Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԵՔ ՃԳՆԱԺԱՄ

Դեկտեմբեր 26,1998 00:00
chgnajam

Ծննդյան տոներն ու Ամանորը տարվա ամենաուրախ շրջանն է։ Բոլոր շարքային քաղաքացիների համար, բացառությամբ ֆինանսական ղեկավարության։ Դեկտեմբերից առաջ վերջիններս մի պահ բարիանում են։ Դառնում են Ձմեռ պապի պես մի բան։

Բարի-բարի ու հրապարակավ խոստանում են կատարել իրենց աշխատանքային պարտականությունները։ Խոստանում են վճարել ուշացրած կենսաթոշակներն ու աշխատավարձերը։ Հետո մասամբ կատարում են իրենց խոստումը։ Դրամական զանգվածի աճը միանգամից խախտում է երկրի տնտեսական անդորրը, որին մեր տնտեսական ղեկավարությունը մակրոտնտեսական կայունություն է անվանում։ Սա է վերջին տարիների հիմնական սյուժեն։ Սակայն անցնող տարին սովորական չէր։ 1998 թվականին մեր տնտեսությունը ցնցվեց առնվազն երեք անգամ։ Երկրի տնտեսական ու ֆինանսական վիճակի մասին ամենաստույգ տեղեկություն կարող է տալ պետական պարտատոմսերի շուկան։ Եթե գործարարները գնում են այդ պետական արժեթղթերը, նշանակում է վստահում են երկրի կառավարությանը։ Մյուս կողմից, քանի դեռ գոյություն ունի պարտատոմսերի շուկան, գնորդներ միշտ էլ գտնվում են։

Որքան վստահելի է կառավարությունը, այնքան ցածր են պարտատոմսերի շահութաբերության ցուցանիշները։ Դատելով պարտատոմսերի շուկայի տվյալներից, ամենառիսկային շրջանը եղել է ապրիլի սկիզբը։ Պետական կարճաժամկետ պարտատոմսերի տարեկան շահութաբերությունը այդ օրերին հասավ մոտ 75%-ի։ Պատճառն այն չէր, որ ներքին ներդրողները լսել էին, որ ապրիլի 10-ից երկիրը երջանկանալու է երիտասարդ վարչապետ ու արհեստավարժների թիվ մեկ կառավարություն ունենալու փաստով։ Նոր կառավարությունը տնտեսական ճգնաժամի թե՛ այդ, թե՛ հաջորդ փուլում որեւէ մաս չուներ։ Պատճառը երկրի քաղաքական անորոշ վիճակն էր եւ նախագահական արտահերթ ընտրությունները։ Հետո պետական պարտատոմսերի շահութաբերությունը նվազեց։ Նոր կառավարությունը նոր ծրագրով նոր խոստումներ տվեց։ Այն, որ երկրում ֆինանսական վիճակը լարված է, հասկանում էին բոլորը։ Այդ ոլորտում առանձնահատուկ թեթեւ վիճակ վերջին տարիներին չի էլ եղել։ Օգոստոսին մեր կառավարությանը «դավաճանեց» Ռուսաստանի վարչապետ Ս. Կիրիենկոն։ Ներքին ներդրողները պարտատոմս գնելը համարեցին ռիսկային գործարք եւ «պահանջեցին» բարձրացնել շահութաբերությունը։

Ճգնաժամի խորացումը կանխելու ելքեր փնտրելով, կառավարությունը ընտրեց ամենակարճ եւ ամենափորձված ճանապարհը։ Բյուջեն սկսեց չկատարել իր պարտավորությունները։ Առողջապահության ոլորտում՝ աշխատավարձերի ուշացումը հասավ 4-8 ամիսների, մյուս ոլորտում՝ մինչեւ 4 ամսվա ցուցանիշներին։ Վարչապետը հոկտեմբերի 17-ի իր հանրահայտ հանձնարարականներով դադարեցրեց շինարարության ֆինանսավորումը։ Այս քայլն, իհարկե, տեղավորվում էր ռուսական ճգնաժամի սցենարում։ Որպեսզի իրադրությունը չկրկնվի, մերոնք որոշեցին պարտատոմսերի վաճառքով պարտքեր չկուտակել։

Եվ քանի որ բյուջեն ծախսերը կտրուկ կրճատել էր, կառավարությունը սկսեց ավելի շատ գումարներ բաց թողնել պարտատոմսերի մարման համար, քան «աշխատել» նոր պարտատոմսեր «վաճառելով»։ Ըստ «Սեդ-Մարսեդ» ընկերության տվյալների՝ վերջին շրջանում ՊԿՊ-ներով ներգրավվել է ընդամենը 190 մլն դրամ։ Փոխարենը նույն ժամանակահատվածում բյուջեից վճարվել է մոտ 726 մլն դրամ։

Բայց մոտենում էր դեկտեմբերը։ Կառավարությունը խոստացել էր կատարել իր բյուջետային պարտավորությունները նպաստների եւ աշխատավարձերի գծով։ Խոստանալ՝ նշանակում է գոնե մասամբ կատարել։ Հույսը Միջազգային արժութային հիմնադրամի հերթական տրոհողն էր (ֆինանսական նարկոդոզայի հերթական բաժինը)։ Տաք-տաք կնքվեց հերթական պայմանագիրը։ Հերթական կառուցվածքային բարեփոխումների վարկի տեսքով։ Սա սակայն չէր կարող կանխել հերթական ֆինանսատնտեսական ճգնաժամը։ Վերջին տարիներին մեր տնտեսությունը իր պատկերով ու նմանությամբ առեւտուր է։ Բյուջետային տարվա ավարտը ուղիղ 40%-ով հույսը դրել էր նախատոնական առեւտրի վրա։ Սակայն երիտասարդ վարչապետը հուզական պոռթկման մի պահի հայտարարել էր, որ «Առավոտ» չի կարդալու։ Նոյեմբերի 26-ին, Մոսկվայում (հավանաբար առավոտյան թերթի կրպակում «Առավոտ» չէր գտել)։ Արդյունքում նա զրկվեց ինֆորմացիայի ճշգրիտ մի աղբյուրից՝ (թերթի համեստությունը թույլ չի տալիս գրել՝ ինֆորմացիայի միակ ճշգրիտ աղբյուրից)։ Իսկ դա հանգեցրեց տնտեսական հերթական, թվով երրորդ ճգնաժամին։ Բյուջեն չստացավ նախատոնական առեւտրից սպասված հարկային մուտք-եկամուտները։

Չարժի անընդհատ ձեւացնել, թե մենք առաջին պետությունն ենք, որ կերտում ենք շուկայական տնտեսություն։ Լիքը պետություններ են անցել այդ ճանապարհով։ Շուկայական տնտեսության ձեւավորման մի պահի ապրած Մարկ Տվենի խոսքը ձեւափոխելով կարող ենք գնահատել մեր տնտեսության վիճակը։ Շուկայի (իմա՝ մեր տնտեսության համար) հատկապես վտանգավոր է դեկտեմբեր ամիսը, ինչպես նաեւ հունվար, փետրվար, մարտ, ապրիլ, մայիս, հունիս, հուլիս, օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր եւ նոյեմբեր ամիսները։

ԱՐԱ ԳԱԼՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031