Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

«Ընկեր Փանջունին». Նաիրի Հունանյանի դիմանկարի փորձ

Դեկտեմբեր 18,1999 11:36

Այս դիմանկարի համար հիմք են ծառայել եւ սեփական հիշողությունները, եւ Նաիրի Հունանյանին ուսանողական տարիներից բավական լավ ճանաչող շուրջ տասնյակ անձանց հետ զրույցները։ Ներկայացնելու ենք նաեւ կենսագրական որոշ մանրամասներ, որոնք, կարծում ենք, առավել ամբողջական պատկերացում կտան Նաիրի Հունանյանի նկարագրի վերաբերյալ։

Մտահորիզոն

Նաիրի Հունանյանի հետ 1984-85-ին սովորել եմ Երեւանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետի առաջին կուրսում։ Անկեղծ ասած, այդ շրջանից նրա վերաբերյալ միակ հիշողությունն այն է, որ հանդիպումներ էր կազմակերպել բանաստեղծ Արմեն Մարտիրոսյանի, երգիծաբան Հրանտ Ղազարյանի «Հորիզոնի» հետ։ Վերջինս խիստ վրդովվեցրել էր հատկապես բանահյուսություն դասավանդող Նելլի Հակոբյանին, թե սա ի՞նչ ցածր մակարդակ է ապագա բանասերների համար։

Նաիրին «Հորիզոնի» հետ հանդիպումը կազմակերպեց եւ անգամ այն լուսաբանեց «Երեւանի համալսարան» թերթում բանակ զորակոչվելուց անմիջապես առաջ։ Բանակից զորացրվեց վաղաժամկետ՝ մեկ տարի անց։ Պատճառն ինչ-որ հիվանդություն էր՝ կարծեմ դեղնախտը։ Համենայնդեպս, մեր ընկերներից մեկը հիշեց, որ Նաիրին տեւական ժամանակ դիետիկ սնունդ էր ստանում։

Ուսանողական շարժման առաջնորդներից

Նաիրի Հունանյանը, հատկապես առանձնացավ ղարաբաղյան շարժման շնորհիվ, քանզի ուսանողական ցույցերի առաջնորդներից մեկն էր։ Նա մեկն էր այն ուսանողներից, որ 1988-ի մայիսի 26-ին արցախցի դերասանուհի Ժաննա Գալստյանի հետ 220 լսարանում կազմակերպված հանդիպման ժամանակ հայտարարեցին, թե գնում են նստեն օպերայի աստիճանների վրա ու չեն հեռանա այնտեղից, մինչեւ ՀԽՍՀ Գերագույն սովետի նստաշրջան չհրավիրվի, որտեղ կքննարկեն Հայաստանին վերամիավորվելու վերաբերյալ ԼՂԻՄ-ի դիմումը։ Այս նախաձեռնությանը հետո միացան նաեւ այլ բուհեր։ Ուսանողական առաջին նստացույցի՝ 21-օրյա տեւողությամբ, մեր բազմազան երթերի, այս դասադուլների՝ այս ամենի հիմնական կազմակերպիչներից մեկն էր Նաիրին։ Եվ այդ պատճառով էլ սերտորեն համագործակցում էր ինչպես «Ղարաբաղ» կոմիտեի անդամների, այնպես էլ քաղաքական այլ գործիչների հետ։ Եվ սա է նաեւ բացատրությունը, թե ինչու էին այդքան բազմաթիվ հոկտեմբերի 27-ին ԱԺ նիստերի դահլիճում նրան ճանաչող պատգամավորները։

ՀՈՒԴ «ոչ Ռոբին»

Հայ ուսանողության դաշինքն այս ամենին կազմակերպական ձեւ տալու մի փորձ էր, որն այդպես էլ ձեւավորված որոշակի կառուցվածք չունեցավ։ Այն ստեղծվեց 1988-ի նոյեմբերին։ ՀՈՒԴ-ի ղեկավարումը կոլեգիալ էր, որը խիստ խոցում էր Նաիրի Հունանյանի ինքնասիրությունը։

