Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

Հուլիս 01,2000 15:21

 

Սկիզբը այստեղ՝ մաս 1-ին,  մաս 2-րդ,  մաս3-րդ
Քանի որ դաշինքի ժողովրդականությունը անվիճելի էր, նախագահ Քոչարյանը ձեռնպահ մնաց նոր միության քննադատությունից: Հրապարակորեն նա որդեգրեց այլ քաղաքական ուժերի շարքում նաեւ «Միասնություն» դաշինքին պաշտպանելու ռազմավարությունը, որը, ըստ նրա հաշվարկների, վճռորոշ առավելություն կտար, եթե ընտրություններում ակնհայտ հաղթող չլիներ եւ նախագահի իշխանությունը որոշիչ գործոն հանդիսանար կոալիցիոն կառավարության կազմավորման գործում: Չնայած «Միասնության» ընտրարշավի մասնակիցների բացահայտ եւ, հաճախ, կոշտ քննադատությանը, Քոչարյանը հրապարակավ հայտարարեց, որ աջակցում է քաղաքական երկու շարժման՝ «Միասնություն» դաշինքին եւ դաշնակցությանը:
1999թ. մարտին սկսված ընտրարշավը ակնհայտորեն ցույց տվեց, որ երկրում ստեղծվել է որակապես նոր իրավիճակ, երբ ուժային կառույցներին հարող քաղաքական ուժերի մրցակցությունն էր վճռորոշ նշանակություն ունենալու ընտրությունների արդյունքների համար: Ի հայտ եկան նոր քաղաքական կուսակցություններ, որոնք կապված էին ուժային կառույցների հզոր ղեկավարների հետ: Օրինակ, տրիումվիրատի անդամներից մեկի՝ Ներքին գործերի եւ ազգային անվտանգության նախարար Սերժ Սարգսյանի աջակցությամբ ստեղծվեց «Օրինաց երկիր» կուսակցությունը: Հայաստանի քաղաքականությունում ի հայտ եկավ եւս մեկ նոր երեւույթ. չնայած Հայաստանի իշխանությունների ընդդիմությանը, Ղարաբաղի անվտանգության բարձրաստիճան զինվորական պաշտոնյա, Լեռնային Ղարաբաղի բանակի հրամանատար Սամվել Բաբայանի հովանավորությամբ մի քանի փոքր կուսակցություններ միավորվեցին «Իրավունք եւ միաբանություն» դաշինքում: Նշված երկու կուսակցություններն էլ չունեին հստակ գաղափարախոսական պլատֆորմ եւ հանդիսանում էին զուտ հովանավորչական համակարգեր:
Ընտրությունների արդյունքները ցուցադրեցին, որ զուտ գաղափարախոսական կուսակցությունները հաջողության չհասան: Իրականում, այս ընտրություններում հաղթանակեցին անհատական խարիզման եւ քաղաքական նպատակահարմարությունը: Հստակ գաղափարախոսական պլատֆորմ ունեցող քաղաքական կուսակցությունները, ինչպես օրինակ կոմունիստները, նացիոնալ-սոցիալիստ դաշնակցականները եւ նացիոնալիստ լիբերալ ԱԺՄ-ն միայն 23 տեղ ստացան 131 պատգամավորական տեղ ունեցող խորհրդարանում: Մյուս կողմից, ուժային կառույցներին առնչվող կուսակցությունները բավականին հաջողակ էին: Դրանց շարքում Վազգեն Սարգսյանը եւ նրա կուսակցությունը հասան անվիճարկելի հաղթանակի. բացի իրենց կուսակցությունից ընտրված պատգամավորներից, նրանց էին հարում նաեւ խորհրդարանում որեւէ կուսակցության պաշտոնապես չառնչվող 20 պատգամավորներ:
Ընտրությունները ցույց տվեցին նաեւ, որ իր հրաժարականի մասին հայտարարությունում Տեր-Պետրոսյանի կողմից «խաղաղության կուսակցություն» որակված ՀՀՇ-ն դեռեւս խոր ճգնաժամ է ապրում: Իշխանության կորստից եւ կաշառակերության ու տնտեսական սխալ կառավարման մեղադրանքներից բարոյալքված, ինչպես նաեւ ներքին պառակտումներից մասնատված լինելով, ՀՀՇ-ին չհաջողվեց որդեգրել ընտրություններին մասնակցելու միասնական ռազմավարություն: ՀՀՇ-ի մեծամասնությունը, ինչպես նաեւ նրան հարող կուսակցությունները որոշեցին բոյկոտել ընտրությունները ի բողոք ընտրական գործընթացի վրա ուժային կառույցների ազդեցության: Այնուամենայնիվ, ՀՀՇ վարչության նախագահ Վանո Սիրադեղյանի գլխավորությամբ մի փոքր խումբ մասնակցեց ընտրություններին: Պառակտումների պատճառով կուսակցությունը չկարողացավ հավաքել նույնիսկ ձայների անհրաժեշտ նվազագույն 5%-ը, եւ միայն Սիրադեղյանը հաղթեց մեծամասնական ընտրատարածքում:
Նորից գրանցվեցին խախտումներ, սակայն թե տեղական եւ թե միջազգային դիտորդների կարծիքով, ընտրությունները, ընդհանուր առմամբ, անցկացվել էին ազատ եւ արդար եւ արտացոլում էին ժողովրդի կամքը: Չնայած այդ դրական բնորոշմանը, ընտրությունները բացահայտեցին, որ ընտրողների շրջանում, քաղաքական ծրագրերի էությանը ծանոթանալու փոխարեն, կտրուկ մեծացել է պատգամավորական տարբեր թեկնածուներից ակնթարթային նյութական օգուտ ակնկալելու միտումը: Քվեարկողների այս նոր վարքագիծը լայնորեն շահագործվեց տարբեր թեկնածուների կողմից, եւ ընտրակաշառքի ու թաղային հեղինակությունների կողմից խարդախության բազում դեպքեր արձանագրվեցին: Այնուամենայնիվ, «Միասնություն» դաշինքի ընդհանուր հաղթանակը ճանաչվեց երկրում գործող հիմնական քաղաքական ուժերի կողմից, ինչով այս ընտրությունները շահեկանորեն տարբերվում էին նախորդներից:
Ընտրությունների արդյունքները, առաջին հերթին, նշանակում էին, որ արդեն իսկ հզոր Վազգեն Սարգսյանը դարձավ երկրի առավել ազդեցիկ քաղաքական գործիչը, քանի որ խորհրդարանի նորընտիր պատգամավորների ճնշող մեծամասնությունը ոչ թե անմիջականորեն Քոչարյանի, այլ նրա աջակիցներն էին: Այս իրավիճակը պաշտոնապես գրանցվեց 1999թ. հունիսի 11-ին, երբ Վազգեն Սարգսյանը նշանակվեց ՀՀ վարչապետ: Այն լիարժեք վերահսկողությունը, որը նոր վարչապետն ուներ այժմ իր մերձավոր դաշնակից Կարեն Դեմիրճյանի նախագահած խորհրդարանում, նշանակում էր, որ երկրում ստեղծվել էր ֆրանսիական Cohabitation (համակեցություն) հիշեցնող իրավիճակ: Այն հանգամանքը, որ Քոչարյանը կորցրել էր իր իրական իշխանության առավել կարեւոր մասը, պարզ դարձավ, երբ «տրիումվիրատի» իր հիմնական դաշնակից Սերժ Սարգսյանի կողմից գլխավորած ներքին գործերի եւ ազգային անվտանգության նախարարությունը, չնայած նախագահի ընդդիմությանը, տրոհվեց երկու մասի: Վազգեն Սարգսյանի երկու մերձավորներ դարձան պաշտպանության եւ ներքին գործերի նախարարներ, իսկ Սերժ Սարգսյանը մնաց միայն Ազգային անվտանգության նախարարի պաշտոնում: Անկախության հռչակումից հետո առաջին անգամ նախագահի իշխանության շրջանակը կտրուկ սահմանափակվեց եւ իրական իշխանությունը փոխանցվեց վարչապետին, որը հենվում էր խորհրդարանական մեծամասնության վրա: Առավել կարեւոր ուժային կառույցները՝ բանակը եւ ներքին գործերի նախարարությունը այժմ գտնվում էին նրա վերահսկողության ներքո:
Քոչարյանը որոշեց տարանջատել իրեն կառավարությունից եւ կենտրոնանալ արտաքին քաղաքականության վրա, որտեղ նրա համախոհ Վարդան Օսկանյանը շարունակում էր մնալ քոչարյանամետ սակավաթիվ նախարարներից մեկը: Արդարադատության նախարարությունը եւ գլխավոր դատախազությունը, նույնպես, մնում էին Քոչարյանի վերահսկողության ներքո, որն ընկալվում էր որպես իշխանության ոլորտների վերաբաշխման մասին ծածուկ պայմանավորվածության մի մաս:
Ձեւավորված քաղաքական հարաբերակցությունը էլ ավելի ուժեղացրեց պատերազմի վետերանների դիրքերը: Նրանք պահպանեցին առավել շահութաբեր տնտեսական դիրքերը թե մասնավոր, թե պետական ոլորտներում, նրանք հանդիսանում էին խորհրդարանական առավել հզոր խմբակցությունը եւ վերահսկում էին բանակի եւ ոստիկանության կարեւորագույն պաշտոնները: Նրանք դարձան խարիզմատիկ Վազգեն Սարգսյանի իշխանության կայուն եւ հավատարիմ հենարանը: Սարգսյանի հսկայական քաղաքական ազդեցությունը հանգեցրեց այն բանին, որ խորհրդարանական ողջ ընդդիմությունը հայտարարեց, որ նրան են վստահում երկրի ղեկավարությունը:
Վարչապետի պաշտոնում կարճատեւ աշխատանքի ընթացքում նրա ձեռնարկած քայլերը ավելի ընդգծեցին ժողովրդի առաջնորդի նրա դերը, որը նա անշեղորեն ստանձնում էր: Սարգսյանը սկսեց ժողովրդին ուղղված ամենամսյա ուղերձներով հանդես գալ հեռուստատեսությամբ, որի նախադեպը չէր եղել Հայաստանում: Վարչապետի առաջատար դերը կարեւորվեց Հայաստան-Սփյուռք վեհաժողովի ժամանակ, որը կազմակերպվել էր արտասահմանում հայկական ազդեցիկ գաղութների հետ համագործակցության բարելավման նպատակով: Սարգսյանը դարձավ գլխավոր դերակատար նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում: Նրա գործողությունները եւ հայտարարությունները ապահովեցին ընտրությունների նորմալ ընթացքը, որոնք արեւմտյան դիտորդների կողմից գնահատվեցին ազատ եւ արդար, իսկ Սարգսյանի աջակիցները այդ ընտրություններում հասան բացարձակ հաղթանակի: Սարգսյանին հաջողվեց կառավարության համակարգում բարելավել կարգապահությունը եւ արդյունավետ կազմակերպել ամենօրյա աշխատանքը: Նա հրապարակեց նաեւ կաշառակերության դեմ պայքարի իր ծրագիրը, որը ողջունվեց բոլոր քաղաքական ուժերի կողմից: Որոշ ժամանակ անց Սարգսյանը սկսեց զբաղվել նաեւ արտաքին քաղաքականությանն առնչվող հարցերով:

