Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՏՎԻ ՏԱՐԻՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՆՆ Է

Դեկտեմբեր 26,1998 00:00
katu

1999 թվականը, ըստ արեւելյան հորոսկոպների, Կատվի կամ Ճագարի տարի է։ Թե ինչ անակնկալներ է մատուցելու 20-րդ դարի հարյուրամյակի եւ 2-րդ հազարամյակի նախավերջին տարին, դա թողնում ենք մերօրյա հորոսկոպագետներին, գուշակներին, գրբացներին… Տարին հաջողակ է լինելու ոչ միայն 12+12+12+12+… տարի առաջ ծնվածների ու ծնվելիք քաղաքացիների համար, այլեւ իրավաբանի, փաստաբանի մասնագիտություն ունեցողների, դատավորների համար։ Անշուշտ, հունվարի 12-ին «գցելով» դատավորների նշանակման օրը, չենք կարծում, թե «մերոնք» տեղյակ էին կամ հաշվի են առել ճապոնացիների կամ չինացիների կանխասացությունները։ Զուգադիպությո՞ւն էր, արդյոք՝ չգիտենք։ Բայց համոզված ենք, թե որքան կուրախանան արեւելքի մեր բարեկամները, երբ իմանան, որ դատաիրավական բարեփոխումները ոչ ավելի, ոչ պակաս, Հայաստանում սկսվեցին եւ կձեւավորվեն Կատվի տարում… չէ՞ որ ինչ-որ տեղ ինչ-որ բան իրենցից «խառն» է…

1999-ի դատավորը

Քանի որ գալիք տարին Կատվինն է, ուստի, անկախ դիտորդների կարծիքով, տարվա դատավորը կլինի, բնականաբար, Վճռաբեկ դատարանի անդամ Մարատ Կատվալյանը։

Տարվա դարձվածաբանական միավորները

Կատվալվա անել՝ գործը կարճել

Կատվամեռուկ տալ՝ անմեղսունակ ձեւանալ

Կատու դառնալ՝ ամբաստանյալներին բնորոշ վիճակ

Կատվին պանիր վստահել՝ սեմինարների համար վարկեր վստահել

Կատուն մեջքին թավալ չտալ՝ դատական կատարածու լինել

Նապաստակի սիրտ ունենալ՝ գող՝ սիրտը դող

Տարվա ասույթը

Նապաստակի գողը գող չի…

Թեստ դատավորի պաշտոնի հավակնորդների գիտելիքների ստուգման համար

Անպատշաճ կողմին փոխարինելուց հետո գործի քննությունը՝

1. Հետաձգվում է մինչեւ դատավորը ծանոթանա կողմերի առաջարկած գումարի չափին։

2. Կասեցվում է առանց գումարի չափի ճշտման։

3. Սկսվում է սկզբից, վերադասի զանգից հետո։

4. Շարունակվում է՝ լրագրողներին զարմացնելու համար…

5. Մինչեւ կողմը ծանոթանա գործի նյութերին, փոխվում են դատավորը, դատախազը, պաշտպանը, տուժողի ներկայացուցիչը, հասարակական պաշտպանը…

Ձմեռ պապին գող էր

Անգլիական Լիդս քաղաքի կենդանաբանական խանութի վաճառող-հսկիչը ուշադրություն դարձրեց տարեմուտին ձմեռ պապի արտաքինով գնորդներից մեկի տարօրինակ քայլվածքին։ Նրա կասկածները, ինչպես պարզվեց, հիմնավորված էին։ Դ. Սլեյթերը բռնվեց հանցանքի վայրում։ Դատարանում խոստովանեց իր հանցանքը, իսկ պատժվեց 50 ֆունտ ստեռլինգ տուգանքով։ Դատավորի ներողամտությունը բացատրվեց, մասամբ, ծիծաղաշարժ հանցակազմով։ Օգտվելով տոնական տրամադրությունից, «ձմեռ պապին» խանութից գաղտնի փորձել է դուրս տանել… երկու պիթոն, որոնցից յուրաքանչյուրի երկարությունը 1,5 մետր էր։ Նա վիշապօձերին թաքցրել էր շալվարի մեջ…

Պատկերացնել է պետք, թե հսկիչը ինչքան է զարմացել, երբ տեսել է «հղի» գողին…

Գող ասացինք, հիշեցի։ Մի լոռեցի մտնում է գաղութ ու հարցնում.

-Տղե՛ք, ստի գողն ո՞վ ա։

Ցույց են տալիս գողին։

-Դե կաստըմըս կախըմ եմ, գողանաս ոչ։

Ավտոտեսուչների փոխարեն

Հռոմում ծանր ժամանակներ էին ստեղծվել ավտոմեքենաների վարորդների համար։ Եթե ավտոմեքենան կանգնի արգելված որեւէ կանգառում, ապա մոտենում է ամբարձիչ կռունկով բեռնատարը եւ ավտոմեքենան «ուղեկցում» ոստիկանական բաժանմունք։

Վտանգավորը վտանգավորների մեջ

Ըստ Բրազիլիայի ապահովագրական գործակալության վիճակագրության, ամենից հաճախ այս երկրում ֆիզիկական հաշվեհարդարի զոհ են դառնում ֆուտբոլային դատավորները։ Երկրորդ «պատվավոր» տեղում են ամուսնության գործով միջնորդները։

«Կին-ոստիկանն» ամաչում էր

Հարավաֆրիկյան ոստիկան Պիտեր Վիկը ծառայողական մոտոցիկլով վթարի ենթարվեց։ Սակայն, անհասկանալի պատճառներով, հրաժարվում էր հանել արտահագուստը։ Երբ հիվանդանոցի ծառայողները նրան ստիպեցին հանել հագուստը, պարզվեց, որ ոստիկանը հագին ուներ կանացի գուլպա-վարտիք։ Դա հետագայում նպաստեց «Էսկորտ» ֆիրմայի արտադրանքի վաճառքի ավելացմանը…

Չապլինը կարող էր դատվել մանր խուլիգանության համար, եթե…

Մանկության տարիներին Չարլի Չապլինը մի անգամ անզգուշորեն ջարդեց խանութի ցուցափեղկի ապակին։ Նա վախեցած սկսեց փախչել, սակայն խանութի տերը հասավ նրան, բռնեց օձիքից եւ. «Բռնվեցի՞ր, ստոր, անպիտան, դու գիտե՞ս, որ վճարելու ես կոտրած ապակու համար»։ Չապլինը պատասխանեց. «Իհարկե, ես էլ հենց տուն էի վազում դրամ բերելու համար»։

Էլեկտրոնային «միջնորդը»

Գաղտնիք չէ, թե այս աշխարհում որքան է մեծացել էլեկտրոնային հաշվիչ մեքենաների դերը ամուսնական զույգ ընտրելիս։ Քչերին է հայտնի, որ մինչ այն մարդկանց «վրա» կիրառելը, կիրառվել է առաջին անգամ Լեհաստանի պետական աղվեսաբուծական ֆերմայում։ Հաշվիչ տեխնիկայի զանգվածային կիրառությունը ապահովեց մուշտակավորների արագ զարգացումը։ ԷՀՄ-ով ընտրված յուրաքանչյուր էգ լույս աշխարհ էր բերում 9 ազնվացեղ աղվեսիկ, իսկ եթե չէր բերում, չգիտենք «պատժվո՞ւմ» էր, արդյոք, էլեկտրոնային խնամախոսը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031