Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԵՂ-ՏԵՂ ԿԱՏԱՐԱԾ ՈՒ ԹԵՐԱԿԱՏԱՐԱԾ ԲՅՈՒՋԵՆ

Հունիս 30,1999 00:00

ՏԵՂ-ՏԵՂ ԿԱՏԱՐԱԾ ՈՒ ԹԵՐԱԿԱՏԱՐԱԾ ԲՅՈՒՋԵՆ Արդեն առիթ եղել է նշելու, որ ՀՀ բյուջեի կատարողականի մասին հաշվետվությունը վերջին տարիներին իր բնույթով ավելի շատ փիլիսոփայական տրակտատ է հիշեցնում։ Ոչ ոք լուրջ չի վերաբերվում հին կառավարության հաշվետվությանը։ Արմեն Դարբինյանի կառավարությունը ապրիլի 30-ին ներկայացրեց 1998-ի բյուջեի կատարողականը։ Ազգային ժողովի հին կազմը այդպես էլ ժամանակ ու քվորում չգտավ այդ փաստաթուղթը քննարկելու համար։ Քննարկումը ամենայն հավանականությամբ՝ թեթեւ ոճով, հենց այնպես, ընդունած լինելու համար կքննարկվի նոր խորհրդարանում։ Մեկ-երկու ժամ տեւող քննարկման ընթացքում արագ-արագ կներկայացվի հետեւյալը։ Ինչպես հավաքվեց բյուջեն Բյուջեի հաշվետվությունը հին կառավարությունը սկսել էր «մակարդակ» նախադասությամբ։ Այդ նախադասությունը պետք է ապացուցեր, որ մեր տնտեսությունը համաշխարհային տնտեսության մի մասն է եւ տարուբերվել է նրա հետ։ «1998 թ. համաշխարհային տնտեսական զարգացումների առումով առանձնացավ նախեւառաջ ասիական տարածաշրջանում եւ Ռուսաստանում տեղի ունեցած ֆինանսական տնտեսական ճգնաժամերով, ինչը մեծապես վնասեց բազմաթիվ երկրների»։ Հետո խոսվում է հարկային մուտքերի մասին։ Բյուջեի մուտքերի հատվածը կատարվել է 109,9%-ով։ Հարկային մուտքերի հատվածը գերազանցվել է 1,4%-ով։ Ավելացած արժեքի հարկը կատարվել է 124,9%-ով, եկամտահարկը՝ 210%-ով, շահութահարկը՝ 23,2%-ով։ Փոխարենը՝ ակցիզային հարկը թերակատարվել է 35,6%-ով։ Կառավարությունը, իհարկե, սեփական բացատրություն հորինել է ներմուծվող ծխախոտից գանձվող ակցիզային հարկի մասին։ Իհարկե՝ չնշելով, որ ալկոհոլային խմիչքների արտադրությունը կրճատվել է 23,3%-ով (դրա բացատրությունը չկա)։ Մաքսատուրքերի գծով եւս բավական լուրջ թերակատարում է արձանագրվել։ Նախատեսված 13,1 մլրդ դրամի փոխարեն գանձվել է 10,4 մլրդ դրամ մաքսատուրք։ Չեն վստահել-1 1998-ի պետական բյուջեն ենթադրում էր, որ ստացվելու են 21,3 մլրդ դրամի չափով գրանտներ։ Փոխարենը ստացվեց 16,1 մլրդ դրամ։ Միջազգային կազմակերպություններն ու օտար կառավարությունները 43,3%-ի չափով պակաս վստահեցին Արմեն Դարբինյանի կառավարությանը։ Չեն վստահել-2 Միջազգային ֆինանսական կազմակերպությունների եւ օտարերկրյա վարկային միջոցների հաշվին անցած տարի իրականացվել են ծրագրեր 21 մլրդ 764 մլն դրամի չափով։ «Վերջիններիս կատարողականը պլանավորվածի նկատմամբ կազմել է ընդամենը 64%, ինչը բացասաբար է անդրադարձել բյուջեի կատարման վրա»,- գրում է կառավարությունը։ Վարկային ծրագրերի կատարումը, փաստորեն, թերակատարվել է 36%-ի չափով։ Թերակատարված բյուջե Պետական բյուջեի ծախսերը «կազմել են նախատեսվածի 88,8%-ը»։ Շատ հետաքրքիր, նույնիսկ ուսանելի է տեսնել, թե տնտեսության որ ոլորտների հաշվին է խնայել կամ թերակատարել բյուջեն կառավարությունը։ Չեն թերակատարվել այն ոլորտները, որտեղ թերակատարումը պարզապես չէր ներվի։ Այսինքն՝ կառավարության հրաժարականը մի քանի ամիս ավելի շուտ կկայանար։ Առնվազն։ Խոսքը ընդհանուր բնույթի պետական ծառայությունների եւ պաշտպանության գծով ծախսերի մասին է։ Հետո արդեն սկսվում է թերակատարումների շքերթը. -Հասարակական կարգի պահպանություն եւ անվտանգություն՝ 96,1%։ Ընդորում դատական համակարգը ֆինանսավորվել է 75,8%-ով (հավանաբար դիտարկվել է որպես ինքնաֆինանսավորվող համակարգ)։ -Կրթության եւ գիտության ոլորտ՝ 92%։ -Առողջապահություն՝ 77,4%։ Ընդորում ամենացածր ցուցանիշով ֆինանսավորվել են պոլիկլինիկաներն ու ամբուլատորիաները (58,3%)։ -Սոցիալական ապահովագրություն եւ սոցիալական ապահովություն ՝ 93,8%։ Խիստ «հաճելի» է նկատելը, որ կենսաթոշակային եւ զբաղվածության հիմնադրամը միջոցներ ծախսել է 84,7%-ի չափով։ Բնականաբար պակաս են ֆինանսավորվել գյուղատնտեսության, մշակույթի, արդյունաբերության ոլորտները։ Թերակատարված դեֆիցիտ Բյուջեի դեֆիցիտի 40%-ը ենթադրվում էր փակել ներքին աղբյուրների հաշվին։ 36 մլրդ դրամի փոխարեն հաջողվել է հավաքել մոտ 21,5 մլրդ դրամ։ Ներքին աղբյուր կոչվածի մի մասն էլ սեփականաշնորհմանն էր։ Սեփականաշնորհումից հավաքված գումարները բավական տխուր նպատակների վրա են ծախսվում։ «Մուտքեր սեփականաշնորհումից» հատվածը լիովին արժանի է ամբողջական մեջբերման. «Պետական ունեցվածքի սեփականաշնորհումից մուտքը պետական բյուջե նախատեսված 21 մլրդ 365 մլն դրամի դիմաց կազմել է 20 մլրդ 615 մլն 950 հազար դրամ։ Ընդորում 2 մլրդ 210 մլն դրամը գերազանցող գումարներն ուղղվել են 1998 թվականի պետական բյուջեի մասին օրենքի հոդված 13-ի բ կետով նախատեսված ծախսերի կատարմանը (տեղական ինքնակառավարման մարմիններ, ճանապարհներ- Ա. Գ.)։ Մասնավորապես 8 մլրդ 260 մլն 900 հազար դրամ է հատկացվել Եվրամիության նկատմամբ պարտավորությունների մարմանը եւ տոկոսավճարների վճարմանը»։ Փաստորեն մոտեցավ այն պահը, երբ պետական ունեցվածքը վաճառվում է երկրի արտաքին պարտքն ու տոկոսները վճարելու համար։ Տխուր է։ Կամ՝ անհեթեթ։ ԱՐԱ ԳԱԼՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել