Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՀԱՆՋԱՏԻՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԿՍԵՆՔ ՄԵՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ

Ապրիլ 30,1998 00:00

Այժմ հաճախ է խոսվում Հայ Դատի գաղափարախոսությունը պետական քաղաքականության առանցք դարձնելու մասին՝ շեշտելով նախորդ ռեժիմի կոսմոպոլիտական-ապազգային բնույթը, եւ նորի հայրենասիրական պարտականությունը: Հայ Դատը դիտվում է բացառապես արտաքին քաղաքականության գործոն, սակայն, եթե չի կատարվում նրա հրամայականը ներքին քաղաքականության բնագավառում, մենք զրկվում ենք այլ պետություններին քաղաքական պահանջներ ներկայացնելու բարոյական իրավունքից:

1991-95 թթ., ըստ ՄԱԿ-ի Մարդկային զարգացման զեկույցի Հայաստանից արտագաղթել է շուրջ 700 հազար մարդ: Արտագաղթի հիմնական պատճառների թվում են սոցիալ-տնտեսական ծանր վիճակից եւ զինակոչից փախուստը: Կարելի է բազմաթիվ, տարբեր որակի պատճառաբանություններ բերել արդարացնելու՝ պետության անտարբերությունն այս արտագաղթի նկատմամբ: Հիմնականում բոլորն էլ հանգում են միակին՝ նոր, անկախ պետություն էինք կառուցում, քաղաքացիներով զբաղվելու ոչ ժամանակ կար, ոչ միջոցներ, այսինքն՝ մենք մեր քաղաքացիների հետ իրավունք ունենք վարվել այնպես, ինչպես հարմար է: Անկախ երկիր ենք, ինչ կուզենք՝ կանենք: Այս 700 հազարը կազմում է Եղեռնի զոհերի շուրջ կեսը: Իհարկե, միջազգային չափանիշներով սա ցեղասպանություն չէ, քանի որ չի իրագործվել, ելնելով մարդկանց խմբերը տարբերակող ազգային, կրոնական եւ այլ չափանիշներից: Հայաստանը մոնոէթնիկ երկիր է, այստեղից կարող են գնալ միայն հայերը. այլ ազգեր պարզապես չկան: Սա ցեղասպանություն չէ նաեւ այն առումով, որ ոչ ոք ոչ ոքի չէր ստիպում գաղթել, պարզապես գործ չկար, հաց չկար, լույս չկար, ռազմաճակատում սպանվելու վտանգ կար, մարդիկ մեկնեցին այնտեղ, ուր լուսավոր էր, կուշտ ու ապահով: Սակայն պնդենք, որ ամենակարեւոր գործոնը արժանապատվության որոնումներն էին, որը խորտակվել էր հեղափոխության ջարդած հասարակական հարաբերությունների բեկորների տակ:

Արհեստավարժ բժշկին ու ինժեներին դժվար էր համակերպվել մի գիշերվա մեջ մուրացիկ դառնալու իրողության հետ, հեռուներում եթե նա անգամ ամենասեւ աշխատանքն էլ կատարի, անկումը տեսանելի չէ նոր շրջապատին, որն անտեղյակ է նրա անցյալից: Ի տարբերություն Օսմանյան Կայսրության ջարդերից մազապուրծ եղածների, նոր գաղթականները չեն փորձում պահպանել իրենց հայկականությունը: Նրանց հիմնական մասը (67%) արտագաղթել են Ռուսաստան, որտեղ, ինչպես նաեւ մի շարք միգրանտ-ակցեպտոր երկրներում, աշխատանքի սեփական շուկան պահպանելու համար ընդունվել է կեցության իրավունքի բավական կոշտ օրենսդրություն: Նորագաղթները ձգտում են հնարավորին չափ արագ ազատվել իրենց հայկական քաղաքացիությունից, բնորոշ արտաքինից եւ հայկականության այլ ատրիբուտներից: Նրանք արդեն, չնայած հայրենիքում թողել են հարազատներին, աշխատում են կտրել իրենց կապող հուշի եւ հայաստանյան բարոյականության պորտալարը: Պարզ տրամաբանությունը հուշում է, որ պետությունը իր քաղաքացիներին կրթում ու մասնագիտություն է տալիս, որ նրանք հետագայում իրենց գիտելիքներն ու հմտությունները կիրառեն տնտեսության համար, հարստացնելով թե՛ իրենց, թե՛ պետությանը: Նոր գաղթականների կեսից ավելին բարձրագույն կրթությամբ մասնագետներ են, 12%-ը՝ բժիշկներ ու տնտեսագետներ: Չգիտեմ, թե քանի բժիշկ ու տնտեսագետ կա հիմա Հայաստանում, որ «շռայլորեն» այս 80 հազարին նվիրում ենք ուրիշներին, սակայն այս երեւույթի անուղղակի հետեւանքն է, որ մարդկանց ոչ լրիվ հասկանալի հավաքածուն այժմ կոչում են արհեստավարժ կառավարություն: Այս էմիգրանտները պահանջատիրության հարց չեն դնի. նախ, ավանդույթը թույլ չի տա, հետո էլ անհասկանալի է, թե ումից պահանջեն ու ինչ:

Միգուցե մե՞նք դառնանք պահանջատեր ու հայրենի իշխանություններից, այսինքն նրանցից, ովքեր ոչ միայն կարող են, այլեւ պարտավոր են ապահովել մեր անվտանգությունն ու տնտեսական բարգավաճումը, պահանջենք որ կասեցնեն արտագաղթն ու պայմաններ ստեղծեն հեռացածների վերադարձի համար: Պահանջենք, ելնելով սովորական էգոիզմից, քանի որ նրանք մեր նոր համակարգի կարեւորագույն տարրն էին, ու, նրանց պակասից է, որ այժմ դանդաղում է երկրի կառուցումը՝ այն միջավայրի, որտեղ մենք դեռ պետք է ապրենք: Մեր տարածքային նվաճումները, որով ձեռք բերեցինք պատմական հայրենիքի մի մասը, որեւէ կերպ չեն մտնում Հայ Դատի համատեքստի մեջ, քանի որ դրանք հայաբնակ չեն դարձել: Այն կարելի է կոչել պաշտպանության տակտիկական գոտու ընդլայնում ու ամրապնդում, բանակցություններում փոխզիջումների գնալու գործոն եւ ռազմաքաղաքական ու դիվանագիտական այլ խորիմաստ անուններով, սակայն երբեք չի քննարկվել որպես պահանջատիրություն եւ պատմական արդարության վերականգնում: Նոր իշխանությունները հայտարարել են, որ հետապնդելու են Հայ Դատը: Հուսանք, որ այդ քաղաքականությունը չի սահմանափակվի Թուրքիայի հանդեպ դեկլարացիաներով, այլ կլուծի երկրի կարեւորագույն ներքին խնդիրները:

ԱՂԱՍԻ ԵՆՈՔՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930