Լրահոս
Օրվա լրահոսը

«ԷԼԱ՞Վ, ԱՊԵ…, ԴՈՒՐՍ ԵԿԱ՞Վ»

Օգոստոս 31,1999 00:00
hamahaykakan xaxer

Համահայկական խաղերի բացման հեռուստատեսային ռեպորտաժը համեմվեց բազմանշանակ այս հարցադրմամբ, նաեւ՝ «Հե՛տ արի, հե՛տ արի» հրահանգով, որոնց ականջալուր եղանք մեկնաբանի խոսքին զուգահեռ։

Հայ ժողովրդի պատմության մեջ առաջին անգամ կազմակերպվող այս միջոցառման բացման արարողությունն առհասարակ մեծ հաճույք եւ բավականություն պարգեւեց ամենքին։

Ի՞նչ արժեր միայն հանրապետության նախագահին հնարավորին չափ մոտեցած եւ մի քանի աստիճան ներքեւից նկարահանող միակ տեսախցիկի շնորհիվ նրան ներքեւից վերեւ դիտելը։

Հապա խաղերի կրակը վառելը, որից ելնող ծխի թանձր ու սեւ քուլաները մեր մռայլ անցյալի անդառնալիությունն էին խորհրդանշում, մազութի գործը եւ նախորդ իշխանությունների բազում այլ մութ գործեր։

Տեսնել էր պետք նաեւ «Հրազդան» մարզադաշտի վազքուղյակով անցնող պատվիրակություններին, որոնք ամրապնդում էին հայրենիք-սփյուռք կապը։

Վերջապես թեւածեց «Արյունոտ դրոշ մեր դաշնակցության» մեղեդին, եւ դրան հաջորդեցին ոչ հեռավոր անցյալում մայիսմեկյան ցույցերից անբաժան քայլերգերը։

Մեծ հաճույք պատճառեցին տարբեր ու միագույն՝ դեղին, կարմիր, կանաչ, երկնագույն դրոշներով իրար հետեւից անցնողների խմբերը։

Հնչեց Վլադիմիր Աբաջյանի խռպոտ ձայնը. «Տրդատը մանկության հասակից սիրում էր ձի հեծնել», եւ մի ձիավոր սրարշավ անցավ վազքուղով։ Ձայնն ազդարարեց. «Իսկ Վարազդատը երիտասարդ էր տարիքով»։

Մարզադաշտում հավաքվածների եւ հեռուստադիտողների աչքերի առջեւ հառնել էր հայ ժողովրդի հերոսական անցյալն իր ամբողջ վեհությամբ, հատկապես ֆուտբոլի դարպասի ֆոնին։

Մինչ այդ՝ Տրդատի սրարշավ վազքից առաջ, ականատես եղանք Վահագնի ծնունդին։ Թեեւ երկինքն ու երկիրը չերկնեցին, բայց պարողների բույլի մեջ հաջողվեց տեսնել նախադպրոցական կամ ցածր դասարանցի մի մանչուկի։ Նրա «ծնունդն» ուղեկցվեց գունավոր հեռուստաժապավեններից հատկապես կարմիրի կիրառությամբ, որը, հիրավի, ռեժիսորական փայլուն գյուտ էր։

Քանի որ քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակը ազգովի պիտի տոնենք 2001 թվականին՝ բացման արարողության ժամանակ այս թեման չշոշափվեց։ Չարժեր ծանրանալ նաեւ Տիգրան Մեծի նվաճողական քաղաքականության վրա, քանզի նյութի արծարծումը կարող էր բացասաբար ազդել բանակցային գործընթացին եւ ստվեր նետել վերջերս կայացած Ալիեւ-Քոչարյան հանդիպման արդյունքների վրա։ Չմոռանանք, որ վերջինիս էական նվաճումներից է Ալիեւի կողմից «Ադրբեջանի տարածքային ամբողջականություն» արտահայտությունը չշեշտելը։

Շրջանցվեցին նաեւ 387 թ. Հայաստանը Բյուզանդիայի եւ Պարսկաստանի միջեւ բաժանելու փաստը, 451 թվականի Ավարայրի ճակատամարտը (Պարսկաստանի հետ եւս չարժե փչացնել հարաբերությունները), ինչպես նաեւ ողջ միջնադարը, որը կարող էր ցուրտ եւ մութ տարիների նմանությամբ մռայլ տրամադրություններ ծնել։

Այս ամենի փոխարեն հնչեց «Նուբարի բոյը չինար է» երգի մշակումը։ Ամենեւին էլ պատահականություն չի լինի, եթե ոմն Նուբար դառնա համահայկական խաղերի իսկական հայտնությունը։

Մշակույթի, երիտասարդության հարցերի եւ տվյալ դեպքում հատկապես սպորտի փոխնախարար Իշխան Զաքարյանն այս ամենը որակեց իբրեւ «Հայրենիք-Սփյուռք կապերի ճանապարհին արված եւս մեկ կարեւոր քայլ»։ Հիշեցնենք, որ առավել վաղ նման մեկ այլ քայլ մատնանշել էր Ռոբերտ Քոչարյանը, եւս մեկը՝ հեռուստամեկնաբանը (մեկն էլ, ի դեպ, նշեց Խոսրով Հարությունյանը՝ «Հայլուրով»)։ Այսպիսով, ունեցանք բազմաքայլ կապ հիշյալ՝ Հայրենիք-Սփյուռք ճանապարհին։ Ինչո՞ւ են, սակայն, զլանում մեր մնացած հայրենակիցները, որոնք հանդես չեն գալիս հեռուստացույցով եւ իրենց հերթին չեն շեշտում այս միտքը։ Չէ՞ որ այդ կերպ քայլերի թիվը կդառնա 5, 6, 10, 1000, միլիոն…

Իշխան Զաքարյանն, ի դեպ, փորձեց սեպ խրել հայ ժողովրդի երկու հատվածների միջեւ, ասելով, թե «այս տոնը հեռուստատեսությամբ տեսնելը մեկ ուրիշ ձեւի է ընկալվում, մարզադաշտում տեսնելը մեկ այլ հաճույք է»։ Բոլորս էլ հայ ենք եւ հավասարաչափ ուրախանում ենք մեր ժողովրդի հաջողությամբ, ուրեմն ի՞նչ կարիք կա մեզ բաժանել հեռուստադիտողների եւ մարզադաշտ հաճախածների։

Ինչեւէ։ Հուսով ենք՝ նա դեռ կստանա իր խոսքերի արժանի պատասխանը։

Մարզադաշտում տոնական հրավառություն էր, երկնագույն էկրաններին՝ շնորհակալություններ գրեթե բոլոր նախարարություններին, անգամ՝ տեղեկատվության եւ գրահրատարակչության վարչությանը, նույնիսկ՝ ազգային ռադիոյին ու հեռուստատեսությանը…

ԱՇՈՏ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031