Ղարաբաղի շուրջ Հայաստանի վարած
քաղաքականությունը Տեր-Պետրոսյանից հետո
Չնայած Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո ձեւավորված իշխանության ձեռնարկած բոլոր ջանքերին, Հայաստանի սոցիալ-տնտեսական իրավիճակը ամենեւին չբարելավվեց: Քոչարյանի եւ Սարգսյանի մերձակա շրջապատի ներկայացուցիչների հետ ունեցած իմ զրույցների ընթացքում ինձ ասացին, որ փաստորեն նրանք աստիճանաբար ընդունեցին երկրի արդյունավետ զարգացման անհնարինությունը առանց Ադրբեջանի հետ հակամարտության խնդրի լուծման: Նրանց մտածելակերպը, ըստ երեւույթին, աստիճանաբար ուղղվեց դեպի որոշումների այն շրջանակը, որն առաջարկվում էր նախկին իշխանությունների կողմից: Վերոհիշյալ «փաթեթային» լուծումը, որը 1997թ. ընդունվել էր Տեր-Պետրոսյանի, սակայն մերժվել Ղարաբաղի եւ Ադրբեջանի կողմից եւ քննադատվել Քոչարյանի ու Սարգսյանի կողմից, վերակենդանացվեց եւ դրվեց բանակցությունների սեղանին: Ադրբեջանի կազմում Ղարաբաղի ապագա կարգավիճակի հիմնական էլեմենտները էականորեն չէին փոփոխվել, միայն բանաձեւի «դե յուրե» մասի այն ձեւակերպումներն էին փոխվել, որոնցով սահմանվում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Բանաձեւը դարձել էր ավելի աղոտ եւ, ենթադրաբար, ավելի ընդունելի հակամարտության բոլոր կողմերի համար. բանաձեւում այժմ խոսվում էր Ադրբեջանի «միջազգայնորեն ճանաչված սահմաններում ընդհանուր պետության» մասին: Ղարաբաղի իշխանությունները ողջունեցին այս փոփոխությունը, իսկ Քոչարյանի վարչակազմը այն ներկայացրեց հանրությանը որպես խոշոր դիվանագիտական հաղթանակ, որն ապահովում էր «ավելի շատ հորիզոնական, քան ուղղահայաց» հարաբերություններ Ադրբեջանի եւ Ղարաբաղի միջեւ: Այնուամենայնիվ, այն քննադատվեց Տեր-Պետրոսյանի համախոհների կողմից հետեւյալ հիմունքներով. 1) Ծրագիրը, միեւնույն է, չէր աշխատում Ադրբեջանի կողմից նրա շարունակական մերժման պատճառով: 2) Քոչարյանի վարչակազմը պարզապես «ձեւացնում է», թե մասնակցում է բանակցություններին, սակայն իրականում շահագրգռված չի հարցի իրական լուծմամբ: 3) Այս տարբերակը, նախկին իշխանությունների կողմից բանակցած ծրագրի համեմատությամբ, «դե ֆակտո» մասով էական ոչինչ չէր ավելացնում Ղարաբաղի կարգավիճակին:
Այնուամենայնիվ, 1999թ. ամռան վերջին հետզհետե ուժգնացող ազդանշաններ էին հնչում Քոչարյանի վարչակազմի կողմից, հավաստելու համար հակամարտության լուծման գործում բեկում մտցնելու նրա մտադրությունների լրջությունը: Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ տեղի ունեցող ինտենսիվ հանդիպումները, ինչպես նաեւ Մինսկի խմբի համանախագահների հաճախակի այցերը, համադրվելով հակամարտող կողմերի լավատեսական հայտարարությունների եւ Հայաստանում, Ղարաբաղում եւ Ադրբեջանում ընդդիմադիր ուժերի շրջանում աճող անհանգստությունների հետ, ուժեղացնում էին հնարավոր բեկման ակնկալիքները: Հոկտեմբերի 27-ին Սթրոուբ Թալբոթը այցելեց Հայաստան եւ համատեղ հանդիպում ունեցավ Քոչարյանի եւ Սարգսյանի հետ: Այցը ընդգծեց շարունակվող բանակցությունների լրջությունը եւ Միացյալ Նահանգների հավատը բանակցությունների արդյունավետության հանդեպ:

