Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՊԵՍ ԷՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏՆ ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԱՍ ՏԱԼԻՍ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ

Սեպտեմբեր 09,2000 00:00
HaB

Գործընկերներից մեկը դիտողություն արեց, թե ի՞նչ եք ընկել ՀԱԲ-ի եւ 10 տարվա վաղեմության դեպքերի ետեւից, թողած ներկայիս իրողությունները՝ ահավոր երաշտն օրինակ։ Ընդհանուր առմամբ, ճշմարիտ դիտողություն է։ Բայց ի՞նչ անես, եթե 10 տարվա վաղեմության այդ «հերոսները», որ ժամանակին վզից կախած նռնակներով էին շրջում, առյուծներ պահում եւ «Պապլավոկում» «կասկայով» ու «բրոնեժիլետով» սուրճ խմում՝ այժմ քաղաքականություն մտնելու հայտ են ներկայացրել։ Եվ բանակցություններ են վարում ՀԺԿ-ի եւ այլ կուսակցությունների հետ, ազատամարտի վետերաններ… երիտասարդների եւ կանանց մասնաճյուղեր ստեղծում։ Զուգահեռ էլ՝ պատմությունը նենգափոխելու փորձեր են արվում ինքնահերոսացման չթաքցված ճիգով։ Ուստի, կարեւոր է առավելագույնս հստակեցնել այդ օրերի իրողություններին վերաբերող հանգամանքները։

Ասենք, օրերս ոստիկանության գնդապետ Կառլեն Թորոսյանը մամուլում վկայել էր, թե մինչեւ 1990-ի օգոստոսի վերջին ՀԱԲ-ի զինաթափումը, իրեն կանչել էր վարչապետ Վազգեն Մանուկյանը եւ ՀԱԲ-ի վերաբերյալ հրահանգել. «Որտեղ բռնեք՝ հենց դեպքի վայրում ոչնչացրեք»։ Կառլեն Թորոսյանն էլ հրաժարվել էր կատարել հրահանգը, քանի որ օրենքի խախտում էր՝ «Մեզ չէինք կարող թույլ տալ»։ Պրն Մանուկյանն էլ իբր համոզել էր, թե ինքը հատուկ կարգադրություն կգրի, բայց ՆԳՆ մի վարչության պետը վարչապետին բացատրել էր, որ եթե իր կարգադրությունն օրենքի խախտումով է՝ ենթակա չէ կատարման։ Վազգեն Մանուկյանին դիմեցինք, պարզելու, թե իրակա՞ն է այս պատմությունը։ «Պետք է ասեմ, որ այդպիսի խոսակցությունն իմ ոճը չէ։ Հետաքրքիր կլինի ստուգել, թե, այնուամենայնիվ, նման կարգադրություն եղե՞լ է, թե՞ ոչ»։ Որքան հիշում էինք, ՀԱԲ-ականներին տեղում ոչնչացնելու վերաբերյալ որեւէ փաստաթուղթ չի եղել. «Եթե չի եղել՝ այդ դեպքում, այս խոսակցությունը համարում եմ ավելորդ»։

Որպես ՀՀՇ-ի հիմնադիր եւ այդ տարիների առաջնորդ՝ Վազգեն Մանուկյանը կարող էր պարզաբանել, թե իրականությանը համապատասխանո՞ւմ է ՀԱԲ-ի վերաբերյալ մեկ այլ նորահայտ գյուտ, թե այն ստեղծել էր ՀՀՇ-ն. «Ո՛չ, ՀԱԲ-ի ստեղծումը, իհարկե, բավական բարդ գործընթաց էր։ Ինքս մանրամասները չգիտեմ էլ, բայց, բնական է, նման մթնոլորտում ստեղծվում էին այդպիսի կազմակերպություններ։ Ո՞վ էր հետեւները կանգնած, ի՞նչ էին անում՝ արդեն այլ խոսակցություն է։ Բայց այդ իրավիճակում շատ դժվար էր իրարից անջատել, որ սա ՀՀՇ-ն էր, սա ՀԱԲ-ը… Շատ խճճված իրավիճակ էր, որը կամաց-կամաց բյուրեղանում էր՝ ոչ լավ իմաստով»։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930