Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՅՍՕՐ ՄԵՆՔ ՄԵԽԱՆԻԿՈՐԵՆ ԿԴԱՌՆԱՆՔ ԲԵԼԱՌՈՒՍ»

Ապրիլ 21,2000 00:00
Belorus

Ասաց ծանոթ պաշտոնյաներից մեկը, այսօրվա հանրահավաքի առնչությամբ հիշելով հայտնի անեկդոտը, թե մեխանիկորեն ինչ է դառնում թեթեւաբարո կնոջ որդին։

Իսկ ահա թե երեկ խորհրդարանական ճեպազրույցներում ինչպես էին արձագանքում «Ռուսաստան-Բելառուս-Հայաստան» նախաձեռությանն առնչվող հարցադրումներին անկախ Հայաստանի խորհրդարանի պատգամավորները։

ԱԺՄ վարչության անդամ Արշակ Սադոյանը հայտարարեց, թե այդ միությանը Հայաստանին անդամակցելու ջատագովների փաստարկը փաստորեն հետեւյալն է. «Մենք անշնորհք ենք։ Մենք ինքներս մեզ չենք կարող կառավարել։ Ավելի լավ է՝ մեր երկրի ղեկավարումը տանք օտարներին (…)։ Դրսից իր տունը կառավարող հրավիրելուն ոչ մի հայ մարդ չի համաձայնի։ Բայց առանց ամաչելու՝ հայ պատգամավորները փորձում են հրավիրել դրսից մարդկանց, որ Հայաստանը կառավարեն, երբ երկնքից հենց այնպես, որպես նվեր անկախություն ենք ստացել այն 700 տարի չունենալուց հետո»։

«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանն ասաց. «Ձեզ խորհուրդ կտայի ընթերցել Ռուսաստան-Բելառուս պայմանագրի մի հոդվածը (18-րդը- Ա. Ի.), որի համաձայն՝ այդ միության կազմի մեջ են մտնում միջազգայնորեն ճանաչված սահմաններով պետությունները, իրենց վարչական տարածքներով հանդերձ (…)։ Ղարաբաղը դուրս է մնում։ Եվ այսօր այն մարդիկ, ովքեր խոսում են Ռուսաստան-Բելառուս միության մասին այդպիսի տենդով՝ պիտի կարդան այդ պայմանագիրը։ Այսինքն, եթե Հայաստանն անդամակցեց այդ միությանը՝ նշանակում է խաչ քաշել 12 տարի այս ժողովրդի պայքարի վրա»։ Ընդ որում՝ Ղարաբաղի վերաբերյալ այս լուրջ մտահոգությունը միակը չէր. Արթուր Բաղդասարյանը նշեց, թե մի քանի այլ վիճահարույց հոդվածներ էլ կան պայմանագրում։

Լրագրողները պայմանագրի այդ 18-րդ կետի վերաբերյալ հարց ուղղեցին նաեւ ՍԻՄ-ի նախագահ Հրանտ Խաչատրյանին, հիշեցնելով, թե առաջներում նա միշտ նշում էր, որ կողմնակից են այդ միությանն անդամակցելուն, եթե Ղարաբաղն էլ Հայաստանի անբաժանելի մաս կազմի, այլապես համաձայն չեն։ Պրն Խաչատրյանի պատասխանն առավել ցանկալին իրականության տեղ ներկայացնելու դատապարտված ձգտման արտահայտություն էր. «Պետք չէ մոռանալ, որ Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միացումը միջազգայնորեն ճանաչված է։ Աշխարհի բոլոր երկրները, բացի Մեծ Բրիտանիայից, ճանաչելով Հայաստանը որպես անկախ երկիր մեր անկախության հռչակագրի հիմքի վրա, այսպես թե այնպես, ընդունել են այդ վերամիավորումը»։

Առավել հուզիչ էր Աղասի Արշակյանի կոչը այս միության հակառակորդներին. «Շատ ցավով մի՛ ընդունեք, խնդրում եմ։ Դա ընդամենը գործընթաց է։ Ընդամենը արտաքին քաղաքական մեր գերակայություններից մեկը դարձնելու միջանկյալ գործընթացներ են եւ որեւէ հակասություն դրա մեջ մի՛ տեսեք վարվող պետական քաղաքականության հետ»։

Իսկ գուցե իրոք հակասություններ չկա՞ն եւ իրակա՞ն են այն լուրերը, որ այսօրվա հանրահավաքը հենց իշխանությունների պատվերով է կազմակերպվել։ Գուցե իրոք պետք է ցավ չզգա՞լ, թե ինչպես ենք «միջանկյալ գործընթացներով», սակայն անշեղորեն ընթանում վերջին 10-ամյակի մեր սակավ ձեռքբերումների կորստին ընդառաջ։

