Լրահոս
Օրվա լրահոսը

Լրագրողական տարի. Ովքեր են լավագույնները

Նոյեմբեր 30,1995 12:19

Ընթացիկ տարին լրատվական աշխարհի համար ինչ-որ առումով բացառիկ էր։ Հայաստանում ազատ մամուլի ի հայտ գալուց ի վեր, առաջին անգամն է, որ միանգամից մի խումբ լրագրողներ մրցանակների են արժանանում. «Գոլոս Արմենիի» թերթի մեկնաբան Նարեկ Մեսրոպյանն ու հրապարակախոս Արմեն Հովհաննիսյանը Հայաստանի ժուռնալիստների միության սահմանած «Ոսկե գրիչ» մրցանակին, իսկ «Ազգ» օրաթերթի լավագույն լրագրող Հակոբ Ասատրյանն ու հեռուստալրագրող, «Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն էլ՝ Բալյան ամուսինների սահմանած պարգեւին։ Միանգամից ասեմ, որ, անկախ նրանից, թե այդ պարգեւատրումներին քաղաքական հիմքեր ունեցող ինչ հայտարարություններ կամ իրադարձություններ հետեւեցին, կամ էլ ինչ (թեեւ թափանցիկ) նկատառումներով բաշխվեցին մրցանակները, բոլոր չորս լրագրողներն էլ արժանի են իրենց բաժին հասած դափնիներին։ Սրա մասին ժամանակին գրվեց, լրագրողական շրջանակներում քննարկումներ եղան, բայց, ցավոք, այդպես էլ չարժեվորվեց երեւույթը եւ համարյա թե խոսք չեղավ ոչ մրցանակակիրների որոշման չափանիշների մասին (սա, անշուշտ, ինչպես վերեւում ասվեց, բոլոր պարգեւատրվածների արժանավորության պատճառով), եւ ոչ էլ այն բանի մասին, որ չնայած լրագրողներիս նկատմամբ արտաքուստ դրսեւորվող արհամարհանքին, այնուամենայնիվ, մեզ կարդում են եւ մեր ասածի հետ այս կամ այն չափով հաշվի նստում։

Մինչդեռ, սրանք, կարծում եմ, կարեւոր պարագաներ են, որոնք հիմքեր կստեղծեն նույնիսկ հակոտնյա տրամադրություններ արտահայտող, բայց իրենց համոզմունքների մեջ ազնիվ լրագրողներին գնահատության արժանացնելու համար։ Կարելի է համաձայն չլինել դիմացինի կարծիքի այս կամ այն հատվածի, նույնիսկ ամբողջական հոդվածների հետ, բայց, բոլոր դեպքերում հարկավոր է կարողանալ գնահատել նրա՝ ասելիքը տեղ հասցնելու վարպետությունը։ Էլ ավելի լավ, երբ լավագույնս ներդաշնակվում են բովանդակությունն ու կատարումը։

«Երկիր» օրաթերթում ժամանակին փորձ արվեց այս հիմքերի վրա եռամսյակը մեկ լավագույն հրապարակումների համար, այդ թվում նաեւ դրսի հեղինակների, պարգեւատրման ավանդույթ մշակել։ Ցավոք, թերթի փակվելու պատճառով, գործընթացը կարճ տեւեց եւ այդպես էլ չհաջողվեց այդ ողջունելի ձեռնարկումը վերածել ավանդույթի ուժ ձեռք բերած երեւույթի։

Շուտով կավարտվի 1995-ը։ Տարին, իրոք որ, հետաքրքիր էր՝ կաթողիկոսական ընտրություններ, խորհրդարանական ընտրություններ, բազմամսյա հրադադար եւ այլն։ Բայց, այս շարքում, հավանաբար, ամենահետաքրքիրը այսպես կոչված «Դրոյի» գործով դատավարությունն էր, որի նկատմամբ գործընթացի սկսման պահից իսկ հասարակական հսկայական հետաքրքրություն է առկա։ Խնդրո առարկայի շուրջ բազմիցս խոսվել է նաեւ հանրահավաքներում եւ բացի այդ, հարցը այս կամ այն հարթության վրա մեկ անգամ չէ, որ արծարծվել է մամուլում։ Տվյալ դեպքում մեր խնդիրը այդ հրապարակումներին գնահատական տալը չէ՝ յուրաքանչյուրն իր խղճի մտոք է գործել։ Կարծում եմ, որ այս շրջանակում ամենագնահատելին եղել է անաչառ մոտեցումը եւ այս հողի վրա առաջացած հարցերի ու հարցադրումների արծարծումը։ Այս առումով, այսպես կոչված «Դրոյի» գործով դատավարությունը ընդգծված խնամքով լուսաբանողները, որքան էլ ոմանց համար կատեգորիկ հնչի, իմ կարծիքով, «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Աննա Իսրայելյանն ու «Գոլոս Արմենիի» թերթի մեկնաբան Վիգեն Սարգսյսւնն են։ Լսելով Ա. Իսրայելյանի ռեպորտաժները, այն տպավորությունն ես ունենում, թե ինքդ ես նստած դատական նիստերի դահլիճում, որովհետեւ հեռասփռվող ձայնագրություններում ե՛ւ կատարվող առանցքային իրադարձություններն են արձանագրվում, ե՛ւ առաջին հայացքից աննշան թվացող «մանրուքներն» են նկարագրվում, եւ ժուռնալիստական հետեւողականությամբ կողքից ձեռք բերված տեղեկատվությունն է օգտագործվում։ Այս ամենի հանրագումարում ամբողջանում է դատական գործընթացին անձամբ ներկա գտնվելով հետեւելու զգացողությունդ։ Ափսոսալ կարելի է միայն, որ «Ազատություն» ռադիոկայանի ճաշակով պատրաստված հաղորդումները չեն հեռարձակվում հայկական եթերով, ինչի պատճառով էլ դրանք մեզանում քչերին են մատչելի։

