Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԵՍԱ-ԻՆՖՈՐՄԱՑԻՈՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ «ՀԱՅ-ԱՐՏ» ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Հունիս 30,1998 23:29
hay-art

«Հայ-Արտ» մշակութային կենտրոնը բացվեց «Արեւելք-Արեւմուտք-ենթատեքստ» տեսա-ինֆորմացիոն ցուցահանդեսով։

Ցուցահանդեսին օժանդակել են Հայաստանում հավատարմագրված դեսպանատներ, բաց հասարակության եւ Մոսկվայի ժամանակակից արվեստի ինստիտուտները, հայաստանյան մի շարք կազմակերպություններ («NEW WIND») եւ անհատներ։ Տասնչորս երկրների ժամանակակից արվեստի տեսանյութեր էին ներկայացվում տարբեր սրահներում եւ ամեն մի հանդիսատես հնարավորություն էր ստանում իր ցանկացած երկրի նորարար արվեստին ծանոթանալու։ Ցուցահանդեսն իր տեսակով եւ ներկայացրած տեսանյութերով նոր շփման ձեւ էր ինքնին։ Այս ցուցահանդեսը եւ «Հայ-Արտ» կենտրոնի բացումը ժամանակակից արվեստի թանգարանի արդեն նախկին մասնաշենքում՝ մշակութային դաշտում եւ այդ տարածքում արվեստի եւ մշակութային դաշտի նոր փուլի մասին էր նաեւ ազդարարում։ Հենց այդ իմաստով, իբրեւ զրուցակիցներ, ընտրեցի այն արվեստագետներին, ովքեր լավ հիշում էին թանգարանը (այդ մասնաշենքը) բացման օրից սկսած։

Պոպ-արտիստ Արման Գրիգորյանն ասաց, թե անընդհատ այդ շենքում սպասում էին ինչևոր նոր գաղափարների, որոնք, սակայն, չէին իրագործվում. «Հայ-Արտի» բացումը շատ կարեւոր է։ Անընդհատ խոսում էին, թե հայ մշակույթը պետք է կարողանանք ինտեգրել միջազգային մշակույթի մեջ։ Միայն խոսքեր էին, գործ չէր արվում։ Ես առաջին անգամ տեսնում եմ 14 երկրների հետ կապեր, որոնք ցուցադրվում են տեսա-ինֆորմացիայի միջոցով»։

Փիլիսոփա Վարդան Ջալոյանի հուշերում այդ տարածքում կայանում էր 70-80-ականների մեր ազգային մշակույթը։ Վ. Ջալոյանը զրույցի պահին սյուրռեալիստական զգացողություն ուներ եւ մինչեւ վերջերս իրեն թվում էր, թե ուր որ է պետք է հայտնվեր հայկական հաստ ներկերով նկարչության ուրվականը։ Նա ցանկացավ նշել, որ պատմության թողած հետքերն էլ երբեք չպետք է մոռանալ. «Ի վերջո, Մարքսի ասած ուրվականը՝ հայ նկարչության ուրվականը կարող է թափառել։ Ճիշտ է, ինչևոր նշանակալի բան չի կարող անել ուրվականը, բայց կարող է այնպիսի չար կատակ խաղալ, ինչպես, օրինակ, Խորհրդային Միությունն էր։ Հույս ունեմ, որ դահլիճների եւ ցուցահանդեսի այս նոր տեսակը կկարողանա ինչևոր ձեւով ուրվականների ու «մարկաների» հարցերը լուծել»։

Ավագ սերնդի նկարիչ Ալեքսանդր Գրիգորյանն այդ տարածքը հիշում էր բացման օրվանից, ուր ցուցադրվում էին Հենրիկ Իգիթյանի հայեցողությամբ նկարիչներ. «…որոնք ժամանակակից անունը կրելով հանդերձ, միշտ չէ, որ հայ ժամանակակից նկարիչներ էին ներկայացվում»։

Իսկ, ասենք, Գրիգոր Խաչատրյանը (որ թանգարանում բացման առաջին օրից մի քանի տարի որպես էքսպոզիցիոն բաժնի վարիչ էր աշխատել) եւ արվեստաբան Նազարեթ Կարոյանը առանձին զրույցներում առաջին հերթին հիշեցին մի դեպք, երբ երեք օրում մի քանի հարյուր նկարներ էին կախում ցուցասրահների պատերին եւ Ն. Կարոյանը Վալենտին Պոդպոմոգովի ծանր, հաստ շրջանակով նկարը կախելիս, քիչ էր մնում «զոհվեր»։ Գ. Խաչատրյանի կարծիքով, այդ ցուցասրահում երկար ժամանակ պահպանվում էր ակտիվությունը, սակայն տարիներ անց, գործունեության պակասի պատճառով այն այլեւս չէր երեւում հասարակության մշակութային կյանքում։

