Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդագույն թվեր

Նոյեմբեր 30,1995 11:13

Դատելով հերթական վիճակագրական հաշվետվությունից, որը ներկայացնում է ԱՊՀ երկրների սոցիալ-տնտեսական ցուցանիշները հունվար-հոկտեմբեր ամիսներին՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած,

Հայաստանը, գրեթե առանց վարանելու, իսկապես կարելի է կոչել «երկիր դրախտավայր»։ Նախ՝ նախկին եղբայրական հանրապետությունների հետ համեմատած, մենք ունենք ամենաբարձր ներքին համախառն արտադրանք՝ 105,3% եւ ամենաբարձր արդյունաբերական արտադրանքի ծավալ՝ 101,6%: Այս ցուցանիշներով մեզնից շատ-շատ հեռու են մնացել Ռուսաստանը, Ուկրաինան եւ Բելառուսը: (Ափսոս, ԱՄՆ-ի եւ Ճապոնիայի հետ համեմատությունները ներկայացված չեն։ Գուցե նրանց է՞լ ենք շրջանցել):

Բայց դա դեռ բոլորը չէ՝ կյանքը դարձել է ուրախ, ապրուստը՝ գրեթե ձրի, քանի որ թվերը վկայում են. բնակչության իրական եկամուտները, պարտադիր վճարումների եւ սպառողական գների փոփոխությունը հաշվի առած՝ Հայաստանում «բարձրացել են 115,1,9%, մինչդեռ Ռուսաստանում եւ Ուկրաինայում դրանք իջել են 87%: Ընդ որում՝ վիճակագրական հաշվետվությունը պնդում է, որ սպառողական գները հաշվետու ժամանակաշրջանում բարձրացել են 3,3 անգամ, այսպիսով, բնակչության միջին եկամուտները զգալիորեն գերազանցում են գների աճը։ Իրական եկամուտները, ճիշտ է, փոքր-ինչ հետ են մնում սղաճից եւ բարձրացել են 2,5 անգամ, բայց դա էլ վատ չէ։ Մի խոսքով, ապրեք եւ ուրախացեք, սիրելի համաքաղաքացիներ, ԱՊՀ-ում մենք անվերապահորեն առաջիններից մեկն ենք։

Եթե մեր դրախտային վիճակի մասին դեռեւս ինչ-որ կասկածներ են մնացել, ապա եւս մեկ թիվ բերենք. ապրանքների եւ ծառայությունների վճարման համար բնակչության ծախսերը աճել են 4,2 անգամ, զիջելով միայն Ադրբեջանին եւ Բելառուսին։ Իհարկե, հետաքրքիր կլիներ իմանալ, թե ինչպես են որոշվում բնակչության իրական եկամուտները, եթե։ Դրանք հայտնի չեն նույնիսկ հարկային տեսչությանը եւ, ի վերջո, կառավարությանը, որը փորձում է պետական գանձարանը համալրել նոր հարկերով։ Սակայն վերանալով այդ նուրբ հանգամանքից, կարելի է պնդել, որ մենք ունենք միանգամայն վճարունակ բնակչություն, որն ի վիճակի է մուծել սննդի եւ հագուստի համար, եւ դրան գումարած, նաեւ օրեցօր թանկացող կոմունալ ծառայությունների։

Մակրոտնտեսական տեսությունների եւ ցուցանիշների խանդավառ կողմնակիցները, իհարկե, միանգամայն իրավացի են: Գտնվելով իրենց մակրոտնտեսական բարձունքների վրա, նրանք ամենեւին պարտավոր չեն դիտարկել սովորական թվաբանական հաշվարկները, օրինակ, 94թ. դեկտեմբերի 375 դրամ կամ 95թ. նոյեմբերի 540 դրամ նվազագույն աշխատավարձը ամենեւին էլ չի ապահովում նվազագույն կենսամակարդակը։

Էլ չենք խոսում ծառայությունների մասին, ասենք՝ ջրի համար 4-հոգանոց ընտանիքը ամեն ամիս ստիպված կլինի մուծել 706 դրամ, իսկ ավելի թանկ հաճույքները (օրինակ՝ էլեկտրաէներգիան) հիշատակելն անգամ անհարմար է: Այդպիսին է իրավիճակը բնակչության մեծամասնության, այդ թվում՝ կառավարության անդամների համար, որոնք, ինչպես հայտնի է, ստանում են 8-9 նվազագույն աշխատավարձ: Վերջիններս, սակայն, մակրոտնտեսական մտածողություն ունեն, որը նրանց թույլ է տալիս առանձնապես չմտահոգվել կենցաղային խնդիրներով:

Ինչ մնում է հասարակ մահկանացուներին, ապա նրանց խորհուրդ ենք տալիս սնվել համաշխարհային փորձի վկայակոչումներով եւ ուրախանալ վիճակագրական հաշվետվություններով, որոնք հաստատում են այդ փորձի կիրառման արդյունավետությունը հայրենի հողում: Ի դեպ, արեւմտյան մասնագետներից ոմանք պնդում են, որ նախկին ԽՍՀՄ տնտեսական տարածքի համար Մարշալի ծրագիրը կիրառելի չէ, ի տարբերություն ետպատերազմյան եվրոպական երկրների. մենք բազմաթիվ յուրահատկություններ ունենք: Նշենք, որ, ասենք, Լեհաստանում մակրոտնտեսական ծրագրի ջատագովները պարտություն կրեցին՝ Միջազգային արժութային հիմնադրամի դեղատոմսերը նրանց արջի ծառայություն մատուցեցին: Չէ որ դե էլ է փորձ, որն ունեցավ հեռու գնացող քաղաքական հետեւանքներ: Հիշենք, թե ովքեր են հիմա Լեհաստանում իշխանության եկել:

 

Գ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930