Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Անաղմուկ թռիչքներ աղմկահարույց ինքնաթիռով

Փետրվար 27,1999 00:00

Անաղմուկ թռիչքներ աղմկահարույց ինքնաթիռով Հայի մի տեսակ կա, որին եթե որեւէ տեղ դժվարանաս գտնել, ապա հարկավոր է օգտվել «Հայկական ավիաուղիների» ծառայություններից, նստել այնքան աղմուկ հանած «Էյրբաս Ինդուստրի» Ա310-200 տիպի օդանավը, թռչել որեւէ ուղղությամբ, ասենք՝ Փարիզ եւ սրտիդ ուզածի չափ նայել մեր հայերին։ Այնպես պատահեց, որ վերոհիշյալ ինքնաթիռում իրարից անկախ հանդիպեցին մի մեծ խումբ ՀՀ քաղաքացիներ, որոնք մեկնում էին աշխարհի այլ երկրներում բախտ որոնելու, ինչպես նաեւ մի շարք պաշտոնատար (ներկա եւ անցյալ) անձինք։ Ներկաների թվում էին ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը ու արտգործնախարար Նաիրա Մելքումյանը, ՀՀ նախկին ԱԳ նախարար Վահան Փափազյանը, «Ազգ» օրաթերթի խմբագիր Հակոբ Ավետիքյանը, ինչպես նաեւ Կանաչների նախագահ Հակոբ Սանասարյանը։ Պարզեցի, որ վերջինս ինչ-որ սեմինարի է գնում։ Այսպես սեմինարից-սեմինար են թռչում հայերը, իսկ բուն Հայաստանում բոլոր գործերը մնում են բարձիթողի։ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանն ու ԱԳ նախարար Նաիրա Մելքումյանը պաշտոնական որեւէ խոսակցություն մերժեցին, պարզապես հայտնելով, թե մեկնում են ԱՄՆ, ինչ-որ շատ կարեւոր խորհրդակցության։ Մյուս ուղեւորներից յուրաքանչյուրն իր բացատրությունն, անշուշտ, կունենար։ Ա310-ը 1500 ժամ շահագործվել է Հենց այս պատմական թռիչքի մասնակիցը եղանք եւ տեղում էլ որոշեցինք ոչ թե ձեռքներս ծալած նստել ու թռիչքային 11 հազար մետր բարձրությունից հիանալ աշխարհի կլորությամբ եւ ամպերի ճերմակությամբ, այլ՝ խանգարել օդաչուների աշխատանքը՝ մի քիչ նրանց խոսեցնելով։ Սերգեյ Խառատյան («Հայկական ավիաուղիների» հրամանատար)- «Էյրբաս» Ա310 ինքնաթիռը շահագործելու համար ավիաուղիների 11 օդաչուներ հատուկ վերապատրաստում են անցել Տուլուզի համապատասխան կենտրոնում։ Պատրաստ ունենք հինգ անձնակազմ։ Ինքնաթիռը կառավարվում է համակարգչային եղանակով։ Այժմ, չորս հոգիանոց անձնակազմի փոխարեն, ինքնաթիռը կառավարում են երկուսը։ «Էյրբասը» շահագործելու համար հարկավոր է տիրապետել անգլերենին եւ երկրորդը՝ որոշ սկզբունքային փոփոխություններ կան կառավարման հետ կապված այն պատճառով, որ ինքնաթիռն աշխատում է համակարգիչներով։ «Էյրբասը» շահագործելը մեզ համար դժվար չէր, որովհետեւ նրանք, որ շահագործում էինք մինչեւ այժմ, այնքան հագեցած չէին ավտոմատիկայով որքան «Էյրբասը», սա թույլ է տալիս որոշ գործողություններ ավտոմատ կատարել, մենք միայն հետեւում ենք։ Այս ինքնաթիռը հնարավորություն ունի զրո տեսողությամբ վայրէջք կատարել այն օդանավակայաններում, որոնք հագեցած են համապատասխան միջոցներով։ «Էյրբասը» բոլորովին ծեր չէ «Էյրբաս-Ինդուստրի» Ա310- 200 ինքնաթիռի վարձակալման շուրջ ծագած խոսակցությունների ընթացքում շոշափվում էր նաեւ այն փաստարկը, թե ինքնաթիռը 15 տարեկան է, հետեւաբար՝ ծեր։ «Հայկական ավիաուղիները» վստահեցնում են. «Այս տիպի ինքաթիռների տարիքը չի որոշվում նրանց կենսաբանական ծնունդով, այլ թռած ժամերի քանակով, իսկ հայկական «Էյրբասը» թռել է ընդամենը 20 հազար ժամ, մինչդեռ նրա թռիչքային հնարավորությունները 70 հազար ժամից ավելի են։ Ա310-200 օդանավը բավարարում է եվրոպական օդանավակայանների կողմից ներկայացվող աղմուկի եւ վնասակար արտանետումների պահանջները։ Ա310-200 օդանավն այս առումով ունի առավելություններ, որը հնարավորություն կտա հայկական ավիաընկերությանն իրականացնել ճկուն եւ արդյունավետ փոխադրումներ»։ Հիշեցնեմ, որ Ա310 օդանավերը ԱՊՀ երկրներում վարձակալության ճանապարհով շահագործվում են արդեն 4-5 տարի։ Օդանավի տեխնիկական սպասարկումն ապահովում է բելգիական Sabena Technic ընկերությունը, որը միաժամանակ ուսուցանում է անձնակազմին։ Օդանավի տեխնիկական վիճակը յուրաքանչյուր եռամսյակ տեսչական վերահսկողության է ենթարկվում Ֆրանսիայի ավիացիոն իշխանությունների կողմից, քանի որ օդանավը Ֆրանսիայում է գրանցված։ «Հայ օդաչուները շատ լավ են տիրապետում օդային կառավարման սկզբունքներին»։ Սա «Էյրբաս Ինդուստրիի» փոխնախագահի հատուկ կարծիքն է։ Ուշաթափվող հայերը Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում մնացող հայերի հոծ խմբերը ճանապարհում էին թռչող հայերի մի հոծ խմբի։ Դեպի Ամերիկա մեկնողների մեջ ուշաթափվողներ եղան, որոնք, ի դեպ, ինքնաթիռում հանգիստ էին, իսկ Փարիզի օդանավակայանում աշխուժորեն վազում էին դեպի Բոստոն մեկնող ինքնաթիռը։ Թերությունների մասին «Հայկական ավիաուղիների» «Էյրբաս» Ա310-200 օդանավը փափուկ թռիչք ու վայրէջք կատարեց, բայց մի լուրջ թերություն «Առավոտը» չի կարող չարձանագրել՝ ինքնաթիռում օրվա թարմ թերթեր եւ ամսագրեր չկային, եղածները մի քանի օրվա վաղեմություն ունեին։ Մի ուշագրավ փաստ եւս չվրիպեց մեր ուշադրությունից. նույնիսկ երկու օրվա հնության «Առավոտը» ուղեւորները ձեռքից-ձեռք էին փախցնում։ Մինչեւ վայրէջքը բոլոր խաչբառերը լուծված էին։ Մ. ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728