Լրահոս
Օրվա լրահոսը

ՌՈՄԱՆՍ ԱՊԱՔԱՂԱՔԱԿԱՆ

Մայիս 30,1998 00:00
Shekoyan

Մարդիկ կուսակցություններ են ընդունվում տարբեր նպատակներով ու նկատառումներով։ Ոմանք ընդունվում են գաղափարական ազնիվ մղումներով, ոմանք՝ քաղաքական կարիերա սկսելու նպատակով, ոմանք էլ՝ հասարակությունից դուրս չմնալու եւ պարզապես մարդահաշիվ լինելու համար։ Խորհրդային երկրում ընդամենը մի կուսակցություն կար՝ կոմունիստական։ Չնայած այն իր ամեն ինչով ահավոր ուժ էր, սակայն, այդուամենայնիվ, կոմունիստներին չհաջողվեց անկուսակցականներին իսպառ դուրս մղել հասարակական միջավայրից ու կյանքից։ Չհաջողվե՞ց, թե՞ չէին ուզում. դա բոլորովին այլ թեմա է, որին միգուցե այլ առիթով անդրադառնանք։ Իսկ որ խորհրդային տարիներին շատ որոշակի շրջանակներում (հատկապես մտավորականության շրջանում) շատ որոշակի հարգանք գոյություն ուներ անկուսակցականների հանդեպ՝ շատերս կարող ենք վկայել։ Հատկապես հարգվում ու սկզբունքային էին համարվում անկուսակցականներից նրանք, ովքեր, կուսակցություն ընդունվելու (առանց կաշառքի) ռեալ հնարավորություն ունենալով հանդերձ, դիմում չէին գրում։

Ավելին՝ իմանալով, որ կուսակցության շարքերն ընդունվելու դեպքում իրենց անվերապահորեն պաշտոնի բարձրացում է սպասվում, համառորեն չէին ընդունվում։ Այդպիսի մարդիկ իսկապես մեր շարքերում եղել են։ Եվ այսօր էլ նրանցից շատերն ապրում են մեր կողքին։ Եվ նրանցից շատերն այսօր էլ դեռեւս որեւէ կուսակցության մեջ չեն ընդգրկվել։ Բայց, ի տարբերություն խորհրդային ժամանակների, նրանց սկզբունքայնությունն այսօր ոչ միայն չի հարգվում կամ գնահատվում, այլեւ՝ չի էլ նկատվում։ Խոսքը, իհարկե, չի վերաբերում այն պատգամավորներին, մարզպետներին ու նախարարներին, ովքեր շարունակ շեփորում են իրենց ոչ մի կուսակցության չպատկանելը, բայց իրականում միանգամից մի քանի կուսակւցության են պատկանում ու ծառայում։ Վերջիններիս մեծ մասը ժամանակին կոմունիստ է եղել, եւ այն, որ հիմա ոչ մի կուսակցության մեջ չկան, կարելի է բացատրել նրանց զգուշավորությամբ եւ քաղաքական վատ հոտառությամբ։ Այնպես որ, անկուսակցական ասելով, այս տեսակը բնավ նկատի չունենք։ Նկատի ունենք նախեւառաջ խորհրդային տարիների մեր անկուսակցական մտավորականության այն փաղանգը (Է. Ավետյան, Է.Աթայան, Ռ.Իշխանյան, Լ.Ներսիսյան, Ս.Փարաջանով եւ շատ ու շատ ուրիշներ), որոնց սերմանած չափանիշներն ու սկզբունքները որդեգրեց մի քանի սերունդ։

Վերոնշյալ եւ այլ սկզբունքային մտավորականների շուրջ խորհրդային իշխանություններն ամեն կերպ փորձում էին անտարբերության մթնոլորտ ստեղծել, սակայն դա նրանց մասամբ էր միայն հաջողվում։ Եվ քանի որ մասամբ էր հաջողվում, փորձ էր արվում այդ անհաջողությունը քողարկել «անկուսակցականների բլոկի» գոյության թույլտվությամբ։ Սույն բլոկը, որ խորհրդային ժամանակների Գերագույն խորհրդում մարմնավորում էին մեր կթվորուհի ընտրյալները, իրականում գոյություն չուներ եւ կոլեկտիվ իմաստով չէր գործում, սակայն, կրկնում ենք, սկզբունքորեն անկուսակցական մտավորականությունը իսպառ մեկուսացած չէր հասարակությունից, ավելին՝ որոշակիորեն ազդեցություն ուներ նույն այդ հասարակության ձեւավորման վրա։ Մի բան, որ չես ասի վերջին տասնամյակի վերաբերյալ։ Այսօրվա անկուսակցականն անմխիթար վիճակում է (եթե մինչեւ իսկ առեւտրի կամ բիզնեսի մեջ է ներգրավված)։

