Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻ ՕԳՏԱԳՈՐԾԻՐ, ՈՐ ՉՕԳՏԱԳՈՐԾՎԵՍ

Հունվար 29,2000 00:00
Vahan Harutyunyan

«Վահան Հարությունյան եւ մյուսներ» քրեական գործով դատաքննության նիստերը թեեւ հանգամանորեն լուսաբանվում են, թեեւ մանրամասն վերապատմվում են տրված ցուցմունքներն ու արված հայտարարությունները, հարցերն ու միջնորդությունները, այսուհանդերձ դատարան մուտք չունեցողներն անհաղորդ են մնում դահլիճում տիրող մթնոլորտին, «խոհանոցային» ուշագրավ դրվագներին, դահլիճում տարբեր շահագրգռություններ ունեցողների փոխհարաբերություններին։ Ամենաարտառոցն արդեն իսկ բացահայտ նկատելի եռակողմ դաշինքն է պետական մեղադրողների, Վահան Հարությունյանի եւ տուժողների միջեւ։

Եթե հասկանալի է, որ պետական մեղադրողներին եւ տուժողներին միավորում է իրական մեղավորներին ի հայտ բերելու միասնական նպատակը, ապա բացարձակապես անբնական է պետական մեղադրողների եւ ամբաստանյալ Վահան Հարությունյանի շահերի ընդհանրությունը, որ դրսեւորվում է դատական ողջ պրոցեսում։ Ամեն անգամ, երբ խոստովանություն կորզող կամ պարզապես անհաճո հարցեր են տրվում Վահան Հարությունյանին, լրագրողների ամենատես աչքից չի վրիպում պետական մեղադրողների անհանգստությունն ու նյարդայնությունը։ Դա ցայտուն դրսեւորվեց փաստաբան Պ. Խուդոյանի՝ Վահան Հարությունյանին ուղղված հարցերի ժամանակ, երբ երկու-երեք անգամ պետական մեղադրողները միջամտեցին իրենց առարկություններով՝ փորձելով կանխել իրենց համար խիստ աննպաստ պատասխանները։ Իսկ այդ պատասխաններից ամենաուշագրավը հետեւյալն էր. երբ պարոն Խուդոյանը հարցրեց՝ «Ձեզ չի՞ թվում, որ Սերժ Ջիլավյանի մահափորձը թատերականացված է, սուտ, փուչիկ», Վահան Հարությունյանը հայտարարեց. «Թվում է»։

Այսօրինակ հանգուցալուծումը հավասարազոր էր գործը «ջրելուն», մինչդեռ սա նախկին դատախազ եւ այժմ պետական մեղադրող Աղվան Հովսեփյանի՝ Վանո Սիրադեղյանի դեմ ներկայացված միջնորդության առանցքային մեղադրանքներից է։ Նման մի բան էլ եղավ հունվարի 26-ի նիստում։ Վանո Սիրադեղյանի դատապաշտպան Վանյա Սուքիասյանի հերթական հարցը անհանգստացրեց պրն Հովսեփյանին, եւ վերջինս Վահան Հարությունյանի դատապաշտպանին հասկացրեց, որ հարկ է առարկել։ Նիստից նիստ ակնհայտ դարձող՝ պետական մեղադրողների եւ Վահան Հարությունյանի համագործակցության վառ արտահայտությունն է, որ Վահան Հարությունյանը փոխել է նախաքննության ընթացքում տված իր ցուցմունքների ուղղվածությունը։ Կարո՞ղ է արդյոք որեւէ մեկը փաստարկել, թե դա ոչ թե նշված համագործակցության հետեւանք է, այլ, ասենք, քննչական մեկուսարանում պարզապես Վահան Հարությունյանի հիշողությունն է պայծառացել եւ կամ մեկուսարանում իրեղեն ապացույցներ են հայտնաբերվել։ «Ես ինքս միշտ ավելի շատ եմ շահագրգռված եղել այս գործը մինչեւ վերջ տանելու»,- վերջին նիստերից մեկում հայտարարեց Վահան Հարությունյանը։

Նման հայտարարություն անելու համար ամբաստանյալին կամ դուր է գալիս բանտային ռեժիմը, կամ զղջացել է եւ իրեն արժանի է համարում ազատազրկման, կամ համոզված է իր անմեղության մեջ, կամ էլ ուղղակի համապատասխան երաշխիքներ է ստացել։ Առաջին երեք տարբերակները խիստ անհավանական են։ Հազիվ թե առողջ տրամաբանության տեր մարդն իր կամքով ձգտի բանտ նստել, հազիվ թե որեւէ մեկը պատժին հնազանդ՝ գոյության միջոց ընտրի ինքնախարազանումն ու ինքնակեղեքումը, հազիվ թե ինքն իր դեմ ցուցմունքներ տվողը համոզված լինի, որ ինքն անմեղ է։ Մնում է չորրորդ տարբերակը, որը թեեւ համառորեն ժխտում է Վահան Հարությունյանը, սակայն հունվարի 27-ի դատական նիստում վաղօրոք ծրագրված շոուն նույնպես դրա պերճախոս վկայությունն էր։ Վահան Հարությունյանը պատրաստ չէր այդ օրը ցուցմունքներ տալ իր համար չափազանց աննպաստ հանգամանքներում՝ նրան հարցեր էր ուղղելու Վանո Սիրադեղյանի դատապաշտպանը։ Ու չնայած մեկուսարանից գրություն էր ուղարկվել Վահան Հարությունյանի վատառողջ լինելու վերաբերյալ՝ պետական մեղադրողների համառ ջանքերի շնորհիվ վերջինս ներկայացավ նիստին։ Չէ՞ որ կազմ ու պատրաստ սպասում էին տուժողները, եւ նիստի հետաձգումը տվյալ իրավիճակում պարզապես աններելի վրիպում կլիներ դրա սցենարն արդեն իսկ պատրաստ ունեցողների համար։ Իսկ սցենարը հետեւյալն էր. տուժողները պետք է հանդես գային Վանո Սիրադեղյանին կալանավորելու նոր միջնորդությամբ։

