Լրահոս
Օրվա լրահոսը

Օլսթերից մինչեւ Լեռնային Ղարաբաղ

Ապրիլ 30,1998 00:00

Ղարաբաղյան կարգավորման խաղաղ տարիների փորձը ցույց է տալիս, որ մի կողմից կրճատվել է բանակցային գործընթացի միջնորդների թիվը, եւ հիմնական «բեռը» ընկած է Մինսկի խմբի համանախագահության վրա, մյուս կողմից, եւ դա մտահոգիչ է, գրեթե չեզոքացվել է հակամարտության բուն մասնակիցների դերը։ Եթե հակամարտության սկզբնական փուլում կարեւորագույն խնդիր էր համարվում ռազմական գործողությունների դադարեցումը, ինչը կախված էր միայն հակամարտության կողմերից, ապա հրադադարից հետո դերակատարումները կարծես փոխվեցին։ Հակամարտության բուն մասնակիցներին «վստահվեցին» երկրորդ դերերը՝ առաջինները վերապահելով միջազգային հանրությանը։ Սկիզբ առավ առաջարկների դիվանագիտությունը, որն առ այսօր ունի զրոյական արդյունք։ Կասեցված է բանակցային, թեկուզ միջնորդավորված, գործընթացը, իսկ հակամարտության գործող կողմերի դիրքորոշումներն էլ ավելի են հեռացել իրարից։

Վերջին շրջանում ուշագրավ տեղաշարժեր են նկատվում հակամարտությունների կարգավորման միջազգային պրակտիկայում։ Այսպես, երեսուն տարի տեւող Հյուսիսային Իռլանդիայի խնդրի եւ նույնքան տեւողություն ունեցող պաղեստինա-իսրայելյան հակամարտության լուծման մեջ հուսադրող միտումներ են նշմարվում։

Մայիսի 22-ին Մեծ Բրիտանիայում հանրաքվե է անցկացվելու, որի արդյունքում կորոշվի Օլսթերի կարգավիճակի հարցը։ Այստեղ գրավյալ տարածքների խնդիր չկա, եւ հակամարտությունը կաթոլիկների (որոնք Իռլանդիայի հետ վերամիավորվելու կողմնակից են) եւ բողոքականների (որոնք ուզում են մնալ Մեծ Բրիտանիայի կազմում) միջեւ է։ Այդուհանդերձ, անգլիական ստորաբաժանումները չեն շտապում հեռանալ Օլսթերից։ Քսաներկու ամիս տեւած բանակցությունների արդյունքում Աջակցման համաձայնագրի մեջ նշված է, որ Լոնդոնը պատրաստ է դուրս բերել իր զորքերը Հյուսիսային Իռլանդիայից, եթե ապահովվի խաղաղ բանակցությունների ընթացքը։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Տոնի Բլերի անձնական ջանքերը Օլսթերի խնդրի կարգավորման մեջ հանգեցին յուրատեսակ միջնորդության։ Վերջինիս նախաձեռնությամբ մայիսի 4-ին Լոնդոնում կսկսվեն իսրայելա-պաղեստինյան բանակցություններ՝ ԱՄՆ պետքարտուղար Մադլեն Օլբրայթի գլխավորությամբ։ Այս բանակցությունների առանցքը իսրայելյան ստորաբաժանումների դուրսբերումն է Հորդանան գետի արեւմտյան ափից։ Իսրայելն արդեն համաձայնել է այս աննախադեպ քայլին։ Խոսքը գրավյալ տարածքների 9 տոկոսից հեռանալու մասին է։ Բանն այն է, որ Անգլիան այս տարվա նախագահողն է Եվրախորհրդում, իսկ Եվրոպայի դերի ուժեղացման համակոնտեքստում այս նախաձեռնությունը հազիվ թե շարքայիններից կարելի է համարել։ Արաբական աշխարհը ողջունել է բանակցությունների վերսկսվելու հանգամանքները, իսկ Պաղեստինի առաջնորդ Յասեր Արաֆաթը կարեւորել է Տոնի Բլերի նախաձեռնությունը։

Հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման մեջ «գրավյալ տարածքների» խնդիրը կարող է նույնպես որոշիչ դեր խաղալ։ Հայտնի է, որ Օլսթերի խնդրի կարգավորման մեջ բանակցություններում մեծ դեր ուներ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ջորջ Միտչելը, որին համարում են նաեւ ԱՄՆ սենատում՝ «հայկական լոբբիստ» եւ «ԱՄՆ հայ շրջանակների քաղաքական բարեկամ»։ Ամերիկայի Հայկական համագումարը երախտագիտության նամակ է ուղղել սենատոր Միտչելին նրա գործուն աջակցության համար՝ Հյուսիսային Իռլանդիայում վերջերս կնքված Համաձայնագրի վերաբերյալ։ Համագումարի գործադիր կոմիտեի նախագահ Վան Կիրկորյանն այս կապակցությամբ տված հարցազրույցում հետեւյալն է ասել. «Արդյո՞ք նախագահ Ալիեւն այդպես էլ չի նստելու սեղանի շուրջ իր հակառակորդ, Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանի հետ։ Յուրաքանչյուր ոք, ով շահագրգռված է խաղաղության մեջ, պիտի գիտակցի, որ ցանկալի արդյունքներին կարելի է հասնել միայն ուղիղ բանակցությունների միջոցով»։

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության թե՛ նախկին եւ թե՛ ներկայիս նախագահները բազմիցս կրկնել են, որ Ադրբեջանի համար ցավոտ «գրավյալ տարածքների» խնդիրը կարող է բանակցությունների շնորհիվ գտնել ընդունելի լուծում, սակայն հայկական ստորաբաժանումների դուրսբերման հարցը, որպես բանակցություններ սկսելու պարտադիր պայման, անընդունելի է Ղարաբաղի համար։ Այսօր, երբ որպես հայ-ադրբեջանական բանակցությունների վերսկսման պայման դրվում է «հայկական ստորաբաժանումների դուրսբերումը», ակամա հիշում ես ոչ հեռավոր անցյալը։ 1993թ. մայիսի 12-ին Ադրբեջանի նախագահ Էլչիբեյը հայրենակիցներին ուղղված ռադիոհաղորդման մեջ ասաց, որ խաղաղության հասնելու համար ինքը պատրաստ է անգամ ինքնավար մարզի կարգավիճակ տալ Ղարաբաղին. «Դրա համար Հայաստանի զինված ուժերը պետք է դուրս գան Լաչինի ու Քելբաջարի շրջաններից»,- ասել էր Էլչիբեյը։ Բաքուն առաջարկել է դուրս բերել հայկական ստորաբաժանումները նաեւ բուն «այդ շրջանից», Ղարաբաղից, այսինքն՝ փոխարենը խոստանալով ղարաբաղցիների անվտանգությունը սեփական (ադրբեջանական) ուժերով ապահովել։ 93-ի ապրիլին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունեց 822 բանաձեւը, որով նախատեսվում էր «Քելբաջարից եւ վերջերս գրավված Ադրբեջանի շրջաններից զավթիչ ուժերի անհապաղ դուրսբերումը»։ Նույն այդ ժամանակ առաջ քաշվեց ղարաբաղյան կարգավորման ռուս-ամերիկա-թուրքական «նոր նախաձեռնությունը», ուր հայ-ադրբեջանական բանակցությունների նախապայման էր նշված չարաբաստիկ «դուրսբերումը»։ «Սա վերջնագիր է, որը չի կարող ընդունել ոչ մի իրեն հարգող պետություն, այդ թվում նաեւ Լեռնային Ղարաբաղը». հայտարարությամբ հանդես գալով, ասել էր այն ժամանակ ՊՊԿ նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Արկադի Ղուկասյանը։ Այս հայտարարությունից գրեթե հինգ տարի է անցել, փոխվել է «դուրսբերման» աշխարհագրությունը՝ ի վնաս Ադրբեջանի։ Իսկ եռակողմ հակամարտությունների կարգավորման արդի միջազգային պրակտիկան վկայում է, որ «այլ երկրի ռազմական ներկայության» հարցը կարող է բանակցությունների քննարկման հարց դառնալ։ Եթե, իհարկե, հայ-ադրբեջանական հակամարտության գլխավոր դերակատարներն ու միջնորդներն ուզում են իրական խաղաղության հասնել տարածաշրջանում։

ԱԼՎԱՐԴ ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930