Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ․ Գետնաքարշ երգեր «Անտիպոեզիա» գրքից

Նոյեմբեր 28,1998 00:00
shekoyan

ՇԱՐՈՒՆԱԿՎՈՂ ԽԱՂ

Կայծակի պես ու արեգակի

մերթ ծագում եմ, մերթ չքվում անհետ։

Ես խաղ եմ խաղում մի երկակի

Ուրիշների ու ինքս ինձ հետ։

 

Առավոտ կանուխ զարթնել եմ ու

չգիտեմ՝ Տերն ինձ շնորհք կտա՞,

որ երեւակվեմ մարդոց դեմ ու

շողշողամ՝ զերդ մի փայլուն կտավ։

 

ՆՈՐ ԿՅԱՆՔ

Կյանքն է խրթին, թանկ ու դժվար,

եւ հոգսերն են ծովածավալ,

եւ օգնություն՝ մի քիչ ձավար,

մի քիչ բրինձ… Եվ մենք շիվար

առնում ենք մեր փայն ու դարձյալ

խրվում ենք նույն հոգսերի մեջ…

Սա նոր կյանք է, որ էջ առ էջ

գրվում է ու դառնում անցյալ։

 

ԵՍ ԻՆՉՊԵ՞Ս ԱՊՐԵՄ

Ջահելնե՛ր, դուք ինձ

երբեք չեք սիրել,

զի ընկերն եմ ես

տարեցների։

 

Տարեցնե՛ր, դուք ինձ

երբեք չեք սիրել,

զի ընկերն եմ ես

ջահելների։

 

Ազգայնականնե՛ր,

դուք ինձ չեք սիրում,

որովհետեւ ես

կոսմոպոլիտ եմ։

 

Կոսմոպոլիտնե՛ր,

Դուք ինձ չեք սիրում,

որովհետեւ թունդ

ազգայնական եմ։

 

Մնացածներն էլ

չեն սիրում, քանզի

ճշմարտություն եմ

երբեմն ասել։

 

Ա՜խ, ինձ չեն սիրում,

վա՜խ, ինձ չեն սիրում,

ոչ ոք չի սիրում,

քանզի ես կյաժ եմ։

 

Բայց ես ո՞նց ապրեմ

ձեր մոլորակում՝

առանց ձեզ, առանց

իմ ճշմարտության։

 

ՎԵՐՋ

Լպրծուն ու քսմսվող

ժամանակն ինձ հրեց ցած-

ե՛ւ աշունն այս վերջացած,

ե՛ւ ձմեռն այս սկսվող։

 

Նյութականի սղությունն

արձագանքեց հոգու մեջ,

ու մեր զուլալ մարդկությունն

ավարտվեց ու պրծավ. վե՛րջ։

 

ՆԵՐՈՂ ԵՂԵՔ

Ես պոետ եմ եղել մոլի

եվ բառեր եմ իզուր վատնել

մի երկըրում, ուր ֆուտբոլի

մեկնաբաններն անգամ վատն էին։

 

Փուչ տողեր եմ անվերջ գրել,

փուչ տողեր եմ էլի գրում…

Իմ փայ Խաչը ես չեմ կրել

ունայնության այս երկըրում։

 

Չռչռացել ու հոսել եմ

հորինովի իմ անհունից…

Ներող եղեք, որ խոսել եմ

ձեր կյանքից ու ձեր անունից։

 

ՏԵՂԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Հոգին լրված է, սուրճը՝ խարկված,

եւ թուղթն է իմ դեմ բացվել փերթ-փերթ,

եւ քաղաքական ամեն վարկած

անհամոզիչ է ու անհեթեթ։

 

Խաղն ավարտված է, միտքը՝ հաստված,

սերն անհատնում է, եւ հոգին՝ հեզ,

եւ իմ աղերսն է՝ առ Տեր Աստված,

որ համբերություն առաքի մեզ։

 

ԾՏԻ ԵՐԳ

Ես զարթնել եմ անհապաղ

ու երգում եմ, գեղգեղում

ու չեմ մրսում, չեմ դողում

առավոտվա շնչից պաղ։

 

Ես զարթնել եմ. այլապես

քնած պիտի մնայի.

