Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՏԱՐԱՆՆ ԱՅՍ ԱՆԳԱՄ ԲԵՐՄԱՆ ՈՐՈՇՈՒՄ ԿԱՅԱՑՐԵՑ

Նոյեմբեր 30,1999 00:00
caxrankar

Երեկ մեկ օրով հետաձգվեց Վանո Սիրադեղյանի, Վահան Հարությունյանի, ՆԳ աշխատակիցների նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը՝ ՆԳ նախկին նախարարի նիստին չներկայանալու պատճառով։ Դատական նիստը սկսվեց ժ. 12.30-ին, իսկ մինչ այդ շտապօգնության աշխատակիցները մոտ 15 րոպե տեւողությամբ բուժօգնություն ցույց տվեցին ամբաստանյալներից մեկին (մենք համենայնդեպս չկարողացանք ճշտել, թե՝ ում- Ռ.Մ.)։

Վ.Սիրադեղյանի պաշտպան Ս.Շահվերդյանը դատարանին տեղեկացրեց, որ «հեռախոսով լսել եմ, որ հիվանդ է», ինչից ակնհայտորեն բորբոքվեցին մյուս ամբաստանյալների պաշտպաններն ու տուժողները։ Պաշտպան պրն Մկրտչյանն անհասկանալի համարեց ամբաստանյալների անհավասար կարգավիճակը, իսկ ամբաստանյալ Վ. Հարությունյանն առաջարկեց միջնորդությամբ մտնել ԱԺ (պատգամավոր Վ.Սիրադեղյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու-Ռ.Մ.)։

Վ.Հարությունյանի պաշտպան, փաստաբան պրն Բալաբանյանը հերքեց, «բացահայտ զրպարտություն» անվանեց «Առավոտի» այն լուրը, թե իբր ներքին զորքերի հրամանատարը մեկուսարանում փորձել է կտրել իր երակները։ Պաշտպանն ասաց. «Առավոտը» մեկ անգամ չէ, որ ցանկանում է ստուգել իր պաշտպանյալի նյարդահոգեբանական վիճակը, մեկ անգամ չէ, որ ցանկացել է նրան հանել բնականոն վիճակից, մեկ անգամ չէ, որ ցանկացել է կասկածանքի տակ դնել նրա խոսքի իմաստը եւ բովանդակությունը»։ Նա հիշեցրեց անցյալ տարի տպագրված մի հրապարակում, երբ Աբովյանի մերձակայքից հայտնաբերվել է 3 դիակ… 2 ամիս հետո սպանության լուրը… «Նման տպագրումները ոչ մի կապ չունեն իրականության հետ, հակասում են իմ պաշտպանյալի, որպես քաղաքացու, անվեհեր զինվորի, բանիմաց եւ հոգատար հրամանատարի բարձր մարդկային հատկությունների հետ»։ Նա միջնորդեց հրապարակել քննչական մեկուսարանից ստացված բժշկական տեղեկանքի բովանդակությունը, որպեսզի հանրությունը եւ դատարանում ներկա գտնվողները «գնահատական տան «Առավոտի» ղեկավարության ոճին»։ Եվ «հավասարությո՛ւն մտցրեք» կոչով միացավ իր պաշտպանյալի ասածին։ Ավելին, առաջարկեց մնացած ամբաստանյալների խափանման միջոցը փոխել՝ ազատ արձակել։

Պաշտպան, փաստաբան Սուսաննա Գեւորգյանը միջնորդեց կամ Վ.Սիրադեղյանի կամ էլ իրենց պաշտպանյալների խափանման միջոցը փոխել, որպեսզի «նրանք իրոք գտնվեն հավասար աստիճանում»։ Տուժող Կիմ Բալայանը վկայակոչեց միջազգային այն համաձայնագրերը, որոնց միացել է մեր հանրապետությունը, ըստ որի «յուրաքանչյուր ոք, ում մեղադրանք է ներկայացվել, իրավունք ունի անաչառ դատարանում առանց ձգձգման պաշտպանվել»։ Ըստ տուժողի՝ Վ.Սիրադեղյանի դատարան չգալու տակտիկան որդեգրվել էր շատ վաղուց, իսկ դատարանն էլ վճռական չէ, որպեսզի միջոցներ ձեռնարկի նրա խափանման միջոցը փոխելու։ Նրա կարծիքով, եթե «այսօրվա ԱԺ-ն չի տեսնում, որ Վ.Սիրադեղյանը դրսում մնալով կարող է ավելի մեծ հանցագործությունների կազմակերպիչ դառնալ… խոչընդոտել դատաքննության փուլում եւ այլ գործերի նախաքննության մեջ գտնվել (ես այլ մեղադրանք չեմ առաջադրում)», ապա նույն ԱԺ-ն «իր բարոյականությունից ելնելով պարտավոր են որոշման նախագիծ ներկայացնել»՝ քննարկելու «իրենց իսկ կողմից ընդունված» որոշման մեջ փոփոխություն մտցնելու հարցը։

Տուժող Մայիս Ռաֆայելյանը իր, Կ.Բալայանի, Հ.Սուքիասյանի, Կ.Ղանդիլյանի, Օ.Իսահակյանի անունից հանդես եկավ գրավոր միջնորդությամբ, որում նշված է, որ Վ.Սիրադեղյանի «դիտավորյալ գործողությունների» պատճառով դատաքննությունը ձգձգվում է սեպտեմբերի 9-ից մինչ օրս։ Նա մեղադրեց նիստը նախագահող դատավոր Ռազմիկ Թովմասյանին, որ նա «կոնկրետ քայլ չի ձեռնարկել օրենքի առաջ բոլոր ամբաստանյալների հավասարությունն ապահովելու ուղղությամբ»։ Վկայակոչելով ՀՀ սահմանադրության 66 հոդվածի 3-րդ կետը, նա դատարանին միջնորդեց գործի քննությունը կասեցնել, կալանավորել ԱԺ պատգամավորին (միջնորդությամբ մտնելով ԱԺ)։ Մեղադրող կողմը Վ.Սիրադեղյանի խափանման միջոցը փոխելու մասին միջնորդությունները քննարկման առարկա չդարձրեց եւ սակայն բերման համար տվեց իր համաձայնությունը։ Դատարանը որոշում կայացրեց ՆԳ մարմինների կողմից Վ.Սիրադեղյանին բերման ենթարկելու մասին։

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930