Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբերի 1-ից կյանքը կթանկանա

Նոյեմբեր 29,1995 11:16

Դեկտեմբերի 1-ին սպասվող ակցիզային նոր հարկի կիրառմանը շուկան նախօրոք պատասխանեց գների աճով։ Բնականաբար, դա առաջին հերթին անդրադարձավ բենզինի գնի վրա, որը անցած շաբաթվա վերջին, բարձրացավ մինչեւ 3000-3200 դրամ 20 լիտրի համար՝ նախկին 2500-ի դիմաց։ ԱԺ-ի որոշումից անմիջապես հետո բենզինի գինը նույնպես բարձրացավ եւ տատանվում էր 3600-3800-ի սահմանում։ Սակայն, այն ժամանակ գինը շատ շուտ իջավ նախկին մակարդակին։ Այսօր նույնը դժվար թե տեղի ունենա, քանի որ 2300-2400 դրամին, որով բենզինը բերվում է Հայաստան, ավելացվում է նաեւ 25% ակցիզային հարկը, այսինքն` 600 դրամ, որի հետեւանքով էլ գինը դառնում է 3000 դրամ։ Բնական է նաեւ, որ ակնթարթորեն բարձրացավ տրանսպորտային երթեւեկության գինը։ Արդեն երեկ երթուղային տաքսիի վարձը 50-ից բարձրացավ մինչեւ 100: Բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ դեկտեմբերի սկզբին կթանկանան տրանսպորտի բոլոր մնացած տեսակները:

Ինչ մնում է մնացած «ակցիզված» ապրանքներին, ապա նրանց գինը նույնպես սկսում է բարձրանալ՝ «ձեռքի վրա» մեկ գրամ ոսկե ձուլվածքի համար, 8-ի փոխարեն տալիս են 8,2 դոլար։ Ակտիվորեն վաճառվում է ծխախոտը, որը դեռեւս մնում է նույն գնի սահմանում, սակայն դեկտեմբերի 1-ից անպայման կթանկանա։ Ընդհանուր առմամբ, սպառողական շուկայում սպասվում են նոր, եւ բավականին ուժեղ ցնցումներ, որոնք, հաշվի առնելով սեզոնային գործոնը, աննկատ չեն անցնի։ Առավել եւս, որ աշխատավարձի բարձրացում, ըստ պաշտոնական աղբյուրների, տեղի կունենա միայն հունվարին։ Այսպես թե այնպես, շատերն այն կարծիքի են գալիս, որ ակցիզային հարկը զուտ քաղաքական խաղերի արձագանք էր։ Իսկ դրանք (այդ խաղերը) հակացուցված են տնտեսության համար։ Ինչը եւ կասկածի տակ է դնում այդ հարկի միջոցով բյուջեի եկամուտների համալրման հեռանկարը։

Գ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930