էլ ես ինձ չեմ խնայի –

անվերջ կերգեմ ծտի պես։

 

Ես զարթնել եմ. այլապես

չէիք լսի երգը իմ՝

թեթեւշունչ ու մտերիմ,

որ հնչում է ա՛յ այսպես։

 

ԼՈՂՈՐԴԸ

Լողում եմ. անվերջ ծով է արդեն

իմ ներքեւում ու իմ վերեւում։

Ձգվում է լողն իմ դեպի անդին,

ու ափերն արդեն չեն երեւում։

 

Ինձ զսպում եմ, որ չբղավեմ՝

օգնե՜ք, մթնո՜ւմ է, ո՜ւշ է արդեն…

Ես շիլաչեցի մի տղա եմ,

ու տեսածներըս հուշ են արդեն։

 

ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ

Դեռ շնչում ենք այս աշխարհում,

շնչում ենք ու ապաշխարում

եւ կյանքն արդեն չենք նշմարում

գողուբոզի այս աշխարհում։

 

Գողուբոզի այս աշխարհում

հարիֆներն են ապաշխարում,

այսինքն՝ մենք, այսինքն՝ ես…

Տանուլ տվի, Ամենատե՛ս։

 

ԱՅՍ ՑՐՏԻ ՄԵՋ

Ես փուչիկներ փչեցի,

Բայց օդի մեջ պայթեցին։

Բախտիս ձիուն հեծնեցի,

բայց կեսճամփին գայթեցինք։

 

Այս ցրտի մեջ, գիշերով

էլ ոչինչ չեմ երազում։

Փաթաթված գոլ հուշերով՝

ոչ մի տեղ չեմ վռազում։

 

ՏԱՂ ԱՆՑՈՂԻԿ

Ափսոս կյանք է՝ զիլ ու ղայիմ,

բայց մի քամի կքշի ինձ,

կերթամ. միթե լավ տղա եմ

Սվո Ռաֆից կամ Շուկշինից։

 

Դուք էլ կանցնեք. կսուրանք ցած՝

խփվելով մի անսիրտ քամուց.

եւ մենք կերթանք՝ չկշտացած

բարեկամից ու թշնամուց։

 

ՋԱՆ ԱՍԵՔ

Երբեւէ իմ այս կյանքում

հոգսերից ու ցավից զատ

բան չեմ տեսել. կտտանք ու

ելումուտ էր անազատ։

 

Նվվում եմ խեղճ ու անկամ

ու հոգիս եմ ներս հրում լուռ։

Մանթռաշից սուլում կամ

սուրճ եմ խմում ցմրուր։

 

Ոչ ոք ըսավ՝ սա տղի

պատռենք հոգին աղտեղի,

տեսնենք՝ ինչքա՞ն զարտուղի

արահետ կա եւ ուղի։

 

Ոչ ոք ըսավ՝ սա տղի

պատռենք հոգին աղտեղի,

տեսնենք՝ ինչքա՞ն թույն, լեղի,

աղբ դուրս կգա այնտեղից։

 

Ոչ ոք ըսավ՝ սա տղին

ջան ասենք, որ դիմանա,

որ մեզ նման այստեղի

կյանքի իմաստն իմանա։

 

ԿԱԶԻՆՈ

Ես՝ երկատված երկու բեւեռ։

Իմ չար կեսին հաղթեց բարին։

Էլ երբեւէ մեր այս կյանքում

չենք մեղանչի (իմ հոբարեն)։

 

Զնգզնգում է իմ երդումն այս

կազինոյի պղտոր օդում։

Որոճում եմ աղերս ու հայց.

պարտըվում եմ ու աղոթում։

 

Հասկանում եմ. այս վայրերի

համար չէր, որ ես ծնվեցի։

Ժամ եմ դրել. ուղիղ վեցին

կթարգեմ կյանքն այս վայրենի։

 

Սխալմո՞ւնք էր, որ ծնվեցի։

Արդ պատրա՞ստ է ատյանը իմ։

Ժամ եմ դրել. ուղիղ վեցին

ես կըլըքեմ պատյանը իմ։

 

ՄԱՆՐԱԹԵՄԱ

Հոռի, մինչեւ անգամ ոռի,

հոռացված ու մոռացված

կյանք է. կյանք չէ մարդու. բոռի

կյանք է. դարձյալ հոռացած

վրնջում է Պեգասը՝ ձիս

նյութի, փողի պակասից

եւ տալիս է տիրոջը՝ զիս

մի աննման աքացի։

 