Ի դեպ, Ալեքսան Հարությունյանն այս կազմակերպությունն այլ կերպ չէր անվանում, քան ՀՈՒԴԱ։ Նրանք իրոք համակուրսեցիներ չեն եղել՝ Նաիրին մեր կուրսից արդեն գնացել էր բանակ, երբ Ալիկը զինվորական ծառայությունից հետո սկսեց սովորել մեր կուրսում։

ՀՈՒԴ-ն իր ինքնահրատ պաշտոնաթերթն ուներ՝ «Դաշինքը» (անվանումն անմիջապես զուգահեռվեց Դաշնակցության հետ), որի ընդամենը երեք համար լույս տեսավ։

Ֆինանսական մեքենայություններ

Թերթի առաջին համարի լույսընծայման համար ՀՈՒԴ-ի անդամ ուսանողները որոշ գումար էին հավաքել եւ այն հանձնել Նաիրի Հունանյանին։ Սակայն 1989-ի ապրիլին լույս տեսած առաջին համարը Հայաստանի ազգային անկախություն կուսակցության ղեկավար Մեխակ Գաբրիելյանի շնորհիվ ձրի տպագրվեց՝ նրա նվերն էր ուսանողներին։ Իսկ տպագրության համար հավաքված գումարն անհետացավ…

Հավելենք, որ «Դաշինքը» նաեւ շատ լավ էր վաճառվում՝ արժեր 1 ռուբլի, բայց թերթը տարածողներից ոմանք վկայում էին, թե շատերը մեկ համարի դիմաց 50-200 ռուբլի էին վճարում, որ այն ժամանակների համար շատ մեծ գումարներ էին։ Դրանք ուղղակի նվիրատվություններ էին, աջակցություն թերթին, որոնց ճակատագիրը (Նաիրի Հունանյանին փոխանցելուց հետո) եւս անհայտ մնաց։

Ֆինանսական նման կասկածելի պատմությունները Նաիրի Հունանյանի համար բնութագրական էին նաեւ նրա գործունեության այլ փուլերում։ Պատահական չէր, որ Դաշնակցության ներկայացուցիչները հայտարարեցին, թե կուսակցությունից նրա հեռացման պատճառը նյութական զեղծարարություններն էին։

Գաղափարական մարտիկը

Իր յուրաքանչյուր ցանկություն, քայլ կամ մտադրություն Նաիրի Հունանյանը գաղափարական փաթեթավորմամբ, պաճուճանքով էր պարուրում։ Եվ առնվազն այս էր պատճառը, որ անկախ վերոնշյալ զեղծարարությունների վերաբերյալ կասկածներից եւ լուրերից (որոնք նրա գործընկերները նախընտրում էին լռության մատնել կամ հերքել՝ ուսանողական շարժումը վարկաբեկումից փրկելու նկատառումով) Նաիրի Հունանյանը 1988-1990-ին բավական հեղինակություն էր վայելում ուսանողության շրջանում։ Իր ակտիվության շնորհիվ, առնվազն ճանաչված դեմք էր, համոզելու ունակություն ուներ, նրան լսում էին եւ հավատում։ Եվ, այնուամենայնիվ, որեւէ մեկը չէր կարող նրան արմատական լուծումների կողմնակից համարել։

Մեր ընկերներից մեկը նրան «Ընկեր Փանջունի» էր անվանում։ Թերեւս, Նաիրիին դուր էր եկել այդ մականունը եւ նույն ընկերն ասել էր. «Մի՛ ծիծաղիր. ընկեր Փանջունին ողբերգական կերպար է։ Առաջին նամակում ասում է, որ Ծապլվարը հայկական շեն գյուղ է, իսկ վերջին նամակում պարզվում է, որ Ծապլվարն այրվում է»։ Ի դեպ, սփյուռքահայ ծաղրանկարիչ Սարուխանի ձեւավորումներում ընկեր Փանջունին պատկերված էր հենց այնպես, ինչպես եւ սովորաբար հագնվում էր Նաիրին՝ լայնեզր գլխարկով, երկար բաճկոնով կամ անձրեւանոցով։

Չմարսված ծրագրեր

ՀՈՒԴ-ի ծրագրում Նաիրին ընդգրկել էր մարդու կողմից մարդու շահագործման վերաբերյալ դրույթը։ Անընդհատ ծրագրեր էր գրում, որոնք վերափոխված, իսկ երբեմն ուղղակի արտագրված էին մարքսիզմի եւ ՀՅԴ դասականների աշխատություններից։ Վերլուծում էր Դաշնակցության ծրագիրը եւ հավակնում կուսակցության գաղափարախոսի դերին։

