Լրահոս
Օրվա լրահոսը

Այսքա՜ն ջահել, ու այսքա՜ն… պետական ծառայող

Փետրվար 27,1999 00:00

Այսքա՜ն ջահել, ու այսքա՜ն… պետական ծառայող Հարգարժան պրն Աբրահամյան Անցյալ, ներկա, պարզորոշ է՝ նաեւ ապագա, ԱԺ խոսնակների աջ թեւ Վահագն Մկրտչյանը փետրվարի 25-ին «փայլատակել» է Ձեր թերթի էջերում իր ողջ բարոյական նկարագրով։ Գնահատելի կեցվածք է. հասարակությանը զգուշացրել է, թե ով է ինքը եւ ինչերի է ընդունակ։ Այնուամենայնիվ, քանի որ սույն հրապարակման մեջ քանիցս «անմահացրել է» նաեւ իմ անունը, խնդրում եմ հրապարակել իմ պատասխանը։ Ես սույն Վ. Մ.-ի օրինակին չեմ հետեւում եւ իր անուն-ազգանունը փոքրատառով չեմ գրում ընդամենը մի պատճառով. հարգում եմ իմ մայրենի լեզվի բարեկիրթ ավանդույթները։ Միանգամից ասեմ, որ նույնիսկ Վահագն Մկրտչյանի շուրթերն են, անկախ իր կամքից, երբեմն-երբեմն ճշմարտություն բարբառում։ Իրոք, ես եւ փաստաբան Ժուդեքս Շաքարյանը «համարձակվել ենք», առանց ԱԺ խոսնակի ու նրա խորհրդականի համաձայնությունը ստանալու, մտնել դատավոր Ա. Առաքելյանի աշխատասենյակ եւ տեղյակ պահել, որ հայցվոր կողմը ներկայացել է դատական նիստին։ Քանի որ, արդեն երկրորդ անգամ, պատասխանող կողմը չկար, դատավորը առաջարկեց մեկ ժամ սպասել։ Ակնհայտորեն, դատավորը հայ ժողովրդի ո՛չ միայն ընտրյալ ներկայացուցիչների, նաեւ՝ սովորական մահկանացուների ներկայացուցիչների առողջության պահպանման կողմնակից էր, եւ քանի որ դրսում սաստիկ ցուրտ էր, առաջարկեց իր սենյակում սպասել մինչեւ ԱԺ-ից բարեհաճեն պատասխանել՝ ներկայանալո՞ւ են դատարան, թե՞ կրկին պիտի հետաձգվի նիստը։ Սպասեցինք։ Մի քիչ՝ դատավորի սենյակում, ավելի շատ՝ դրսում, որտեղ ցրտից սառչում էին լրագրողները։ Որքան էլ հաճելի լիներ դատավորի ընկերակցությունը, մեր գործընկերների հետ դրսում սառչելը ավելի հաճելի էր։ Այդ օրը «գործին» առնչվող ընդամենը մի հարց տվեցի դատավորին. -Եթե մե՛նք էլ մեկ ժամ ուշանայինք, Խոսրով Հարությունյանին կառաջարկեի՞ք, որ մեզ սպասի։ -Իհարկե,- պատասխանեց դատավորը։ Սպասեցինք։ Չեկան։ Հաջորդ դատական նիստին պատասխանող կողմի մուտքը, իրոք, մեղմ ասած, աննկատ չանցավ։ Դե՝ շքեղ, սեւաթույր ավտոմեքենաներ, բջջային հեռախոսներ, թիկնապահներ, Վլադիմիր Նազարյան… Որ նրանք անմիջապես հրավիրվեցին այն սենյակ, որի դռան մոտ (հակառակի պես) հավաքված էինք ես եւ լրագրողները, որ՝ նախանձելի արագությամբ նրանց սուրճ մատուցվեց, ուզենք-չուզենք՝ տեսանք։ Հիմա թե՜ դրանից հետո ո՞վ սուրճ խմեց, ո՞վ չխմեց, Վլադիմիր Նազարյանը խմե՜ց, մնացածները նայեցի՜ն, մնացածները խմեցի՜ն, Վլադիմիր Նազարյանը նայեց, բոլորն էլ խմեցին, բաժակներն էլ շրջեցին՝ այդ սենյակի պատերից դուրս գտնվող առաջադեմ մարդկությանը անհայտ մնաց։ Լրագրող Ռուզան Մինասյանն, իրոք, սխալվել էր. դա ա՛յլ դատավորի սենյակ էր, Ա. Առաքելյանի սենյակը չէր։ Եթե նույնիսկ Արամ Աբրահամյանը «կողմնապահություն» անի եւ այս «խայտառակ» ապատեղեկատվության համար Ռուզան Մինասյանին