Ավելորդ է ասել, որ սա ոչ միայն տուժողների սրտից էր բխում, այլեւ պետական մեղադրողների եւ Վահան Հարությունյանի։ Եվ հանդես եկան։ Կիմ Բալայանը, ի դեպ, առիթը բաց չի թողնում Վանո Սիրադեղյանին անվանել «հանցագործության կատարման պարագլուխ», որը գտնվում է ազատության մեջ։ Եվ, ըստ Կիմ Բալայանի նախկին մի հայտարարության՝ «այն մարդիկ, որոնց մի մասը մոլորյալ ձեւով ընկել է այդ հանցագործի որոգայթը, այսօր փաստորեն տառապում է տուժողների մյուս հարազատների հետ»։ Հունվարի 27-ին եւս այս ոգով էին տուժողների ելույթ-միջնորդությունները։ Բայց որքան մեծ եղավ նրանց հիասթափությունը, երբ միանգամայն անսպասելիորեն Վահան Հարությունյանը հայտարարեց. «Վանո Սիրադեղյանը սպանություններ չի պատվիրել ու չի հանձնարարել»։ Տուժողների եւ պետական մեղադրողների հիմնական ապավենն ահա այսպես սառը ջուր լցրեց նրանց գլխին։ Այսուհանդերձ, ապշելու բան է, թե նախաքննական ցուցմունքում Արթուր Հովհաննիսյանի եւ Կարեն Ռաֆայելյանի գնդակահարության հրամանը հանձն առած Վահան Հարությունյանի հանդեպ ինչպիսի սառնասրտություն է պահպանում սպանվածի հայրը, եւ փոխարենն ինչ մեծ ատելություն է տածում որդու սպանության հետ, ըստ նույն ցուցմունքի՝ որեւէ առնչություն չունեցող Վանո Սիրադեղյանի հանդեպ։ Փշաքաղվել կարելի է՝ տեսնելով հույսով ու գրեթե խանդաղատանքով Վահան Հարությունյանին նայող տուժողների դեմքերը, երբ վերջինիս ցուցմունքներից գոնե իրենց համար պարզ պիտի լիներ իրողությունը, եւ նրանց դեմքերն այն պահերին, երբ լուտանքներ, անեծքներ ու հայհոյանքներ են տեղում Վանո Սիրադեղյանի հասցեին՝ կանխակալ ներշնչված ատելության ու թշնամանքի անսպառ պարունակությամբ։ Դատական նիստերում տպավորություն է ստեղծվում, թե անկախ ամեն ինչից՝ գերխնդիրը Վանո Սիրադեղյանին պատժելն է։

Ինչո՞ւ, ի՞նչ տրամաբանությամբ՝ կարեւոր չէ, կարեւորը մերկապարանոց մեղադրանքների տեղատարափն է, աշխարհի երեսին կատարված ու չկատարված հանցագործությունները նրան վերագրելը, պետական մեղադրողների զգաստացնող հայացքներից մերթընդմերթ «պայծառատես» դարձող Վահան Հարությունյանի հակասական ու հակատրամաբանական փաստարկ-եզրահանգումները։ Միմյանց այնքան են մերվել պետական մեղադրողներն ու Վահան Հարությունյանը, որ վերջինս երբեմն իրեն պատկերացնում է նրանց դերում։ Այդ կարգավիճակում իրեն պատկերացնելուց առաջ Վահան Հարությունյանը, ըստ դատարանում Վանո Սիրադեղյանի արած մի հայտարարության, հանդես էր գալիս նախ իբրեւ վկա, այնուհետեւ՝ իբրեւ տուժող… Այժմ, ահա, նոր բարձունք է նշմարվում, մեղադրողի բարձունքը, որին ձգտում է ամբաստանյալը։ Բայց ահա պետական մեղադրողների մոգական ազդեցությունից ձերբազատվելու պահերին Վահան Հարությունյանը պարզապես չի վերահսկում իր խոսքը եւ կորցնում է հավասարակշռությունը՝ փաստորեն ինքն իր դեմ ցուցմունքներ տալով։ … Ամենեւին էլ նախանձելի չէ պետական ու կուսակցական մամուլի որոշ միջոցների բուռն եւ կասկածելի սերը վայելող եւ իշխանությունների ձեռքին կամա թե ակամա գործիք դարձած, բայց երբեմն-երբեմն նրանց հույսերը չարդարացնող մարդու վիճակը։

ՎԱՍԱԿ ԴԱՐԲԻՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունվար 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31