընդոտներից, որոնց միջով անցել է լրագրողների մեր ավագ սերունդը։ Իսկ միությունը «4» է կոչվում այն պատճառով, որ մամուլը, ինչպես հայտնի է, համարվում է չորրորդ իշխանություն։

Ավելին՝ միության հիմնադիրներն էլ չորսն են՝ նախագահ Աննա Հակոբյանը, փոխնախագահ Զառա Արամյանը, Լիլիթ Ամիրխանյանը եւ Լիլիթ Ավագյանը։ Ի դեպ, եթե նկատեցիք, բոլորն էլ գեղեցիկ սեռի ներկայացուցիչներ են… Գուցե մոտ ապագայում բացի օրենսդիր իշխանությունից, նաեւ չորրորդում էլ մեծամասնություն կազմեն կանայք, հը՞…

Ինչեւէ, դա կարեւոր չէ։ Սակայն փաստ է, որ նորաստեղծ, ընդամենը երեք ամսվա կենսագրություն ունեցող այս կազմակերպությունը, որն իր շարքերում արդեն ունի ավելի քան 50 անդամ, հասցրել է արդեն որոշակի աշխատանքներ կատարել։

Եթե հիշում եք, երիտասարդ լրագրողները սեպտեմբերի 24-ին, Չարենցհ հուշարձանի հարթակի վրա, կազմակերպել էին Անկախության օրվան նվիրված բարեգործական համերգ, որի ժամանակ հանգանակված շուրջ 33 հազար դրամը փոխանցվեց վիրավոր եւ զոհված ազատամարտիկների ընտանիքներին։

Նույն, հենց այդ օրը «4» միությունը «Լրագիր» թերթի թղթակից Նիկոլ Փաշինյանին հանձնեց իր խորհրդանշական 5 հազար դրամ մրցանակը՝ Անկախության օրվա առթիվ գրված ամենալավ հոդվածի համար։

Այս ամենը, հարկավ շատ լավ է, սակայն ինձ անհանգստացնում է այն հարցը, թե ինչի՞ համար ստեղծել նոր միություն, եթե տասնամյակներ շարունակ գործում է ՀՀ ժուռնալիստների միությունը եւ արդյո՞ք ավելի արդյունավետ չէր լինի համատեղել ավագների ու երիտասարդների ուժերը, ստեղծագործական փորձը։ Հենց այդ հարցով էլ դիմեցի «4» միության փոխնախագահ Զառա Արամյանին։

– Նախ եւ առաջ,- ասում է փոխնախագահը,- մեր միության միջուկը, այդ թվում եւ ես, ՀՀ ժուռնալիստների միության անդամներ ենք։ Սակայն մենք ուզում ենք ստեղծել մի անկախ կազմակերպություն, որն ավելի լավ կհասկանա երիտասարդի հոգին եւ սատար կլինի նրան։

– Միության անվանման մեջ հիշատակվում է 4-րդ իշխանությունը, իսկ ձեր կարծիքով Հայաստանում կա՞ արդյոք, ազատ մամուլ։

– Անկեղծորեն ասած, ես կարծում եմ, որ ո՛չ։ Մամուլը մեզ մոտ շատ է կոմպլեքսավորված, գուցե տնտեսական եւ… գուցե այլ պատճառներով։ Եվ ես ուրախ եմ, որ հենց երիտասարդ ժուռնալիստներն են այսօր առավել համարձակ ու անկեղծ լուսաբանում փաստերն ու դեպքերը։ Ես գտնում եմ, որ ազատ՝ 4-րդ իշխանություն, այնուամենայնիվ, որպես այդպիսին ե՛ւ կա, ե՛ւ չկա…

– Հիշո՞ւմ եք, համերգի ժամանակ ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանը նշեց, որ ձեր միությունը կարող է դառնալ առողջ քաղաքական ուժ։ Ի՞նչ է դա նշանակում։

– Հավանաբար, նա նկատի ուներ մեր անվանումը՝ 4-րդ իշխանություն։ Սակայն, ճիշտն ասած, ես էլ կուզենայի, որ մեր կազմակերպությունը երբեւէ կարողանար ասել իր ծանրակշիռ խոսքը իրավական պետություն կերտելու գործում։ Գուցե վերջերս ստեղծված Երիտասարդական կազմակերպությունների կոնֆեդերացիան, որի 9-րդ անդամը «4» միությունն է, դառնա դրա հիմքը… Չգիտեմ…

– Եվ ի վերջո, ի՞նչ ծրագրեր ունեք։

– Պատրաստվում ենք թերթ հրատարակել…

– Իսկ ինչպե՞ս է կոչվելու այն։

– Դեռ չեմ ուզում ասել, որ «աչքով չտան»։

– Գուցե հենց «4՞»։

– Գուցե՜…

Արամ ՄԿՐՏՉՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031