Սպանությունները եւ դրան հաջորդած ճգնաժամը
Այսպիսին էր իրավիճակը, երբ 1999թ. հոկտեմբերի 27-ին Վազգեն Սարգսյանը, Կարեն Դեմիրճյանը եւ բարձրաստիճան 6 պաշտոնյաներ սպանվեցին խորհրդարանի շենքում: Վայրկյանների ընթացքում իշխող «Միասնություն» դաշինքը զրկվեց առաջնորդներից: Անկախ կազմակերպիչների դրդապատճառներից, նրանք ակնհայտորեն նպատակ էին հետապնդում գլխատելու իշխող մեծամասնությունը: Անհապաղ ծնվեցին տարբեր ենթադրություններ այն մասին, թե ով կարող էր կանգնած լինել ահաբեկիչների հետեւում: Ենթադրությունները հիմնականում երեք տեսակի էին: Առաջինը՝ սպանությունները մոլագարների ձեռքի գործ էին եւ չարժեր կազմակերպիչներ փնտրել: Երկրորդը՝ սպանությունները կազմակերպվել էին Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Թուրքիայի կամ Իրանի հնարավոր մասնակցությամբ: Երրորդը՝ երկրի ներսում որոշակի շրջանակներ շահագրգռված էին իշխող դաշինքի առաջնորդների վերացմամբ: Իհարկե, չի կարելի լրջությամբ քննարկել այս ենթադրություններից որեւիցե մեկը, քանի դեռ գործի հետաքննությունը ապացույցներ չի գտել:
Սպանությունները դաժան հարված հասցրին երկրի երիտասարդ եւ փխրուն քաղաքական կառույցներին: Երկիրը հայտնվեց այնպիսի իրավիճակում, երբ նրա առավել հզոր պետական գործիչները եւ բարձրաստիճան պաշտոնյաները սպանվեցին կամ պատանդ դարձան: Պետության առավել կենսական կառույցներում հրահանգների շղթան խաթարվեց եւ իշխանության հսկայական վակուում առաջացավ: Իրավիճակն էլ ավելի վատթարացավ նախագահի եւ կառավարության՝ Վազգեն Սարգսյանին հավատարիմ թեւի միջեւ առկա անվստահության պատճառով, որն առաջացել էր դեռեւս «համակեցության» ընթացքում եւ Վազգեն Սարգսյանի մահից հետո անկառավարելի էր դարձել:

ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆ
(Շարունակելի)

Շարունակությունը կարող եք կարդալ այստեղ՝ մաս 5-րդ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31