Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ՒՄ ՇՈՒՐՋ

Դեկտեմբեր 23,1999 00:00
Robert Qocharyan

Տպավորություններ ասուլիսից

Նախագահ Ռոբերտ Քոչարյանին կարելի է շատ բաներում մեղադրել, բայց չի կարելի ասել, թե նա խուսափում է սուր հարցերից եւ չի փորձում անկեղծորեն պատասխանել դրանց:

Օբյեկտիվորեն պետք է նշել նաեւ, որ իր շփումներով լրագրողների (եւ, հետեւաբար, հասարակության) հետ, նա փորձում է լիցքաթափել հասարակական լարվածությունը եւ վերականգնել մեր երկրի խարխլված կայունությունը: Այլ հարց է, թե ինչպես է դա ստացվում:

Սկսեմ առաջին հայացքից շատ աննշան թվացող մի սայթաքումից: Բնականաբար, պրն Քոչարյանը շատ լավ գիտի, թե ինչ է նշանակում «գործի բացահայտում» եւ քաջատեղյակ է, որ այն հասկացության մեջ մտնում է թե՛ շարժառիթների եւ թե՛ կազմակերպիչների բացահայտումը: Բայց մի փոքրիկ խորամանկությամբ նա փորձում է հարթել իր նախկինում արած անզգույշ հայտարարությունն այն մասին, թե ցանկացած թաղային ոստիկան կարող է բացահայտել հոկտեմբերի 27-ի հանցագործությունը՝ այժմ ասելով, թե նկատի ուներ «հանցագործության փաստի» բացահայտումը:

Դա, իհարկե, մանրուք է, եթե հաշվի չառնենք, որ 27-ի ոճրագործության մասին արտասանած ցանկացած միտք հիվանդագին է ընդունվում հասարակության մեջ եւ, հատկապես, երկրապահական շրջանակներում: Այս առումով երկիմաստ էր հնչում նախագահի միտքն այն մասին, թե Ալեքսան Հարությունյանի ձերբակալությունը նույն ծրագրի /այսինքն նույն հանցագործության/ երկրորդ փուլն է: Ճիշտ է, դրանից հետո պրն Քոչարյանը մեղմացնում է իր այդ հայտարարությունը՝ նշելով, թե խոսքը ոչ թե նախաքննության մարմինների, այլ հենց Նաիրի Հունանյանի հանցավոր ծրագրի մասին է: Բայց միեւնույն է՝ այստեղ կա թաքնված կշտամբանք նախաքննության հասցեին. թե ինչո՞ւ եք այդքան դյուրահավատ եւ «հալած յուղի» տեղ դնում Նաիրի Հունանյանի զրպարտիչ հայտարարությունները Ալեքսան Հարությունյանի մասին: Եթե դրան գումարենք Սերժ Սարգսյանի ենթադրությունը, թե հանցագործներին պետք է փնտրել Վազգեն Սարգսյանի շրջապատում, ապա տեղին կլինի հիշել ԵԿՄ համագումարում հնչած Ալբերտ Բազեյանի հետեւյալ միտքը. «Ցավոք, հանրապետության նախագահին չհաջողվեց դառնալ քաղաքական համակարգի, հասարակության, պետական ինստիտուտների կայունացման երաշխավոր: Ավելին, երբեմն նախագահը սկսեց հանդես գալ որպես քաղաքական հակամարտության ակտիվ կողմ՝ գեներացնելով այն»:

Խիստ կասկածելի է ընդհանրապես, որ այսօրվա Հայաստանում գոյություն ունի քաղաքական համակարգ: Լուրջ չէ, իհարկե, դրանում մեղադրել միայն հանրապետության նախագահին: Իր վերջին ասուլիսում նա փորձեց մեղմել նաեւ վարչապետի խոսքերն այն մասին, թե այսօր նախագահին քաղաքական ընդդիմություն չկա: Պրն Քոչարյանը ենթադրեց, որ խոսքը ոչ թե բոլոր քաղաքական ուժերի մասին է, այլ հենց նախագահին սատարող ուժերի մասին: Բայց իրականում ընդդիմություն իսկապես չկա, ինչի մասին շատ լավ գիտեն նախագահը, վարչապետը եւ Հայաստանի բոլոր մնացած քաղաքացիները: Նրանք, ովքեր հավակնում են ընդդիմության դերին, օբյեկտիվորեն ցածր հասարակական վարկանիշ ունեն եւ, գումարած դրան, նրանց արտասանած ցանկացած մի բառ առաջացնում է նախագահին սատարող բազմաթիվ կուսակցությունների եւ ԶԼՄ-ների լուտանքների հեղեղ՝ «ռեւանշիստներ», «ՀՀՇ-ականներ», «հանցագործներ», «թափոններ» եւ այլ պիտակներով համեմված: Մնացած կուսակցությունները՝ կոմկուսից սկսած եւ ԱԺՄ -ով վերջացրած, սիրո եւ հավատարմության խոսքեր են շռայլում նախագահի հասցեին:

Ի՞նչ է, ընդդիմության վերացումը, որը կատարվեց նախագահի մի շարք խորամանկ քայլերով եւ կուսակցապետերի անսկզբունքայնության շնորհիվ, կայունացնո՞ղ գործոն է: Միանշանակորեն՝ ոչ: Եթե չկա ընդդիմություն, ուրեմն չկա նորմալ իշխանություն, չկա քաղաքական համակարգ: Իսկ այդ դեպքում իշխողները, եւ առաջին հերթին նախագահը, խոցելի են դառնում հեղաշրջումների եւ հրամանատարների հավակնությունների համար: Այնպես որ, նախագահը պետք է որ շահագրգռված լինի ցանկացած կուսակցության ցանկացած ակտիվության մեջ, եթե, իհարկե, այն տեղավորվում է օրենքի շրջանակներում: Դա է ժողովրդավարական երկրում ուժեղ իշխանություն ստեղծելու նախապայմաններից մեկը: Ցավոք, մեր նախագահը երբեմն ինքն է տուրք տալիս իր չափից դուրս մոլեռանդ կողմնակիցների «թափոնային» քարոզչությանը: «Ռեւանշիստների» մասին պետական թերթի «պաս տված» հարցին պատասխանելիս պրն Քոչարյանը սկսեց խոսել ինչ-որ «կասկածելի ակտիվության» մասին: Մինչդեռ քաղաքական ակտիվությունը լինում է երկու տեսակի՝ օրինական եւ անօրինական:

Իհարկե, հոկտեմբերի 27-ի շոկից դուրս գալու համար պետք է համախմբություն: Բայց այդ համախմբվածությունը չպիտի լինի ինչ-որ առասպելական «ռեւանշիստների» դեմ, ոչ էլ նույնիսկ նախագահի կամ վարչապետի շուրջ: Մեզ համախմբող միակ բանը պետք է լինի օրենքը եւ պետական կարգը: Մնացածը ինքնին կստացվի:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031