Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՈՆԸ ՆԱԽ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ Է

Մայիս 29,1998 00:00
Lusine Hovhannisyan

30 մլն դրամ տոնակատարության համար Մոսկվայի 850-ամյակի տոնակատարությունը ռուս մտավորականները քննադատեցին՝ հաշվի առնելով պետության ծախսերն ու երկրի ծանր վիճակը։ Ռուսաստանն անհամեմատ հարուստ երկիր է։ Հայաստանի կառավարությունը Սարդարապատի հերոսամարտի 80-ամյակի առթիվ հատկացրել է 30 մլն դրամ։ Մայիսի 28-ը մայթերի փնթի, սեւ մուրացիկների տոնը լինել չի կարող։ Կառավարության տրամադրած 30 մլն դրամից նրանք մաս չեն ունենալու (չհաշված մարդաշատ քաղաքի ողորմությունները)։ Մայիսի 28-ը նաեւ մոտ 70 հազար փախստականների տոնը չէ, որովհետեւ ոչ մի դրամ 30 միլիոնից նրանց չի հատկացվելու։ Մեր սնանկացած պետական գանձարանը մատնանշելով՝ ցանկացած պաշտոնյա պատասխանում է ցանկացած հարցի։

Պետությունը չի կարողանում պահել փախստականներով բնակեցված հանրակացարանի ճաշարանը՝ հիմնավորելով փողի բացակայությամբ։ 30 մլն դրամի որոշ մասով կարելի էր ճաշարան աշխատեցնել, վճարել անվճարունակների էլեկտրաէներգիայի վարձը, բավարարել հաշմանդամների սանիտարահիգիենիկ մի քանի նվազագույն պահանջ կամ վճարել մի քանի շնորհալի ուսանողի ուսման վարձը, ապահովել երկու երեխայի բուժում։ Տոնի նախօրյակին անջատվել էր Արցախի փողոցում գտնվող փախստականներով բնակեցված հանրակացարանի մի քանի բնակչի լույսը՝ վարձը ժամանակին չմուծելու պատճառով։ Սարդարապատի հերոսամարտի առթիվ սիրելի պետությունը կարող էր վճարել մի քանիսի լույսի վարձը եւ, միգուցե, տոն լիներ նաեւ Արցախի փողոցում։ Մայիսի 28-ը տոն չի լինելու նաեւ աղետի գոտու հյուծված բնակիչների համար։ 30 մլն դրամից կարելի էր հատկացնել գոնե Գյումրիի աղբահանման համար՝ արդեն շոգ է, համաճարակի վտանգ կա։ Սարդարապատի հերոսամարտի 80-ամյակին նվիրված տոնակատարության համար ստեղծվել է կառավարական հանձնաժողով, որը ղեկավարում է պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը։

Հետաքրքիր է, ինչքա՞ն է պահանջվել 1915-ին ճակատամարտին նախապատրաստվելու համար։ Մայիսի 28-ի առթիվ՝ պետությունն առանց ղեկավարների Ֆրանսիայից վերադառնալուց հետո, մայիսի 28-ի տոնակատարություններին մասնակցելու համար մի քանի օր է Հայաստանում է գտնվում ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը։ Այստեղ գտնվելու ընթացքում պրն նախագահը հանդիպում ունեցավ ամերիկյան կոնգրեսականների հետ։ Այնուհետեւ, կոնգրեսականները մեկնեցին ԼՂՀ, իսկ ԼՂՀ նախագահը մնաց Հայաստանում՝ սպասելով մայիսի 28-ին։ Հիշեցնենք, որ Հայաստանում է գտնվում նաեւ ԼՂՀ վարչապետ Լեոնարդ Պետրոսյանը։ Այսպիսով, Սարդարապատի հերոսամարտի 80-ամյակի առթիվ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը մնացել է առանց երկու ղեկավարների։

Մայիսի 28-ը արժանի տոն է։ Մայիսի 28-ը մեր տոնացանկի, տոն լինելու հազվագյուտ արժանի օրերից է։ Բայց տոնը կերուխում ու բրաբիոնի թանկարժեք ծաղիկ չէ միայն, տոնը՝ տրամադրություն է։ Հայաստանում տրամադրություն չկա։ Հյուրերի ու իշխանության տոնը չպիտի լինի մայիսի 28-ը։ Ի դեպ, 30 մլն դրամից եւ դրսի նվիրատվություններից կարելի է գումար հատկացնել նաեւ Սարդարապատի ճակատամարտի մասնակիցների՝ Հայաստանում ապրող սերունդներին. կարիքն անպայման կունենան։ Ի դեպ, Սարդարապատում կռվում էին նաեւ հրամանատարների որդիները, այն ժամանակ զինկոմիսարիատ չկար։

ԼՈՒՍԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031