Հայաստանյան մամուլում, որն անհամեմատ ավելի շատերին է հասանելի, կարծում եմ, որ լուսաբանման վարպետությամբ առանձնանում են «Գոլոս Արմենիի» թերթի մեկնաբան Վիգեն Սարգսյանի հրապարակումները, որոնք շատ ավելի ամբողջական տեղեկատվություն են փոխանցում ընթերցողին, քան որոշ հայալեզու թերթեր։

Ուստի վստահաբար կարող եմ ասել. եթե պետք է չափանիշ ընտրվի օբյեկտիվը, այսինքն՝ ժուռնալիստական դաշտում ամենահետեւողականորեն լուսաբանված՝ այսպես կոչված «Դրոյի» դատավարության թեման, որն իր շարունակական արտացոլման հանգամանքով դասագրքային արժեք կարող է դառնալ, ապա 1995 թվականի լավագույն լրագրողներ կարող են ճանաչվել Աննա Իսրայելյանն ու Վիգեն Սարգսյանը։

Հարկ եմ համարում նշել, որ այսքանով հանդերձ, խոսքս թերի է, քանի որ նրանց անունների կողքին, իբրեւ տարվա լավագույն հրապարակախոսի, պետք է դրվի «Գոլոս Արմենիի» թերթի աշխատակից Գագիկ Մկրտչյանի անունը։ Իսկ լրագրական այս ոլորտը որեւիցե պահ չի կարելի անտեսել։ Գ. Մկրտչյանը այն եզակի հեղինակներից է, որ հավասարապես տիրապետում է ե՛ւ հայերեն, ե՛ւ ռուսերեն լեզուների նրբություններին։ Ընթերցողի համար նա սիրելի եւ որոնվող հեղինակ էր դեռեւս «Երկիր» օրաթերթի էջերում, ուր հանդես էր գալիս համարձակ

հրապարակումներով: Դեռեւս այսօր էլ ժուռնալիստական շրջանակներում լսելի են նրա «Մաֆիան առանց դիմակի» շարքի արձագանքները։ Ուստի պատահական չէ, որ 1995-ին առայժմ նա է միակ լրագրողը, որը ֆիզիկական ճնշման ձեւով հաշվեհարդարի է ենթարկվել սեփական քաղաքացիական կեցվածքի համար։ Գ. Մկրտչյանի հրապարակումները, անկախ թեմայից, շաղախված են նուրբ հումորով, գեղարվեստական տարրերով, որոնք ավելի գրավիչ են դարձնում վերջինիս նյութերը։ Չթվարկեմ նրա հոդվածները, բայցեւայնպես համարձակվում եմ ասել, որ հրապարակախոսական դաշտում այս տարի Գագիկ Մկրտչյանի հրապարակումները ՚լավագույններն էին։ Ուստի, կարծում եմ, որ անկախ նրանից ինչ կազմակերպություններ նախաձեռնություն կցուցաբերեն տարվա լավագույն լրագրողներին որոշելու հարցում, Գագիկ Մկրտչյանի անունը անպայմանորեն պետք է նկատի ունենան Աննա Իսրայելյանի եւ Վիգեն Սարգսյանի անունների կողքին։ Կարծում եմ, որ սկզբունքային դիրքերից գնահատելիս որեւէ էական դեր չի խաղա առաջին երկուսի ՀՀ ժուռնալիստների միության անդամ չլինելու հանգամանքը:

Վստահ եմ, որ այս հրապարակումը բազմազան խոսքուզրույցի տեղիք է տալու։ Իրենցից զարմացած որոշ լրագրողներ, որոնք կարծում են, թե մարդիկ աջուձախ, միայն իրենց են կարդում ու ցիտում, անվերապահորեն պետք է չարախոսեն, որովհետեւ իրենց անունները չեմ տվել։ Անշուշտ, կան էլի ուրիշ արժանավորներ, եւ դրանց շարքում ես առաջին հերթին տեսնում եմ «Երկիր» օրաթերթի, «Ազատություն» ռադիոկայանի իմ գործընկերներին եւ եւս մի քանի անկախ լրագրողների։ Սակայն հոդվածս գուցե թե այսքան ծավալուն ստացվեց հենց նրա համար, որպեսզի կարողանամ բացատրել, թե որոնք են այս տարի, իմ կարծիքով, գնահատման օբյեկտի չափանիշները։ Եթե ոմանց համար դրանք ուրիշ են, թող իրենք էլ իրենց խոսքն ասեն՝ գուցե նաեւ իրենց մասին…:

Սա այն ոլորտն է, որտեղ անվերապահորեն ոչ ոք չպետք է ընդդիմանա բազմակարծությանը։

Արմեն ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930