Լրահոս
Օրվա լրահոսը

ԽԹծ+ամենաճշգրիտ

Հունիս 30,1999 00:00

ԽԹծ+ամենաճշգրիտ խմբային խաղ=հպարտություն Հունիսի 2-ին եւ 3-ին Հայաստանում տապալվեց Ռուսաստանի Դաշնության աստղի՝ Իրինա Ալեգրովայի համերգը, համերգի կազմակերպիչ ոմն Նյու-շոու ձեռնարկության կազմակերպիչ Արման Մկրտչյանը համերգի գումարները վերադարձնելու պրոբլեմ ունեցավ։ Ո՞վ է Արման Մկրտչյանը։ Հարցը պարզաբանում է ԽԹծ-«Նոր հայեր» խմբի ղեկավար Արթուր Ջանիբեկյանը։ – Միանգամից պատասխանեմ, որ 1998-ի մայիս ամսից անկարգապահ աշխատանքի եւ այլ նկատառումներով ԽԹծ-ի թիմից հեռացվում է Արման Մկրտչյանը։ Եվ այդ կազմակերպությունը, որը ներկայացնում է Արմանը, ոչ մի կապ ու առնչություն չունի «Նոր հայեր» խմբի հետ։ Ասեկոսեի հիմքն այն է, որ Արման Մկրտչյանը եղել է ԽԹծ-ի անդամ։ Վրդովված այս ամենից, ես մեր հասարակությանը ցանկանում եմ տեղյակ պահել այդ մասին եւ հիշեցնել, որ ԽԹծ-ը ամենաճշգրիտ խմբային խաղն է, որ ներկայացնում են թիմի տղաները։ Այսօր ոչ մեկս չենք կարող ժխտել, որ թիմին անմոռաց ծափահարում են Ռուսաստանի Դաշնության ֆանատն ու թերահավատը, կատակը լուրջ ժանր չհամարողը… -Ո՞ր փուլում է այսօր թիմի աշխատանքը։ -Ինչպես գիտեք, հունիսի 18-ին Մոսկվայում տեղի ունեցավ քառորդ 1/8-րդ եզրափակիչ խաղը ԽԹծ-«Նոր հայերի», Սոչիի, Մինսկի, Օդեսայի թիմերի միջեւ։ Մինսկը լուրջ մրցակից դարձավ մեզ երաժշտական խաղից հետո, սակայն մեր տղաները 0,8 միավորով առաջ անցան, հաղթանակն ապահովվեց։ Սակայն սա լուրջ հաղթանակ չենք համարում, որովհետեւ նպատակադրվել ենք տարեվերջում չեմպիոն դառնալ։ -Հունիսի 12-ին Կիպրոսում պարտություն կրեցիք։ -Դա զուտ ընկերական խաղ էր, մրցասպարեզից դուրս, սխալվեցինք, որ համաձայնեցինք խաղալ, որովհետեւ կանխազգում էինք պարտությունը, ներողամտություն ենք հայցում մեր հանդիսատեսից՝ հուսախաբ լինելու համար, խաղին պատշաճ չմասնակցելու համար։ Մոտ օրերս թիմը կմեկնի Յուրմալա, որտեղ տեղի կունենա երաժշտական փառատոն եւ մենք կփայլենք մեր ունակություններով։ Հավատացնում եմ (ժպտում է վստահ)։ -Ո՞րն է խմբի թիվ 1 պրոբլեմը։ -Ստեղծագործականը։ Մեր գլխավոր հովանավորն է «Միկա-Լիմիտեդ» ընկերությունը, որի շնորհիվ թիմը մոռանում է իր պրոբլեմներն ու անմնացորդ նվիրվում ստեղծագործական խնդիրներին, սա շատ հատկանշական է թիմի համար, չէ՞ որ տղաները ազգի դեմքն են ցույց տալիս, իրենց ուրախությունը կիսում հայ ժողովրդի հետ։ Մի առիթով Ալեքսանդր Մասլյուկովն ասաց. ԽԹծ-ն հավատում է «Միկա-Լիմիտեդին», «Միկա-Լիմիտեդը» հավատում է ԽԹծ-ին։ -Իսկ ո՞րն է պատճառը, որ ձեր հեռուստածրագրերը չեն մատուցվում մոսկովյան մակարդակով։ -Միմիայն շուկայական հարաբերությունները՝ մեծածավալ ֆինանսների հետ կապված, թերեւս դա է պատճառը, որ Հայաստանում հեռուստածրագրերը բուռն ծաղկում չեն ապրում, այլ զարգանում են դանդաղ, աննկատելի, ինչպես հայկական շուկան։ -Ապագա ունի՞ ձեր «Փրփուրներից կախված» հեռուստաշոուն, որ եթերում է ամեն կիրակի երեկոյան։ -Դեռ ժողովրդական լայն զանգվածների կողմից ինֆորմացիա չունենք, բայց պետք է խոստովանեմ, որ դա բարդ հումորի ձեւ է, օրիգինալ զրույցի ձեւ, զրույց ոչ թե սեղանի շուրջ կամ փողոցում, այլ «Ջակուզիի» մեջ նստած՝ զրուցում է հյուրն՝ անմիջական եւ անկաշկանդ։ Զրույցն անցկացնում է թիմի ավագ Գարիկ Մարտիրոսյանը, որն ամեն անգամ հրավիրում է բիզնեսի եւ հասարակական-քաղաքական գործիչների, որոնք նախօրոք պետք է համաձայնվեն նույն եղանակով զրույցի բռնվել, սա է սկզբունքը։ Ինչ խոսք, մենք փնտրտուքների մեջ ենք։ Մի կողմից էլ տղաների տարիքն ընտանիքի ձեւավորման խնդիր է առաջացնում, հացի խնդիրը հասնում է նաեւ մեզ։ Իսկ առջեւում հայի պատիվն ու իմիջը բարձր պահելու խնդիրն է, որի առաքելությամբ զինված են տղաները։ Հոկտեմբեր ամսին տեղի կունենա մեր հերթական եզրափակիչ խաղը, մրցակիցը դեռ հայտնի չէ, հաջորդ շաբաթ ենթախմբերի 3 թիմով խաղ է լինելու, հաղթողն էլ կդառնա մեր ապագա մրցակիցը։ -Որտե՞ղ է այսօր գտնվում թիմը։ -Սոչի, Անապա, Կրասնոդարի երկրամասում համերգներով հանդես են գալիս, ամսվա վերջում կլինեն Հայաստանում։ ԱԳԱՊԻ ՀԱՅԿԱԶՈՒՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել