Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՇԱԽՆ ՈՒ ՄԱՏԸ

Մարտ 31,1999 00:00

ԿԳ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՇԱԽՆ ՈՒ ՄԱՏԸ Ամեն տարի, գարնան նորամուտն անհանգիստ զգացողությամբ է համակում բոլոր այն ընտանիքներին, որոնք ակամայից ապրում են իրենց զավակների դիմորդացավ հոգսերով՝ աչքն ու ականջը հառելով ՀՀ «բուհական ընդունելության քննությունների» (ասել է թե ԿԳ) նախարարության հերթական նորամուծություններին, կցկտուր եւ ուշացած տեղեկատվությանը, անիրագործելի ու դեկլարատիվ խոստումներին։ Մյուս կողմից էլ, եթե հավատանք ԿԳ նախարարին, ապա պարզվում է, որ դիմորդների (800-11000) 80%-ը դասավարժվում է կրկնուսուցմամբ՝ ռեպետիտորների բանակին տարեկան մուծելով 10-12 մլն դոլար։ Սակայն մասնավոր դասավարժանքը դեռեւս երաշխիք չէ դիմորդից ուսանող դառնալու համար, եւ եթե դիմորդ-զավակի գիտելիքները պակաս են կամ թերի, փորձում են լեզու գտնել տարբեր մակարդակի չինովնիկների, առարկայական հանձնաժողովների նախագահների կամ տեղակալների հետ։ Միջնորդությունների այս ատյանում պատվիրված գնահատականների «գլխանց արժեքը» տատանվում է 1000-5000 դոլարի սահմաններում, ուստի կխնդրեի ԿԳՆ պաշտոնաթերթին՝ հրապարակել հուլիս-օգոստոս ամիսների ստվերային դրամաշորթության չափերը, որը, իմ խորին համոզմամբ, կազմում է շուրջ 20-30 մլն դոլար, այն դեպքում, երբ հանրապետության տարեկան պետբյուջեն ընդամենը 300 մլն դոլար է։ Վերը նշված կաշառքաչափի «չնախատեսված» արտահոսքը կանխելու համար էլ այսքան տարիներ բուհական ընդունելության քննությունները գտնվում են հանրապետության նախագահի, վարչապետի, իշխող կուսակցությունների շահագրգիռ ուշադրության եւ հսկողության կենտրոնում, իսկ ժողովրդի աչքին թոզ փչելով իրականացնում են արհեստավարժ ու թափանցիկ բարեփոխումների պատրանքներ՝ առարկայական հանձնաժողովների նախագահներին բերման ենթարկելով, նրանցից ստահոդ երդումներ պահանջելով։ Այս տարվա մեխը մի շարք առարկաներից բուհական ընդունելության քննությունը իրենց ոչ մրցութային մասով դպրոցներ տեղափոխելն է՝ նպատակ ունենալով դպրոցը ոտքի կանգնեցնել ընկած, ծնկաչոք վիճակից, ինչը այնքան էլ տրամաբանական չէ, եւ բացատրեմ թե ինչու։ Դեռեւս սոցիալիզմի տարիներին, գրեթե բոլոր դպրոցների շենքային տարածքները վերածվում էին ընտրական տեղամասերի, իսկ տեղամասային հանձնաժողովների նախագահների ու անդամների ծանրակշիռ մասն ընտրվում էր ուսուցչական կոլեկտիվներից։ Նույնը սպասվում է նաեւ այս տարվա ավարտական քննությունների նախաշեմին, քանի որ մոտենում է մայիսի 30-ը, Ազգային ժողովի պատգամավորների ընտրության օրը։ Եվ ստացվում է, որ առաջիկա ընտրություններում դպրոցների մանկավարժական կադրերի ցուցաբերած իշխանամետ վերաբերմունքի ու ծառայությունների համար՝ ավարտական մի շարք քննություններ մասամբ վերաձեւվում են բուհական ընդունելության ստուգարքի, դրանով իսկ երկրապահ-դաշնակցական հովանավորությամբ դոլար աշխատելու հնարավորություն տալով կրթության բաժնի պետերին ու վարիչներին, դպրոցների տնօրեններին, հայոց լեզվի, պատմության, մաթեմատիկայի, ֆիզիկայի, օտար լեզուների, քիմիայի, կենսաբանության մասնագետներին, իսկ ես՝ քսաներկու տարվա աշխարհագրագետ-մանկավարժս, ոչ մի հնարավորություն չեմ ունենալու «օգտվել այդ օրինականացված թալանից»։ Դպրոցը էլի կմնա ծնկաչոք, մանկավարժների մի մասը կգայթակղվի նվաստացուցիչ կաշառքով, կփոխվեն կառավարությունն ու ԿԳ նախարարը, սակայն ուսուցիչը կմնա կաշառակերի դաջվածքով։ Այսօրինակ փորձեր արվել են նաեւ 1995 թ. (Սահմանադրության հանրաքվե, Ազգային ժողովի պատգամավորների ընտրություններ) եւ 1996 թ. (նախագահական ընտություններ), երբ թացն ու չորը խառնվել էին իրար, ծույլն ու գերազանցիկը հավասարեցվել