Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղ արեւի տակ

Նոյեմբեր 28,1995 14:49

Կամ ինչպես գրավել «արվեստի» տարածքները

Տարածք գրավելու պայքարը, որ սկսվեց մայրաքաղաքի շենքերի նկուղային հարկերի գրավումով, արդեն տեղափոխվել է պետական հիմնարկներն ու հաստատությունները։ Ձեռնարկչական ու կոմերցիոն նոր կառուցվածքներին այս արեւի տակ նույնպես տեղ է հարկավոր։ Եվ այդ պայքարը, որ արդեն ստացել է անօրինական ու ահաբեկչական երանգներ եւ մղվում է յուրաքանչյուր հողակտորի, ամեն մի քառակուսի մետրի համար, առաջիկայում ավելի թեժ բնույթ կկրի…

«Արվեստ» ամսագրին ներկայացնելու հարկ չկա։ 60 տարուց ավելի է, որ այս պարբերականը լուսաբանել է եւ լուսաբանում է հայ մշակույթի գրեթե բոլոր ոլորտները, իսկ նրա խմբագրատունը եղել է մեր արվեստի բազմաթիվ երախտավորների հավաքատեղին։ Հենց ամսագրի ծառայությունները նկատի առնելով էր, որ հանրապետության կառավարությունն իր 13.04.1982թ. թիվ 180 կարգադրությամբ Մաշտոցի պողոտայի 48 շենքի առաջին հարկի ազատված ոչ բնակելի տարածքը հատկացրեց երկրորդ հարկում 1934թ. գտնվող խմբագրությանը։ ՀՀ մշակույթի նախարարության թույլտվությամբ 1991թ. խմբագրության առաջին հարկում բացվեց ցուցասրահ, որտեղ վերջին չորս տարվա ընթացքում կազմակերպվել է հայ նկարիչների ստեղծագործությունների 21 ցուցահանդես, որոնք վկայում են ամսագրի աշխատանքների նորովի կազմակերպման մասին։ Հարկ է նաեւ նշել, որ «Արվեստ» ամսագիրը պատվով դուրս եկավ վերջին տարիներին ստեղծված ծանր կացությունից եւ նրա լույսընծայումը չդադարեց ոչ մի ամիս։ Դառը փորձություն, որը չկարողացան շրջանցել բազմաթիվ թերթեր ու հանդեսներ։ Եւ երբ թվում էր, թե դժվարությունները մնացել են հետեւում, անսպասելիորեն Երեւանի քաղխորհրդի գործկոմի 30.03.1995թ. թիվ 11/14 որոշմամբ ամսագրից վերցվեց նրա օրինական զբաղեցրած 128,8 քմ մակերեսով առաջին հարկի տարածքը եւ հատկացվեց նորաստեղծ «Թատրոն» հիմնադրամին՝ առանց հաշվի առնելու ե՛ւ խմբագրության, ե՛ւ ՀՀ մշակույթի նախարարության կարծիքը։

Ամսագրի խմբագրությունը երքաղխորհրդի գործկոմի որոշման դեմ հայց ներկայացրեց Պետարբիտրաժ, որը 14 հուլիս 1995թ. 0/199 վճռով

անվավեր ճանաչեց գործկոմի որոշումը։ Թվում էր, թե թնջուկը հարթվեց, բայց ոչ, այս անգամ էլ գործկոմը բողոքարկեց Պետարբիտրաժի այդ վճիռը, եւ հանրապետության պետական գլխավոր արբիտր Հ.Սարգսյանը 3 նոյեմբեր 1995թ. նիստում բեկանեց արբիտրաժի առաջին ատյանի վճիռը եւ ուժի մեջ թողեց գործկոմի որոշումը։ Այդ փաստը շատ է վրդովել հանրապետության մի խումբ արվեստագետներին, մշակույթի եւ գիտության գործիչներին, որոնք նամակ են հղել վարչապետ Հրանտ Բագրատյանին։ «Ինչ խոսք, «Թատրոն» հիմնադրամը տեղ ունենալու եւ գոյատեւելու իրավունք ունի,- ասված է նամակում,- սակայն ոչ ուրիշի, միակ հայալեզու «Արվեստ» ամսագրի տարածքները գրավելու հաշվին»։ Նամակը ստորագրել են ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրեն Լ. Հախվերդյանը, ՀՀ խաղաղության ֆոնդի նախագահ Էդ. Միրզոյանը, ՀՀ ԳԱԱ փոխնախագահ Գ. Սարգսյանը, պրոֆեսոր Հ.Չեքիջյանը, լրագրողների եւ կինեմատոգրաֆիստների միությունների նախագահներ Ա. Գեւորգյանն ու Ս. Իսրայելյանը, ճարտարապետության դոկտոր պրոֆեսոր Վ.Հարությունյանը եւ ուրիշներ։

Մեզ հասած տեղեկություններով, խմբագրության տարածքը նվաճվել է Մյասնիկյանի շրջխորհրդի գործկոմի նախագահ Վահան Հակոբյանի նախաձեռնությամբ, որը դեռեւս 1994թ. ամսագրի գլխավոր խմբագրի հետ ունեցած զրույցում կոմերցիոն գործունեության համար պահանջել էր այդ տարածքը եւ մերժում ստանալուց հետո ընտրել է այլ մարտավարություն, գործողության այլ տարբերակ (ի դեպ, Վ.Հակոբյանը «Թատրոն» հիմնադրամի վեց հիմնադիր անդամներից է):

Այժմ, երբ հանրապետության նախագահի որոշումով մշակույթի նախարարությանը միացվել են նաեւ սպորտի եւ երիտասարդության, պատմական եւ ճարտարապետական հուշարձանների պահպանման եւ շահագործման վարչությունները, կրոնի հարցերով զբաղվող խորհուրդը, «Արվեստ» ամսագրի առջեւ ծառացել են նոր խնդիրներ, եւ նրան զրկել իր տարածքից, նույնն է՝ ինչ-որ տեղ անտեսել ու արհամարհել նոր բովանդակություն եւ որակ ստացած նախարարության շահերը, որից այնքան պահանջներ ու ակնկալիքներ ունենք մենք բոլորս։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930