ԱՆԲԱԽՏ ՏՂԱ

Երազիս մեջ վարդեր տեսա

ու ծաղկանց հեղեղ…

Թափոր տեսա, ու առջեւից

վստահ, փառահեղ

 

մի շեկ պարոն էն աշխարհ էր

հեռանում ընդմիշտ…

Ահա այդժամ ես հասկացա,

չէ՛, ավելի ճիշտ՝

 

զգացի՛, որ ի՛մ թաղումն է

ընթանում էդպես,

զի… դագաղս ինձ սեղմում էր՝

նոր կոշիկի պես։

 

ԴՈՒՔ ԿՅԱՆՔ ԵՔ

Հայրեր ու մայրեր.

ձեզ միշտ սիրել եմ,

քանզի դուք կյանք եք։

 

Եղբայրներ, քույրեր,

ձեզ միշտ սիրել եմ,

քանզի դուք կյանք եք։

 

Երեխաներ, ձեզ միշտ էլ սիրել եմ,

քանզի դուք կյանք եք։

Եվ ձեզ, առնետներ,

միշտ էլ սիրել եմ,

զի չեք պատրաստվում

լքել այս նավը,

որ չի խորտակվում։

 

ՆՈՐ ԴԱՐ

Արագ կյանք է աներես։

Պատուհաս է իսկական։

Էկանք հասանք, ախպերըս,

2000 թվական։

 

Արագ կյանք է. հորդում է։

Բան չըմընաց՝ մի տարի,

եւ, ախպերըս որ դու ես,

կպնելու ենք նոր դարին։

 

Դարավերջի տոներին

հասնում ենք, հա, բարեկամ։

Կլինեմ այդ օրերին

քառասունվեց տարեկան։

 

Էնքան շատ չի, որ ասեմ

շատ է. միջին մի տարիք։

Կնստեմ ու կսպասեմ՝

մինչեւ հրաշք կատարի։

 

ԱՔՐՈՍՏԻԿՈՍ

Հյուր հոգին է փնտրում անդորր

Այս աշխարհում ուրախ-տխուր։

Րոպեն թանկ է, տարին՝ էժան,

Ցավը մեղմ է, վերքը՝ դաժան։

 

Չոր սրտերն են պաղ ու դաժան

Կիսակառույց այս կյանքում, ուր

Այս պոետն էլ դառավ խուժան։

 

ՍԻՐՈ ՀԱՆԳԵՐ

Ես ծեծեցի անթիվ դռներ,

բայց չգտա պատկերը քո։

Հիմա էլ եմ ճամփեդ բռնել,

որ դու մարես պարտքերը քո։

 

Փշրվում է հոգուս պատին

իմ հոգոցը՝ սե՜ր, օ ազի՜զ…

Իմ հոգեւոր անապատի

մշտադալար քոլ-օազի՜ս։

 

ԴՈՒՔ ՔՆԱԾ ԵՔ

Նահատակներ ցավ ու սովի,

ցրտի, էշի նահատակներ,

դուք խրվել եք վշտի ծովի

պաղ ընդերքը. սա հատակն է։

 

Քաղաքային տրանսպորտի

պասաժիրնե՛ր ուշիմ ու ժիր,

դուք քնած եք, բայց կզարթնեք

ցնցումից մի վերին ուժի։

 

ԳԻՇԵՐԱՊԱՀ

Արտացոլում է ողջ բնությունն

իմ դժվար հոգու անվերջ քորն այս։

Փառք քեզ, իմ եղբայր անքնություն,

որ կրկնակի եմ ապրում օրն այս։

 

Նոր դեկորներ է անվերջ կախում

հայացքս՝ կառչած ամպ ու զամպից։

Ես իմ մի աստղի էջքն եմ կանխում

իմ երեւանյան պատշգամբից։

 

ՊԱՀԱԾՈ ԲՐԱԾՈ, ԳՏԱԾՈ ՀԱՆԱԾՈ

Մենք խրվել ենք այս կյանքի մեջ,

այս պաղի ու այս տաքի մեջ,

բիբլիական այս ծակի մեջ,

պապենական այս քաքի մեջ…

 

Ոտից գլուխ հնամենու

գարշահոտ է՝ ճանճը վրան…

Էլ ինձ լսել չե՞ք կամենում,

քննադատներ մեր նաիրյան։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30