Լրահոս
Օրվա լրահոսը

Հոգաբարձուները դժգո՞հ են տնօրենից

Հունիս 30,1998 23:00

Ըստ «Առավոտ» հասած տեղեկությունների` անցած շաբաթ տեղի ունեցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդակցություն, որի ընթացքում նախագահ Ռոբերտ Քոչարյանը դժգոհություն հայտնեց հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնակատար Րաֆֆի Հովհաննիսյանի աշխատանքից: Ըստ այդ լուրերի, նախագահն իբր կշտամբել էր պրն Հովհաննիսյանին շրջագայությունների համար չափից դուրս մեծ գումարներ ծախսելու համար, ինչպես նաեւ նրա կողմից ներկայացված հայեցակարգում հաստիքացուցակների ուռճացումից (նախատեսվում էր, օրինակ, հիմնադրամում ստեղծել արդյունաբերության բաժին), սպասվելիք բարձր աշխատավարձերից եւ գործուղման ծախսերից:

Ըստ լուրերի, այլ դժգոհությունների շարքում խորհրդակցության մասնակիցների տարակուսանքն են առաջացրել պրն Հովհաննիսյանի ներկայացրած փաստաթղթում «հատվածայնացում», «շարքայնացում» եւ «վերահայկականացում» տերմինները: Սակայն նախագահի մամուլի գրասենյակի տեղեկատվության համաձայն, խորհրդակցությունն այդչափ դրամատիկ չէր ընթանում: Իսկապես նախատեսվում էր հոգաբարձուների նիստ անցկացնել, որի ընթացքում պետք է քննարկվեր Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացրած հայեցակարգը: Սակայն քանի որ փաստաթուղթը հոգաբարձուներին հասավ նիստից ընդամենը կես ժամ առաջ, որոշվեց անցկացնել խորհրդակցություն:

Մտքերի փոխանակման ընթացքում նախագահ Ռոբերտ Քոչարյանը դրեց երկու հիմնական խնդիր. կանոնադրորեն տարանջատել հոգաբարձուների խորհրդի եւ գործադիր տնօրինության պարտականությունները եւ հստակեցնել գործադիր տնօրինության ֆունկցիաները, որից հետո էլ պարզ կդառնան հաստիքացուցակի, աշխատավարձի եւ այլ խնդիրներ: Այդ կանոնադրական աշխատանքում պետք է ներգրավվեն նաեւ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը եւ ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանը: Ի դեպ, ոչ պաշտոնական աղբյուրներից «Առավոտին» հայտնի դարձավ, որ հունիսի 26-ին հիմնադրամի հանրային կապերի բաժնի պետ Ներսես Մկրտչյանը մեկնել է եվրոպական երեք երկրներ՝ Րաֆֆի Հովհաննիսյանի այցը նախապատրաստելու նպատակով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930