Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքական ըմպելիք ամանորյա սեղանին

Դեկտեմբեր 30,1995 13:42

Որ խմիչքը անմիջական կապ ունի քաղաքականության հետ, անծայրածիր Ռուսաստանում եւ ծայրածիր Հայաստանում սովետական մարդիկ առաջին անգամ իմացան Նիկիտա Խրուշչովի օրոք։ Հետո խնդրո առարկայով զբաղվեց նաեւ Միխայիլ Գորբաչովը՝ մի այնպիսի հրովարտակ հրապարակելով, որը շատ էր հիշեցնում Ռոբինզոն Կրուզոյի ամենածանրակշիռ պատգամը Ուրբաթին՝ «չուտել մարդու միս…»։ Իհարկե, ոչ ոք առյուծի կաթը այծի կաթով չփոխարինեց, իսկ հետո նույնիսկ տեսականու ընդլայնման գործընթաց նկատվեց՝ էլ՝ Բոյիդ մեռնեմ, էլ՝ Գերդաստանիդ մեռնեմ, էլ՝ եւ այլն։ Իսկ փոքրիկ անդրոպովյան շշերը «Բոյդ թաղեմ» անեծքին արժանանալով, մեկընդմիշտ հողի, ներողություն, պատմության գիրկն անցան։

Բայց տարիներ անցան ու մյուսներն էլ անցան, հիմա ով է տեղական խմիչքի երեսին նայողը։ Մտիր Երեւանի ցանկացած տոնավաճառ եւ անմիջապես կմոռանաս շուկայական հարաբերությունների մասին, որովհետեւ կտեսնես, որ մայրաքաղաքը արդեն ոգելից խմիչքի քաղաքական-պատմական, մի քիչ էլ երաժշտական թանգարան է բաց երկնքի տակ։ Քյավառցիները թող գլուխ չգովեն՝ նրանք ոչ մի ներկայացուցիչ չունեն, իսկ ա՛յ, ռուսները էլ Ցար Պյոտր, էլ՝ Եկատերինա, էլ՝ Ռասպուտին։ Հայերս, որ շատ տեղ տանք մեր ազգային սնապարծությանը, մարդ մեջ գցելով, ծանոթ ճարելով-բանով Տիկոն, էն էլ եվրոպական կոլեկտիվ արտադրության, մի կերպ կարող ենք Տիգրան Մեծ դարձնել՝ ազգային արժեքի նկատմամբ ոտնձգություն կատարած լինելու մեղադրանքն էլ աչքներիս առաջ։ Կասեք, մեր արածը բանի նման չէ, ճիշտ է, բանի նման չէ, որովհետեւ էս առաջին բանն է, որին հետո ուրիշ բաներ պիտի նմանվեն, կամ չնմանվեն։ Թե չէ բանի նմա՞ն էր էնէնէն պաշտոնաթող ոստիկանի արածը, որ Հայաստանից Մոսկվա ընտիր կոնյակ էր տարել, չմոռանամ ասել՝ բյուրեղապակյա 3-լիտրանոց շշով, ու անունն էլ դրել Յակուբովիչ։ Էդ մեկն ինչի՞ էր նման։ Ով ուզում է պատասխանի՝ կանխեմ՝ հարցը հռետորական է։

Դե, չէ, չէ, ես հո չեմ մեղադրում, բա, իհարկե, ժողովուրդների անանց բարեկամության հարցը կա, բոլոր ինտերնացիոնալ սեղանների առաջին կենաց-բաժակաճառը։ Բայց դե, մեր մեջ ասած, ռուսներն էլ էս հարցում մի քիչ փնթի են, օրինակ, ասեցինք, Ռոմանով ունեն չէ՝ Պյոտրը, Եկատերինան, բանը, Չայկովսկի էլ ունեն, նույնիսկ Ստալին էլ ունեն, բայց ա՛յ, Խրուշչով չունեն։ Բա էդ անունով մի Քարահունջի օղի չլիներ, որ խմեինք էդ ուտող-խմող մուժիկի կենացը։ Չէ, չէ, ռուսների ունեցած-չունեցած սխալը միայն դա է։ Իսկ հայերինը՝ Աստված տվել չի խնայել։ Շշերին նայում ես՝ խմելը մոռանում։ Ամեն մեկն իր անունն է դրել՝ Նիկողոսով, Ասլանով, Մելիքով, Աղասի Քնալյան… այ դա հեչ անելու բան չէ։ Իսկ այ լեհերը ավելի քոքվածն են։ Համա թե անմեղ ձեւանալ գիտեն։ Ֆրանսիացիները իրենց Նապոլեոնով դրանց մոտ ղալաթ են արել։ Էդ լեհերի մտքինն էն է, որ ոչ ոգելիցը ոգելից դարձնեն: Թե չէ ինչու Կվասնեւսկուն ընտրեցին նախագահ։ Էգուց մյուս օրը մի ըմպելիք կարտադրեն, անունն էլ կդնեն՝ Նեւայի Կվասը՝ էն էլ, երեւի, թունդ դոզայի: Տղամարդ եմ ասել՝ տակից դուրս արի։ Իսկի Վալենսայի պես ժուլիկը դրա հախից չեկավ։ Բայց դե էս ամեն ինչը հեչ, էսօրվա օրով ինչ ենք սրա-նրա դարդն անում։ Բաժակները լցրեք՝ Ռասպուտին ու Եկատերինա, Ելցին ու Գորբաչով, ինչ կա չկա խփեք իրար։ Հայերիս Նոր տարին շնորհավոր…

 

Արմեն ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031