Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՄԵՐԻԿԱՆ ՑՆՑՎԱԾ ԵՎ ՎՇՏԱՑԱԾ Է»

Հոկտեմբեր 30,1999 00:00
Robert Qocharyan

Հավատացնում է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթրոուբ Թելբոթը հոկտեմբերի 27-ին (արյունոտ չորեքշաբթի) գտնվում էր Հայաստանում եւ առավոտից մինչեւ օրվա երկրորդ կեսը հանդիպում էր ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Հայտնի էր միայն, որ հանդիպման թեման ԼՂՀ հիմնահարցի կարգավորմանն էր առնչվում։ Հանդիպման մասին հատուկ լրատվություն այլեւս չտարածվեց։ Սթրոուբ Թելբոթի մեկնումից մոտ 2 ժամ անց խորհրդարանում տեղի ունեցան հայտնի դեպքերը։

Երեկ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթրոուբ Թելբոթը կրկին վերադարձավ Երեւան եւ ժամը 15-ի սահմաններում հանդիպեց ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Իսկ ժամը 16-ին ԱՄՆ դեսպանատանը պրն Սթրոուբ Թելբոթը հանդիպեց Հայաստանի եւ արտերկրի լրագրողների հետ։ Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան պրն Մայքլ Լեմոնը նախօրոք զգուշացրեց, որ հանդիպումը շատ կարճ է տեւելու։ Այնուհետեւ, պրն Թելբոթն ասաց. «Ես ուզում եմ ձեզ ասել մի քանի խոսքով, թե ինչո՞ւ այստեղ լինելուց մի քանի օր անց կրկին վերադարձել ենք Հայաստան։ Նախագահ Քլինթոնը եւ պետքարտուղար Օլբրայթը, լավ իմանալով, որ ես չորեքշաբթի այստեղ էի, ինձնից խնդրեցին, որ վերադառնամ եւ նախագահին ու հայ ժողովրդին հայտնեմ հետեւյալը իրենց կողմից. ամերիկյան ժողովուրդը, ամբողջ երկիրը զգում են շոկը եւ վիշտը եւ նաեւ զորակցում են հայ ժողովրդին այս նեղ պահին։

Ամերիկան շատ բարձր է գնահատում հայ ժողովրդի հետ իր հին եւ խորը հարաբերությունները։ Մենք կանգնել ենք հայ ժողովրդի կողքին 1988-ի երկրաշարժից սկսած մինչեւ այսօր։ Մենք ձեզ հետ եղել ենք վատ ժամանակներում եւ լավ ժամանակներում։ Ես հիշեցի 1988 թիվը, նշեմ նաեւ, որ այդ թվականին Հայաստանին օգնություն բերող ամերիկյան գլխավոր պաշտոնատարը՝ Ջուլիա Դավթը, որն այսօր նախարարի տեղակալ է, գլխավորելու է հուղարկավորության արարողություններին ներկա գտնվելիք պատվիրակությանը։ Ես կարծում եմ Ջուլիա Դավթը բոլորիդ ծանոթ է։ Ձեր միջոցով, թույլ տվեք, որ նախագահ Քոչարյանին ուղղեմ մի ուղերձ, որ այս շատ դժվար օրերին, այս շատ դժվար պահերին ժամանակ գտավ ինձ հետ տեսակցելու։ Ես շնորհակալություն եմ հայտնում իրեն իր ժամանակի համար եւ նաեւ մենք շատ տպավորված ենք իր քաջության, կորովի եւ վճռականության համար»։ Այսքանն ասելուց հետո, պրն Թելբոթը միայն երկու հարցի պատասխանեց եւ շտապելով հրաժեշտ տվեց, պատասխանելով նաեւ ընթացքում հնչած այն հարցին, թե այժմ ո՞ւր է մեկնում։ Մեկնում էր Թբիլիսի։

Երկու հարց՝ առանց մեկնաբանության

-Հարվա՞ծ էր, արդյոք, այս դեպքը Ղարաբաղի խաղաղության գործընթացին։

-Ես առայժմ սեւեռում եմ իմ հայացքն այն իրողության վրա, որ այս դեպքը մեծ հարված էր հայ ժողովրի համար եւ այս երկրի համար։ Այստեղ գտնվելու կարճ ընթացքում ես խորապես տպավորված եմ հայ ժողովրդի քաջությամբ եւ դիմացկունությամբ։ Ես հուսով եմ, որ խորհրդարանում տեղի ունեցած անմարդկային արարքներից հետո մարդկայնությունը նորից կտիրապետի այստեղ։ Նախագահ Քլինթոնը եւ նախարար Օլբրայթը ինձ ուղարկեցին այստեղ, որ ես ավելի մոտիկից ծանոթանամ նախագահ Քոչարյանի եւ նախագահ Ալիեւի միջեւ տեղի ունեցող երկխոսությանը։ Մենք նաեւ պիտի աշխատենք Մինսկի խմբի անդամների հետ, որ Հայաստանը իր ուժերը համալրի եւ ինքն իրեն վերագտնի այս տագնապից հետո, մենք կտեսնենք, թե ինչպես կարող ենք օգնել, որ այս գործընթացը առաջ գնա։

-Ինչպե՞ս եք վերաբերվում ռուսական լրատվամիջոցների տարածած այն տեսակետին, որ ԱՄՆ-ը դեռեւս 1997-ին հայտարարելով, որ Հարավային Կովկասը ԱՄՆ-ի կենսական հետաքրքրությունների գոտի է, ուրեմն Ամերիկան որոշ չափով առնչություն ունի այս դեպքերին, քանի որ իշխանության եկած ուժերն ակնհայտորեն ռուսամետ են։ (Թարգմանիչը հարցումը առաջին փորձից չհասկացավ եւ որոշ պարզաբանումից հետո միայն թարգմանեց հարցը- Մ. Ե.)։

-Հայաստանը շատ կարեւոր հարաբերություններ ունի Ռուսաստանի Դաշնության հետ։ ԱՄՆ-ը շատ կարեւոր հարաբերություններ ունի ՌԴ-ի եւ Հայաստանի հետ։ Ավելի շուտ ես հանդիպեցի պրն Իվանովի հետ, այս շրջանի խնդիրները քննարկելու համար, եւ հատկապես այն, թե ինչպես կարող ենք խաղաղության գործընթացն առաջ տանել։ Այս շրջանում խաղաղության հաստատումը կախված է այս երկրների ղեկավարներից, սակայն միջազգային պետությունները եւս դեր ունեն այստեղ եւ այդ դեպքում նաեւ Մինսկի խմբի անդամները պետք է «կրեդիտ» ստանան այդ հարցում։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031