էին, դպրոցներում թեւածում էր քննական արդյունքների 18-20 բալանոց ալիքը, եւ հիմա նախընտրական կաշառքի տեսքով հրամցնում են հերթական խայծը։ Կաշառակերության բուրգի բազմանկյուն հիմքում կդասավորվեն առարկայական քննական հանձնաժողովների նախագահների ֆիգուրները, որոնք անվերապահորեն կունենան համալսարանական կրթություն, կընտրվեն քավոր-սանիկական, ուտուշ- խմուշային, խաշ-խորովածային կամ կուսակցական սկզբունքով, իսկ «Հայ ժողովրդի պատմություն» առարկայի հանձնաժողովի նախագահը առաջիկայում կզբաղեցնի նախարարի, գուցե թե փոխնախարարի պաշտոնը։ Այսպես եղել է, այսպես էլ կլինի, եւ ոչ մի պատահական ու անկապ ֆիգուր։ Իմ դիտարկումները վկայում են, որ դասախոսների մի ստվար խումբ, թվով 250 մասնագետ, արհեստավարժվում են «քննող-ստուգող» որակավորմամբ, այլապես ինչո՞վ բացատրել քննական հանձնաժողովների իներտությունը, անփոփոխ աշխատաոճը, շարունակական կաշառահավաքությունը, անպատժելիության սինդրոմը, պատասխանատվության իսպառ բացակայությունը։ Կոլեգաներ ու ծանոթներ ունեմ, որոնք այսօր իսկ վստահ են, որ կընդգրկվեն բուհական ընդունելության քննությունների հանձնաժողովներում, քանի որ իրենք անփոխարինելի են, ունեն բազմաթիվ կապեր ու բարձրաստիճան հովանավորներ, «գործ դզելու» վարպետներ են, «պուզատի» հաճախորդների մատակարարողներ են։ Եվ գուցե թե ճիշտ էր ԿԳ ներկայիս նախարարը, երբ խոստովանում էր, որ կաշառակերության դեմ պայքարում չկան ո՛չ փուլային, ո՛չ փաթեթային, ո՛չ էլ բլոկով միջոցներ։ Որ հանրակրթական դպրոցները կաթվածահար են, վերածվել են հեռակա ուսուցման համալիրների, գնահատականների ու ավարտական վկայականների սուպերմարքեթների՝ ոչ մեկին չի անհանգստացնում, իսկ առյուծի կաթ ճաշակած ԿԳ նախարարը մոռանում է՝ ա) Հստակեցնե՛լ եւ զտե՛լ ուռճացված առարկայական պետական ծրագրերը, բ) վերախմբագրե՛լ եւ ժամանակի ոգուն ու պահանջներին համապատասխանեցնե՛լ դպրոցական դասագրքերը, գ) ստեղծե՛լ մնայուն, մի քանի տարվա համար ծառայող մեթոդական ձեռնարկներ, դ) գոնե կրկնակի բարձրացնե՛լ ուսուցիչների աշխատավարձը, ե) ապահովե՛լ դասագրքերի անվճար բաշխում կամ դասագրքերի գնի իջեցում, զ) կազմակերպե՛լ եւ հրատարակե՛լ երկարատեւ օգտագործման առարկայական հարցարաններ, ուղեցույցներ, է)պատրաստե՛լ տարբեր առարկաների գծով բուհական ընդունելության ձեռնարկներ, ը) հեռուստատեսությամբ հեռարձակե՛լ ուսումնական հաղորդումներ՝ բարձր դասարանցիների եւ դիմորդների համար, թ) վերականգնե՛լ մեդալակիրների, միջազգային եւ հանրապետական առարկայական օլիմպիադաների հաղթողների արտոնությունները, ժ) մեկընդմիշտ արգելե՛լ դրամահավաքության ստորացուցիչ սովորույթը դպրոցում։ Ես ինձ մարգարե չեմ համարում, բայց խնդրում եւ պահանջում եմ նախարարից՝ իրագործել թվարկածս 10 պատվիրաններից գոնե մեկը, եւ հավատացե՛ք, որ ժողովուրդը կգնահատի ԿԳՆ աշխատանքը։ Այս տարի աղջիկս ավարտում է դպրոցը եւ պատրաստվում ընդունվել ժողովրդական տնտեսության ինստիտուտ՝ օրնիբուն պարապելով հայոց լեզու, մաթեմատիկա եւ աշխարհագրություն։ Ամենուրեք վաճառվում են 1995-98 թթ. հրատարակված հարցարաններ, հարցաշարեր, շտեմարաններ, ժողովածուներ, սակայն այս քաոսի մեջ դժվար է կողմնորոշվել։ Հատկացված չորս ամիսներն ակնթարթորեն կանցնեն, իսկ 99-ի հարցարաններերը չկան, կամ էլ դիմորդներին կհրամցվեն քննություններից հաշված օրեր առաջ։ Հունվարյան հեռուստաելույթներից մեկում, մասնավորեցնելով քիմիայի եւ աշխարհագրության օրինակով, ԿԳ նախարարը խոստացավ, որ առարկայական հարցարանները շատ կարճ ժամկետում պատրաստ կլինեն։ Անցել է արդեն երկու ամիս։ ՀՐԱՆՈՒՇ ՄԱԼԽԱՍՅԱՆ 1975-97 թթ. աշխատել է Գյումրիի թիվ 4, Երեւանի թիվ 38 եւ թիվ 12 դպրոցներում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել