Լրահոս
Օրվա լրահոսը

Պետիկյանն այլեւս չի՞ կրակելու

Հոկտեմբեր 28,1995 18:01

Որքան էլ չդժգոհեն մեր երդվյալ  պացիֆիստները, տղաների ամենասիրած խաղալիքը եղել եւ մնում է զենքը՝ ատրճանակը, հրացանը, ավտոմատը։ Ճիշտ է, այդ թուլությունը բնորոշ է բոլոր տարիքի տղամարդկանց՝ այն տարբերությամբ, որ նրանց «խաղալիքները» երբեմն սպանում են։

Հենց այդ հանգամանքն է, որ ճակատագրական դեր խաղաց Հայաստանում սիրված եւ բավականին զարգացած սպորտաձեւի՝ հրաձգության համար 90թ.. երբ սովետական հատուկ ծառայությունները զինաթափում էին Հայաստանի «գրոհայիններին», առանց զենքի մնացին նաեւ սպորտսմենները։ Ամբողջ հանրապետությունում առգրավված էր մոտ 2900 միավոր։ Այդ զենքը տարվել էր Մոսկվա եւ. դատելով ԽՍՀՄ պաշտպանության նախարարության հաղորդագրություններից, նույն ժամանակ էլ ոչնչացվել էր: Միայն 92թ.-ին, երբ հայ մարզիկ Հրաչյա Պետիկյանը դարձավ օլիմպիական չեմպիոն, Հայաստանի հավաքականը սկսեցին կամաց-կամաց վերականգնել։ Այն ժամանակ դեռեւս ավանդույթները ողջ էին, սպորտսմենները չէին տեղափոխվել մոտակա եւ հեռավոր արտասահմաններ, եւ ահա այդ պատճառով էր, որ 93-ի Եվրոպայի առաջնությանը հայ մարզիկներից վեցը մտան 20 լավագույն հրաձգորդների շարքերը։

Այսօր այդ սպորտաձեւը գործնականում զրոյի վրա է։ «Նույնիսկ՝ մինուսի վրա»՝ ճշտեցին Հրաձգության ֆեդերացիայում։ Ցավոք սրտի, տեխնիկական բազան չհաջողվեց վերականգնել՝ միայն գերմանական արտադրության փոքր տրամաչափի հրացանը, որն անհրաժեշտ է հավաքականի մարզումների համար, արժե 2000 մարկ։ Հավաքականին պետք է մոտ 10 այդպիսի հրացան, նույնքան էլ մեծ տրամաչափի։ Ահռելի խնդիր են դարձել փամփուշտները՝ 1000 հատն արժե 200 դոլար: Ի դեպ, դեռեւս 92թ.-ին գնվել են փամփուշտներ, որոնք առ այսօր էլ Մոսկվայում են, քանի որ ֆեդերացիան միջոցներ չունի այն տեղափոխելու Երեւան։ Սակայն, բացի այդ ամենից, սպորտաձեւը զարգացնելու համար անհրաժեշտ են այլ տեխնիկական  միջոցներ, որոնք շատ թանկ են՝ պնեւմատիկ զենքի համար սարքավորումներ, համակարգչային տրենաժորներ։

Եվ ահա երբ ես այցելեցի ֆեդերացիա, բառացիորեն իմ աչքի առաջ օլիմպիական չեմպիոն Հրաչյա Պետիկյանը ստիպված էր հայտարարել, որ թողնում է սպորտը, քանի որ գումար չգտնվեց Մոսկվայում մեկ շաբաթյա մարզումներ անցկացնելու եւ Շվեյցարիայում խոշոր միջազգային մրցումներին նախապատրաստվելու համար: Ընդ որում, բոլոր մնացած ծախսերը, կապված մրցույթների մասնակիցների ճանապարհածախսի եւ ապրելու հետ, իր վրա է վերցնում շվեյցարական «Շտայեր» ֆիրման, որը զբաղվում է զենքի արտադրությամբ։

Պարզ է, որ ծանր կացության մեջ է ողջ հայկական սպորտը։ Ոչ միայն հրաձգությունը, այլեւ մնացած մարզաձեւերը հետզհետե կորցնում են թե իրենց ավանդույթները, թե լավագույն մարզիկներին, քանի որ բյուջեից գրեթե չեն ֆինանսավորվում, իսկ հովանավորները գործի շահավետությունը չեն ըմբռնում։ Այնուամենայնիվ, հրաձգության հարցում նման վիճակն առավել անհանդուրժելի է, քանի որ այդ մարզաձեւը, ինչպես առաջներում էին ասում, ռազմահայրենասիրական դաստիարակության միջոց է: Հարկ չկա երկար բացատրելու, որ այդ դաստիարակությունը անկախ Հայաստանի համար նույնիսկ ավելի կարեւոր է, քան Խորհրդային Միության։

Ուրեմն, այդ հարցով պետք է զբաղվեն նախեւառաջ Պաշտպանության նախարարությունը, քանի որ մեր հրաձգորդները մարզվում են պաշտպանական մարզատեխնիկական ընկերությունում (նախկին ԴՕԱԱԱՖ-ում) եւ ՆԳ նախարարությունը, որի «Դինամո» ընկերությունը կարող է դառնալ լավ մարզական բազա:

Գ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031