Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Ազատ անկումը վերջացավ

Դեկտեմբեր 30,1995 10:28
jenya

Վայրէջքի տեղը հայտնի է

Կա մի հին, մորուքավոր անեկդոտ. վրացին պահում է իր զոքանչին պատշգամբից դուրս, օդի մեջ եւ ասում՝ գիտե՞ս ինչ է արել Շալիկոն իր զոքանչին։ Նրան սպանել է։ Իսկ գիտե՞ս թե ինչ է արել Վալիկոն՝ խեղդել է։ Իսկ ես քեզ բաց եմ թողնում, դու ազատ ես։ Եվ բաց է թողնում մատները։ Թռի՛ր…

Ի դեպ ասած, պատմությունն այնքան էլ ծիծաղելի չէ, քանի որ զոքանչը կարող էր ողջ մնալ՝ ընկնելով, ասենք, հարեւանի արբանյակային անտենայի վրա, կամ էլ բակի ընդհանուր աղբակույտի վրա։ Եվ ման է գալիս զոքանչը ազատ, անկախ, չի փչացնում ոչ սեփական, ոչ էլ իր մեծահոգի փեսայի կյանքը։ Եթե չեք հավատում, որ դա հնարավոր է՝ նայեք հայելու մեջ։ Արդեն քանի տարի է, մենք մեր համաքաղաքացիների հետ միասին «ազատ թռիչքի» կարգավիճակում ենք։ Եվ ոչ մի սարսափելի բան չի պատահել՝ փառք Աստծո, բոլորս ողջ եւ առողջ ենք, նույնիսկ չաղանում ենք՝ ազատականացված հացն ուտելով։ Եթե ոչ մենք, ապա որեւէ մեկը մեր կողքին՝ հաստատապես։

Ճիշտ է, շատերն արդեն չեն երեւում՝ շատ հեռու տեղեր են թռել, որտեղից վերադառնալը չափազանց դժվար է։ Սակայն ընդհանուր առմամբ, նրանց համար, ովքեր մնացել են, բարեհաջող վայրէջքը, այնուամենայնիվ, տեղի ունեցավ։

Չնայած այստեղ էլ հստակություն չկա՝ նայած ում բախտը ինչպես է բերել։ Մեկը բարեհաջող իջել է սեփականաշնորհման, առեւտրականացման եւ մեծ քաղաքականության դաշտի վրա, մյուսը՝ ազատ բիզնեսի եւ մասնավոր ձեռներեցության բարձունքներին, ի դեմս տարբեր տիպի ՍՊԸ-ների եւ տոտալիտարիզմից ազատ մնացյալ ոլորտների, անմիջապես հայտնվել է վանդակապատ սենյակներում։ Բավ է, եղբայրներ, հերիք է թռչկոտեք։

Հիմա մենք ունենք նոր Սահմանադրություն, նոր Ազգային ժողով եւ համարյա նոր ատոմակայան։ Եվ ինչ էլ ասեն չարակամները, հանրապետության նախագահը, որը 95 թվականի նախօրյակին խոստացավ կյանքի որոշ բարելավում, իր խոստումը կատարեց։ Ի հեճուկս ընտրությունների եւ հանրաքվեի եւ դրանց կապակցությամբ չափից դուրս ակտիվացած ընդդիմադիրների՝ դեմոկրատների, ոչ այնքան դեմոկրատների եւ կատարյալ ոչ դեմոկրատների։

Իսկ մեզ համար սկզբում այդ ամենը շատ էլ հետաքրքիր էր, իսկ այսօր ամեն ինչ համարյա թե լավ է։ Եվ հետագայում, ասում են, ավելի լավ կլինի,

որից հետո բացարձակապես լավ՝ այնպես, ինչպես կապիտալիստական դրախտում։ Դա, իհարկե, տեղի կունենա հետագայում, այն ժամանակ, երբ մենք բոլորս՝ մեծ ու փոքրով, տնով-ցեղով դառնանք մասնավոր սեփականատեր, այնուհետեւ մասնակիորեն կսնանկանանք եւ կկործանվենք, իսկ մնացյալը՝ կկառուցեն վերը հիշատակված դրախտը։ Եթե, իհարկե, չգան կարմրադարչնագույն «փեսաները», որոնց մենք՝ ազատության եւ քաղաքակրթության պտուղները ճաշակածներս, այնուամենայնիվ, չենք ուզում տեսնել։

Իհարկե, հարեւանների արբանյակային անտենաները բոլորին չհերիքեցին, եւ ոմանք հարկադրված էին նոր կյանքը սկսել աղբակույտերից։ Բայց կարեւորն այն է, որ մենք նորից հողի վրա ենք, անկախ նրանից, թե ինչպիսի հոտ է այդ հողից գալիս։ Գուցե եւ շատ էլ լավ է, որ մենք գիտակցում ենք, թե ինչի մեջ ենք կանգնած։ Ըստ երեւույթին, հենց այդ գիտակցությունն էր առաջներում պակասում, երբ մենք ազատ թռիչքի կարգավիճակում էինք։ Հուսով եմ, մենք նույնքան ազատ ենք շարժվելու 96 թվականին, սակայն իմանալու ենք մեր շարժման ուղղություններն ու կողմնորոշումները։ Ինչի առթիվ թույլ տվեք մեզ բոլորիս շնորհավորել։

 

Գ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031