Լրահոս
Օրվա լրահոսը

«Ներեցեք, իսկ ո՞ւմ է կոմպլիմենտ անում Հայաստանը»

Հունիս 10,2000 14:37

Հայաստանում է ռուսաստանյան ամենահայտնի ու պատկառելի լրագրողներից մեկը՝ Ալեքսանդր Բովինը։

Ավագ սերունդը նրան կհիշի «Միջազգային համայնապատկեր» հաղորդաշարից։ (Պրն Բովինին հրավիրել էր Երեւանի մամուլի ակումբը)։ Առանց կոկետություն անելու՝ նա նախօրոք ասաց, որ չի զբաղվել Հայաստանի ներքաղաքական եւ ԼՂՀ հիմնախնդիրներով, ուստի եւ որեւէ կոնկրետ բան այս կապակցությամբ ասել չի կարող։ Թեեւ ռուսներից շատևշատերը լիարժեքորեն չեն պատկերացնում Ղարաբաղի հակամարտության էությունը եւ անկախ նրանից, որ ադրբեջանական կողմի լոբբինգն այս ուղղությամբ ագրեսիվ է, ռուսների մեծամասնությունն, ըստ պրն Բովինի, ենթագիտակցորեն հայերի, ԼՂՀ-ի կողմն են։
Քաջատեղյակ լինելով իր պետության արտաքին քաղաքականությանը մասնավորապես եւ միջազգային հարաբերություններին՝ ընդհանրապես, նա լիարժեքորեն պատասխաններ տվեց Աֆղանստանի հանդեպ ռուսական կողմի պրետենզիաներին՝ հույս հայտնելով, որ իր պետության ղեկավարներն ամեն դեպքում այնքան հիմար չեն լինի, որ ռմբակոծեն Աֆղանստանը։ Իրենց գուբերնատորներին անվանելով «ֆեոդալական բարոններ»՝ Բովինը նկատեց, որ նրանց ընդունած օրենքները հակասում են Սահմանադրությանը։ Ըստ պրն Բովինի՝ Ռուսաստանում այսօր բյուրոկրատական ապարատն ավելի «հագեցած» է չինովնիկներով, քան նախկին ԽՍՀՄևի բոլոր հանրապետությունները՝ միասին վերցրած։ Ճիշտ է, Պուտինը դա գիտակցում է եւ փորձում է կրճատել այդ ապարատը, «սակայն բյուրոկրատները հզոր ուժ են, եւ ես լուրջ մտավախություն ունեմ, որ կրճատում, ամեն դեպքում, չի լինի»։
Եթե խորհրդային շրջանում Բովինը, ինչպես ինքը խոստովանեց, կապված էր իշխանության «գագաթների» հետ, ապա այսօր նա ոչ մի կապ ղեկավարների հետ չունի, «պարզապես նստում եմ «Իզվեստիայում»։
Նորից հիշեցնելով, որ ինքը ոչ մի պարագայում չի զբաղվել Հայաստանում, առավել եւս ծանոթ չէ մեր «կոմպլիմենտար» քաղաքականությանը. «Ներեցեք, իսկ դուք ո՞ւմ եք կոմպլիմենտներ անում։ Ռուսաստանի՞ն։ Դե, դա Ռուսաստանին հաճելի է։ Հիշո՞ւմ եք. Օկուջավան էր ասում՝ եկեք միմյանց կոմպլիմենտ անենք։ Աստված ձեզ հետ, ընտրեք շահերի բալանս։ Ռուսաստանն էլ է ընտրում իր շահերի բալանսը Չինաստանի, Ամերիկայի, անգամ Հայաստանի հետ։ Բայց առաջնայնություն, ամեն դեպքում, պետք է լինի, նույնիսկ կոմպ-լի-մենտար (ճի՞շտ արտասանեցի) քաղաքականության դեպքում։ Այնպես որ՝ ընտրեք»։
Ինչ վերաբերում է Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինին, Բովինն ասաց. «Պուտինն ավելի լավ բիլիարդ է խաղում, քան շախմատ»։
Էլի շատ հետաքրքիր բաներ ասաց պրն Բովինը, եւ ես՝ որպես երիտասարդ լրագրող, մի տեսակ նախանձեցի ռուս լրագրողներին, որոնք իրենց աչքի առաջ ունեն լուրջ, մեծ աշխարհայացքով, գիտելիքների համարյա անսպառ պաշարով, երկրի ղեկավարին քծնելուց կամ նրա հանդեպ կենդանական վախ տածելուց զերծ կյանքի այսքան մեծ փորձ ունեցող լրագրողներ։
Լ. ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930