Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Բլեֆով դեպի վերակենդանացում

Սեպտեմբեր 30,1998 00:00
Ara Shiraz

Երկրորդ օրն է, ինչ նկարիչները փորձում են իրենց միության նախագահ ընտրել։ XV համագումարը վարում էր քանդակագործ Արա Շիրազը, որին էլ դիմեցինք երեկվա համագումարի առաջին կեսի արդյունքներն իմանալու համար։

– Միության վարչության ցուցակը հաստատվեց՝ 129 թեկնածուով, որից պիտի ընտրվի 33-ը։ Որոշեցին նախագահին ընտրել տեղում, որը հին կանոնադրությանը չի համապատասխանում։ Ունենք միության նախագահի 13 թեկնածու՝ Աղամյան Կարենը, Մանուկյան Ֆերդինանդը, Հարությունյան Հովհաննեսը, Տոնոյան Մարտինը, Սարգիս Մուրադյանը, Աբրահամյան Գագիկը, Պետրոսյան Սամվելը, Ասլանյան Շահենը, Արարատ Խանզադյանը, Շահումյան Հաղթանակը, Անատոլի Գրիգորյանը եւ Սուրեն Ֆարխոյանը։ Իմ, Հենրիկ Իգիթյանի եւ էլի մի քանիսի թեկնածությունն էլ առաջադրեցին, բայց մենք հրաժարվեցինք։ Ամեն մեկը կխոսի իր ծրագրի մասին, կներկայացնի իր պատկերացրած միությունը,- ասաց պրն Շիրազը՝ նշելով, որ կանոնադրական բացահայտ խախտումներ են կատարվում համագումարի ընթացքում։

Համագումարն արդեն ընտրել էր հաշվիչ հանձնաժողովի կազմը։ Ժամանակն էր, որ թեկնածուները ներկայացնեին իրենց ծրագրերը (եթե ունեին)։ Սարգիս Մուրադյանը հայտարարեց, որ հրաժարվում է իր թեկնածությունից եւ իր ձայները փոխանցում է Աղամյան Կարենին։ Աղմուկ բարձրացավ, իսկ Հ. Իգիթյանը բողոքեց հայտարարության վերջին մասի դեմ, ասելով՝ «Օրենքով, Սարգիս Մուրադյանն իրավունք ունի ընտրվի ցուցակով, դրանից հետո իր ստացած ձայները գումարի իր ուզած թեկնածուի ձայներին»։ Նկարիչներից շատերից կարելի էր համագումարի մասին «բլեֆ» արտահայտությունը լսել։

Նախագահի գրեթե բոլոր թեկնածուները ծրագիր չունեին, մտածում էին՝ դե, բոլորը իրենց ճանաչում են, առանց ծրագրի էլ կլինի։ Ելույթները նույնը՝ այսքան տաղանդավոր նկարիչներ ունենք, կդիմենք կառավարությանը, կապեր կհաստատենք, կոմբինատները կաշխատեցնենք եւ այլն, եւ այլն։ Մեկը, որ կողմ էր «ճկուն պոլիտիկա» ունենալուն, խոստացավ միությունում ստեղծված թայֆաները, խմբավորումները վերացնել, նկարիչների միմյանց հանդեպ ատելությունը սիրո փոխարինել, միությունը հարկերից ազատել, միության դահլիճների ամեն քառակուսի մետրից եկամուտ, օգուտ բերել, այլ երկրներում միության մասնաճյուղեր ստեղծել, գեղարվեստի ֆոնդը պահպանել։

Շատերը բարձրանում, իրենց անունները տվողներին շնորհակալություն էին հայտնում, խոսքը՝ «Եթե հանկարծ միության նախագահ դառնայի…» տողերով սկսելով եւ ավարտելով «Ես, հանկարծ, ո՞վ է իմանում՝ եթե ստացվի…» վերջաբանով։ Մի քանիսն ուղղակի իրենց համար պատիվ էին համարում թեկուզ թեկնածուների ցուցակում հայտնվելը։ Որոշն էլ բեմ էին բարձրանում ու խոստովանում, թե ծրագիրը գրել է, բայց տանն է թողել ու… սկսում կրկնել նույն խոստումները՝ էս կանեմ, էն կանեմ… կծառայեմ… Մանուկյան Ֆերդինանդն էլ, ծրագրի փոխարեն գերադասեց ներկաներին պատմել իր կենսագրության առավել սուր մանրամասները, թե որ պաշտոնյաներին ինչպիսի ապտակներ է հասցրել։

«Կուզեմ լավ էղնի… Ես բնածին ղեկավար ծնված եմ, սովորել եմ ուսումնարանում…»։ Դահլիճի ընդվզումները պրն Մանուկյանին էլ ավելի էին ոգեւորում, ձայնը գնալով բարձրանում էր։ «Է, որ վռազում եք, ձեզի ղեկավար պետք չէ…»։ Իսկ Սամվել Պետրոսյանն, առհասարակ, բեմ չբարձրացավ. դահլիճում չէր, ոչ ծրագիրը, ոչ ձայնը բեմից չհնչեց։ Որոշվեց, որ ընտրության գործընթացը սկսեն։ Ով որ հոգնել ու դուրս էր եկել, ներս եկավ, օդը լցվեց օղու եւ գարեջրի բուրմունքներով… Հետաքրքիրն այն է, որ միության նախագահի թեկնածուները նրանք են, ովքեր պաշտոններ ունեցել են եւ ունեն, որոնք սովոր են պաշտոններ զբաղեցնելու եւ գիտեն «աթոռի» առավելությունն ու իմաստը։ Առանց ծրագրի, հույսները դնելով իրենց ընկերների-նկարիչների շրջանակում վայելող հեղինակությունների վրա, գնում են սովետական կարգերի մնացորդ միությունը վերակենդանացնելու…

ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930