Հատկապես նրա հետ շատ շփվողները վկայում են, թե Ջոն Կիրակոսյան, Ստեփան Պողոսյան եւ նման հեղինակներ՝ խիստ որոշակի գրքեր էր կարդում եւ այն առանձնապես չէր էլ «մարսում»։ Սակայն շատ լավ հիշողություն ուներ եւ կարողանում էր վերարտադրել կարդացած գրականությունը։

Հիասթափությունների սկիզբը

Այնուամենայնիվ, բավական կարճ տեւեց նրա ազդեցության շրջանը։ Նրան նոր ճանաչողներն ինչպես նրա գաղափարականությունից տպավորվում, այնպես էլ, որոշ ժամանակ անց պարզում էին (եթե, իհարկե, խելացի էին), որ գործ ունեն միջին զարգացածության ու, մեծ հաշվով, դատարկախոս մեկի հետ։

Սկսեց ակնհայտ դառնալ, որ անգամ ամենապարզ իրողությունները նա ջանում է խորիմաստ տեսքով ներկայացնել։ Այս առումով Նաիրիի վերաբերյալ անգամ անեկդոտանման պատմություններ սկսեցին շրջել։ Ասենք, թե ցանկացել են նամակ ուղարկել, ու Նաիրին հայտարարել է. «Որքան նամակը շուտ ուղարկես, այնքան շուտ տեղ կհասնի»։ «Պա՞պդ է քեզ հայտնել»,և հարցրել էին նրան։ Առանձնակի հեգնանքի առարկա էր նրա հետեւյալ նախաբանը. «Մարդկության փորձը ցույց է տվել, որ…»։ Շարունակությունն էլի կարող էր նամակագրությանը վերաբերել։

Առաջնորդի չբավարարված հավակնությունները

Այս առումով որեւէ տարակույս չկա նրան ճանաչողների համար, որ Նաիրին առաջնորդի վառ արտահայտված հավակնություններ ուներ։ Ի վերջո, բավական ինքնավստահ պիտի լինես ապուշությունները խորիմաստ տեսքով ներկայացնելու, դրանց հավատալու եւ ուրիշներին էլ այդ ամենի ճշմարտացիությունը հետեւողականորեն ապացուցելու համար։

Ի դեպ, եթե նրա հետ չհամաձայնեիր՝ կփորձեր վարկաբեկել, կասկածի ենթարկել քո մտավոր ունակությունները։ Նա չէր ընկալում, որ դիմացինը կարող է եւ լուրջ չընդունել իր ասածները կամ մտքում ծիծաղել դրանց վրա։ Ուստի նրան ճանաչողները շատ արագ դադարեցին վիճել նրա հետ կամ հակափաստարկներ ներկայացնել՝ անիմաստ համարելով այդ ամենը։ Նա շարունակում էր դա ընկալել որպես համաձայնության նշան։

Մեր զրուցակիցներից մեկն այսպես բացատրեց Նաիրիի տրամաբանությունը. կարող էր դատողություն կառուցել այնպիսի պնդումներից, որոնցից գոնե մեկն առնվազն կասկածելի է, բայց այս ամենից հետեւությունները իր համար միակ ճշմարիտն էին եւ առարկություններ չէր ընդունում։

Այսպես էր համոզված, թե ամբիոնից կոչով դիմելուց հետո ժողովուրդը պիտի անմիջապես խորհրդարան շտապի, եւ տեղի կունենա հեղաշրջում։ Որեւէ մեկը թերեւս մտահոգվեր, որ տրամաբանական այս շղթան կարող է եւ կտրվել՝ որ ժողովուրդը կարող է նաեւ չհետեւել իր կոչին։ Նաիրիի համար նման հարց չկար՝ նա վստահ էր, որ ժողովուրդն անպայման կգա ԱԺ։

Ընկերներիցս մեկն այս առնչությամբ մի համեմատություն արեց. «Այդպես մորեխներն են իրենց տաքացնում, տաքացնում ու ցատկում»։

Շարունակելի

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031