Իսկ մինչ այդ կարելի է լռել, ինչպես ասենք՝ ազատ ու անկախ Հայաստանի դարավոր կողմնակից ՀՅԴ-ն է չեզոք ու կրավորական կեցվածք որդեգրել այս գործընթացների հանդեպ։ Եվ երբ ՀՅԴ ԱԺ խմբակցության քարտուղար Ռուբեն Հակոբյանին «Առավոտն» այս կեցվածքի դրդապատճառների մասին հարց ուղղեց, պատասխանեց. «Չեմ ընդունում այդ գնահատականը։ Անպայման մենք մեր ասելիքը կասենք, երբ դրա ժամանակը կգա եւ անհրաժեշտությունը կլինի։ Առայժմ, մեր գնահատմամբ, այդ հարցերն ավելի շատ զգայական հարթության վրա են։ Դա շատ ավելի լուրջ հարց է, քան, մեր կարծիքով, հիմա ներկայացվում է հասարակությանը»։ Հետաքրքրվեցինք, թե երբ է գալու իրենց ասելիքն ասելու ժամանակը՝ գուցե այնժամ, երբ պարզվի, որ խորհրդարանի 127 պատգամավորներից ոչ թե 38-ն են հակաանկախական, այլ 100-ը՞։ Նա նախ կասկածում էր 38 թվի իսկությանը եւ հետո՝ կարեւորում էր, որ այս խնդիրը դառնա լուրջ քննարկման առարկա եւ այդժամ նոր ՀՅԴ-ն իր խոսքը կասի։ Այնուամենայնիվ, առայժմ իր անձնական տեսակետը հայտնեց, մասնավորապես՝ «Որպես հայ մարդ ու Հայաստանի քաղաքացի՝ դեմ եմ վասալային ցանկացած մոտեցման որեւէ պետության նկատմամբ։ Հայաստանը չպիտի որեւէ պետության վասալը լինի»։

Հայկոմկուսի խմբակցության ղեկավար Հրանտ Ոսկանյանին էլ մատնանշեցին միութենական պայմանագրի 18-րդ հոդվածը, սակայն գրավոր փաստաթղթին հակակշռելու համար նա վկայակոչեց Ռուսաստանի եւ Բելառուսի ղեկավարության հետ բանավոր զրույցները. «Իրենք պատրաստ են այս հարցերով ընդհուպ զբաղվել»։

«Կայունություն» խմբի 20 պատգամավորներից 10-ն անդամագրվել են «Ռուսաստան-Բելառուս-Հայաստան» խմբին։ Սակայն խմբի քարտուղար Կարեն Կարապետյանը մի պատկերավոր համեմատություն արեց, թե այս ամենը նման է նրան, որ փորձես հարեւանի տանը տեղավորվել, ինչ է թե՝ այնտեղ լավ է, հաց կա եւ այլեւայլ հարմարություններ. «Թյուր կարծիք է, որ եթե միանանք՝ մեզ պահելու են եւ կերակրելու։ Ենթադրում եմ, որ որոշ ուժեր փորձում են խաղալ ժողովրդի կարոտախտային հոգեբանության վրա եւ առիթից օգտվելով՝ քաղաքական միավորներ վաստակել»։

Ի դեպ, պրն Կարապետյանը նաեւ կանխատեսեց, որ մեզ այդ հարուստ տուն, որպես չաշխատող ու ոչինչ չստեղծող մեկի՝ կարող են եւ չընդունել. «Մենք չենք հարցնում ռուսն ուզո՞ւմ է, որ մենք տեղափոխվենք ու իր հացն ուտենք»։ Կանխատեսեց նաեւ, որ իրեն միացած Հայաստանի համար գնալու այլ տեղ չտեսնելով՝ Ռուսաստանը կարող է Ադրբեջանի հետ «ապրանքափոխանակության» առարկա դարձնել Ղարաբաղը։

Եվ վերջապես մեջբերենք խորհրդարանական մեծամասնության տեսակետը, որն այս անգամ ներկայացնում էր «Միասնություն» խմբակցության քարտուղար Վարդան Մկրտչյանը. «Անդամակցության մասին շատ շուտ է խոսելը՝ այդ հարցը դեռեւս չի հասունացել։ Ուղղակի հարկավոր է այդ գործընթացին հետեւել՝ ետ չմնալ եւ առաջ էլ չընկնել»։ «Է, կողքից հետեւեք»՝ առաջարկեց «Գոլոս Արմենիի» թղթակիցը։ Հենց նա էլ ՀԺԿ-ական այս պատգամավորին հիշեցրեց, որ Կարեն Դեմիրճյանը խոսում էր ինտեգրացիայի մասին, բայց դեմ էր Ռուսաստան-Բելառուս միության մեջ մտնելու գաղափարին։ Վարդան Մկրտչյանը հաստատեց այս պնդման իսկությունը։ Սակայն փաստարկեց՝ «Այսօր ուղղակի դիտելու խնդիր գոյություն ունի»։

Ինչ՝ ինչ, բայց անգամ ամենակարեւոր հարցերի նկատմամբ զուտ դիտորդների պակաս կարծես երբեք չենք ունենա։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930