Ըստ Ն. Կարոյանի, «մշակույթ» հասկացողությունը նշանակում է փոխանցումներ, շերտեր, եւ նա ուզում էր, որ այս բացումը լինի տեւական մշակութային օջախի ստեղծման բացում։ Նա մտահոգվում էր, որ ժամանակակից արվեստի թանգարանի շատ վատ, իր կողմից բազմիցս դիտողությունների արժանացած, քննադատված իրավիճակի այս փոփոխությունը չհանգեցնի այն բանին, որ, ի վերջո, այդ հատվածն ընդհանրապես դուրս գա մշակութային օջախների շարքից։

Պոպ-աստղ Կարինե Մացակյանը ցուցասրահը հիշում էր հատկապես ավանգարդիստական ցուցահանդեսներով եւ քանդված, անկարգ վիճակով, ուր հիմնականում Հենրիկ Իգիթյանի հավաքածուն էր ցուցադրվում: Եվ իր համար ամենակարեւորն այս ցուցահանդեսում այն է, որ համաշխարհային միտքն է ներկայացվում տեսանյութերի միջոցով, որն, իր կարծիքով, նոր, ինքնուրույն եւ մշակված լեզու է։ «Հայ-Արտ» կենտրոնի հիմնադիրը եւ տնօրենն է նկարիչ Նորայր Այվազյանը։ «Այս ցուցասրահն այսօր ժառանգվել է մեկ ուրիշ սերնդի կողմից»,- ասաց նա։ Այս պատասխանն, իհարկե, իր մեջ կրում էր մի քանի պատասխաններ՝ կապված ցուցասրահի, շենքի շուրջ պտտվող խոսակցությունների, բացված ցուցահանդեսի, կենտրոնի գործունեության եւ անցած տարիների հիշողությունների հետ։ Եվ նրա նպատակն է՝ նախկին ավանդները շարունակելով, ամեն օր ավելացնել, ստեղծել նոր երեւույթներ։ Ցուցահանդեսի բացման հաջորդ օրը արվեստի խնդիրների մասին կոնֆերանս էր՝ Դյուսելդորֆի արվեստի ակադեմիայի ուսանողների եւ պրոֆեսոր Յուպիի մասնակցությամբ։ Ցուցահանդեսի Art direktor-ն էր քանդակագործ Ռուբեն Արեւշատյանը։

ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Հ.Գ. Կենտրոնի եւ ցուցահանդեսի բացմանը ներկա չէր Հենրիկ Իգիթյանը։ Մինչ ցուցասրահում երկար սպասված այդ բացմանն էին նախապատրաստվում, նույն ընթացքում Հ. Իգիթյանը նախապատրաստվում էր ծավալուն մի հոդվածի, որը լույս տեսավ ցուցահանդեսի բացման օրը՝ հունիսի 27-ին «ծՏՉՏպ ՉՐպՎ255»-ում։ Օրեր առաջ խմբագրություն էր զանգահարել թանգարանի տնօրենը, որը պաշտպանում էր պարոն Իգիթյանին՝ «Սպառվածի հերոսականության մարմաջ» խորագրով մեր հրապարակումից։ Տնօրեն ներկայացող անձնավորությանը մեր պատասխանը (որ հոդվածում բերված փաստերը ճշգրիտ են, իսկ մեկնաբանությունների հետ համաձայն չլինելու համար կարող են դիմել դատարան) չգոհացրեց եւ առիթ տվեց ասելու, որ «Հայաստանում լրագրող չկա»։ «ծՏՉՏպ ՉՐպՎ255»-ի ծավալուն հրապարակումը նշանակալից էր միայն այնքանով, որ հայ լրագրությունը Հ. Իգիթյանի օգնությամբ ճանաչեց եւ հայտնաբերեց նոր ու «լավ» լրագրողի՝ ի դեմս Կարեն Միքայելյանի (որը լրագրող չէ)։ Իսկ երեկ պարոն Իգիթյանը զանգահարեց ու վերոհիշյալ հոդվածը, որպես «լավ» հրապարակում, առաջարկեց արտատպել «Առավոտում» (ենթադրում ենք, որ «ծՏՉՏպ ՉՐպՎ255»-ում հոդվածը տպագրելով, իրենց ուզած արձագանքը չեն ստացել)։

Ցավոք, մեր եւ «ՀՀ»-ի հասցեին պրն Միքայելյանի կոպիտ եւ անպարկեշտ արտահայտությունները մենք չենք կարող արտատպել: Ինչ վերաբերում է հոդվածագրի «փաստարկին», թե խոստացած՝ Գառզուի, Բաժբեուկի եւ Ժանսեմի ցուցասրահները չեն բացվում, ասենք, որ «Հայ-Արտի» տնօրենը պատրաստ է հենց այսօր էլ բացել, եթե համապատասխան մարմինները եւ մեր պետական այրերը այդ հեղինակների աշխատանքները տրամադրեն։ Էմոցիոնալ եւ հուզախառը հրապարակումը կարդալով, ակամայից ուզում ես հարցնել պրն Իգիթյանին մանկական լուսանկարչական ստուդիայի (ո՞ւր են աճող սերունդները), վարձակալությամբ տրված թեյի խանութի եւ այլ տարածքների մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930