Միեւնույն է, հարկ եղած դեպքում (ասենք՝ ընտրությունների ժամանակ) պարտավոր է հստակ քաղաքական կողմնորոշում ցուցաբերել։ Իսկ եթե ապաքաղաքական անձնավորություն է՝ թող բարի լինի ուրիշ գործով զբաղվել. ասենք՝ գեղանկարչությամբ կամ պոեզիայով, բայց՝ ոչ լրջորեն, քանզի սույն ասպարեզներում էլ արհեստավարժության հասնելու համար առնվազն պիտի նախագահական ընտրությունների բովով անցնի։ Եվ իրեն դրսեւորի պիտի։ Եվ այդ բովում դրսեւորվի պիտի, ասենք, նրա պատկերավոր մտածողությունը։ Մի խոսքով՝ վերջ դոնկիխոտությանը։ Պիտի չկորցնես պատմական պահը, քանզի ընտրությունը քոնն է։ Իսկ եթե կորցրիր պատմական պահը, կնշանակի՝ մեղքը նույնպես քոնն է, որովհետեւ հնարավորությունները շա՜տ-շա՜տ են, իսկ խնդիրները՝ շատ պարզ։ Ասենք՝ համամասնական կամ մեծամասնական ընտրական տարբերակների տարբերությունը։ Եթե մինչեւ իսկ բարդ է՝ դու մի ձգտիր ավելի բարդացնել։ Եթե մինչեւ իսկ բարդ է եւ իսկապես չես հասկանում, ապա՝ ընտրիր դրանցից մեկնումեկը (կարեւոր չէ՝ որ մեկը), եթե, իհարկե, ուզում ես խաղի մեջ մտնել։ Որովհետեւ սա այն խաղն է, որին չմասնակցողն ավելի է տուժում, քան՝ պարտվողը։ Առայժմ, համենայնդեպս, այդպես է։ Եվ մոտ ապագայում էլ, հավանաբար, այդպես կլինի։ Եվ իսկապես էլ՝ հնարավորություններդ շա՜տ են։

Խորհրդային այն տարիները չեն, որ ամեն քոսոտ պաշտոնի համար կոմունիստ լինելդ պարտադիր լինի։ Կամ՝ ապազգային լինելդ պարտադիր լինի։ Ավելին՝ կարող ես ազգային լինել եւ պաշտոն ունենալ։ Է՛լ ավելին՝ կարող ես ազգայնական լինել եւ պաշտոն ունենալ։ Իսկ բան է՝ եթե դարձյալ այլ քամիներ փչեն, քեզ վերստին լայն հնարավորություններ կընձեռվեն ուժերդ փորձել դեմոկրատիայի անծայրածիր ոլորտներում։ Ի՞նչ։ Սկզբունքնե՞ր։ Ի՞նչ սկզբունքների կամ բարոյականության մասին կարող է խոսք լինել, եթե քաղաքականության մասին է խոսքը. մի բանի մասին, որից ոչինչ չես հասկանում։ Եվ ուրիշներն էլ չեն հասկանում, չնայած օրուգիշեր կռվում ու վիճում են եւ ցույց են տալիս, թե հասկանում են։ Բարի եղիր՝ դու էլ ցույց տուր։ Բարի գտնվիր, որպեսզի ավելորդ տեղը չչարանաս եւ չնեղսրտես։ Եվ եթե բարի լինես ու առայժմ թափուր քո տեղը զբաղեցնես, իսկապես չես չարանա եւ այլեւս չես նեղսրտի, որովհետեւ քաղաքականության մեջ ճիշտ ու սխալ գոյություն չունեն։ Ճիշտն ու սխալը երբեմն հազարամյակ հետո են երեւակվում (եթե, իհարկե, երեւակվում են)։ Մի խոսքով, ամեն ինչ արա, որ քեզ հետ չկատարվի ամենասարսափելին. այն է՝ ամենավերջում կարող է պարզվել, որ դու ոչ թե խաղից ես դուրս մնացել, այլ՝ կյանքից։ Եվ մշտապես հիշի՛ր, որ գոյություն չունի այլեւս անկուսակցականների ձեր կուռ բլոկը, եւ դրա փոխարեն գոյություն ունեն այլեւայլ բլոկներ, որոնց դռները քո առջեւ միշտ էլ բաց անող մեկը կգտնվի։ Այնպես որ՝ քեզ հանիրավի բլոկադայի մի ենթարկիր, այլապես՝ եկող մարդահամարին միանգամայն իրավացիորեն կարող են քեզ չհաշվել։

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031