խստորեն չպատժի, միեւնույն է՝ հետագա սերունդները նրա այդ «աններելի» արարքի արդար գնահատականը կտան։ Ականատեսներս, ի դեպ, հանգիստ վերաբերվեցինք այդ կայացած կամ չկայացած սրճախմության արարողությանը, դատարանի աշխատակիցների ոգեւորությունը բնական համարեցինք։ Ի վերջո, մեր այս, իբր թե ժողովրդավարական, խառնիփնթոր երկրում աննախադեպ բան էր ԱԺ խոսնակին պատասխանող կողմի կարգավիճակում տեսնելը։ Այլ հարց է՝ նախընտրական շոո՞ւ էր այդ այցը, թե՞ ինչպես ազգային եւ «Արմենիա» հեռուստաընկերությունները գրեթե նույն բառերով ու նույն շարադասությամբ տարփողեցին՝ արդարադատության հանդեպ Խոսրով Հարությունյանի խորին ակնածանքի դրսեւորում։ Դատելով նշածս հեռուստաընկերությունների՝ հաջորդ օրերի նիստերի հանդեպ քար անտարբերությունից (ԱԺ խոսնակը հաջորդ նիստերին չներկայացավ), շոուի վարկածը ավելի ճշմարտանման է։ Պետական ծառայողի իր արտոնյալ կարգավիճակի խորը գիտակցումը Վահագն Մկրտչյանին ժամ առ ժամ անկառավարելի է դարձնում։ Սա ակնհայտ է։ Իր փուչ մեղադրանքները դատարանի դահլիճից վարպետորեն մամուլ փոխադրող պրն Մկրտչյանին եւ «ՀՀ»-ից նրան «դոսյեներ» մատակարարողներին առաջարկում եմ ինձ դատի տալ՝ աշխատավարձը բարձրացնելու համար։ Խոստանում եմ, որ նրանք այնտեղ չեն ձանձրանա։ Իսկ թե ինչո՞ւ չեմ բարձրացրել չորս լրագրողների աշխատավարձերը, միանգամից պատասխանեմ՝ սխալ եմ արել։ Պետք է հեռացնեի աշխատանքից։ Նրանք էլ թող ինձ դատի տան։ Եվ եթե գտնվի մի դատավոր, որ պնդի, թե՝ ԱԺ միջանցքներում եւ ԱԺ ղեկավարության աշխատասենյակների դռների մոտ «հերթապահելու», պատերի տակ զազրախոսելու եւ ոչ մի տող չգրելու համար լրագրողի աշխատավարձը բարձրացնում են, ուրեմն՝ մեր երկրի իրավական դաշտը, իրոք, աննախադեպ «վերելք» է ապրում։ Այս «ըմբոստ» քառյակի մասին ավելին ասելը իրենց համար մեծ պատիվ եմ համարում։ Ավելացնեմ միայն, որ սույն «կտրիճ դավոների» հաղթարշավը տեսնելով, վերջերս ավելի հաճախ եմ սկսել մտածել, որ այս երկիրը մայրիշխանությունը կփրկի։ Ամենազավեշտականը. «պատմական» դատական նիստից հետո «ՀպրտցոսՌՍՈ ԸՐՎպվՌ255» թերթում Խոսրով Հարությունյանն ու Վահագն Մկրտչյանը սրտներն ուզածի չափ մեղադրեցին ինձ։ Մեղադրանքներից մեկն էլ այն էր, որ ըստ Վ. Մկրտչյանի, իմ խմբագրած «ՀՀ»-ում պլյուրալիզմ չկար։ «Բարիկադների վրա ազատ խոսքի համար անձնազոհաբար պայքարող» Վահագն Մկրտչյանի պատկերացմամբ, եթե պլյուրալիզմը այն է, որ պատասխանող կողմից երկուսին ազատ հնարավորություն են տալիս արտահայտվելու, հայցվոր կողմին՝ ոչ, ապա, անշուշտ, այդ «պլյուրալիզմի» հե՛տքն անգամ «իմ» թերթում չկար։ Եզրափակեմ. Ե՛վ դատարանում, ե՛ւ մասնավոր զրույցներում, Վահագն Մկրտչյանը չի թաքցնում, թե պետական ծառայող ասելով՝ ինքը ինչ է հասկանում։ Այդ առիթով զարմանքս ու զարհուրանքս արտահայտեմ մի բացականչությամբ. -Այսքա՜ն ջահել, ու այսքա՜ն… պետական ծառայող։ ԼԻԶԱ ՃԱՂԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել