Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 30,2000 00:00

«ՆԵՅՐՈՆ» ՎԱՐԺԱՐԱՆԸ ՀԱՎԱՆԱԲԱՐ ԿՓԱԿԵՆ Արձագանքելով «Առավոտի» սեպտեմբերի 28-ի հրապարակմանը՝ ԿԳՆ-ն եւ Լիցենզավորման ու հավատարմագրման վարչությունը հոկտեմբերի 5-6-ը ստուգումներ էին անցկացրել «Նեյրոն» ոչ պետական վարժարանում։ Հրապարակման մեջ բերված բազմաթիվ օրինախախտումների փաստերը հաստատվել են, ինչը բավարար հիմք է, որպեսզի դպրոցը փակելու որոշում կայացվի։ Ստուգումներն անցկացրած հանձնաժողովը դիմել է ԿԳ նախարարին՝ «Նեյրոն» վարժարանի գործունեության լիցենզիան կասեցնելու առաջարկով։ Սա ենթադրում է, որ «Նեյրոնը» կշարունակի գործել, սակայն նոր ընդունելություն անցկացնելու իրավունք չի ունենա եւ աստիճանաբար կփակվի։ Սակայն այժմ «Նեյրոնում» ստուգումներ է անցկացնում նաեւ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը։ Եվ եթե հաստատվեն նաեւ ֆինանսատնտեսական լուրջ խախտումների մասին տվյալները, ոչ թե լիցենզիան կկասեցվի, այլ դպրոցն անմիջապես կփակվի։ Այս մասին տեղեկացանք Լիցենզավորման եւ հավատարմագրման ծառայության պետ Ռոբերտ Գաբրիելյանից։ Վերջինս հավաստիացրեց, որ դպրոցը փակվելու դեպքում աշակերտները փողոցում չեն հայտնվի։ Որեւէ խնդիր նրանց այլ դպրոց տեղափոխելու հետ կապված՝ չի ծագի։ Հանրակրթությունը Հայաստանում պարտադիր է եւ այդ երեխաները կարող են իրենց ուսումը շարունակել ցանկացած մասնավոր կամ պետական դպրոցում։ Վերջիններս պարտավոր են առանց խոչընդոտների ընդունել այդ երեխաներին։ Պարոն Գաբրիելյանը խոստացավ, որ հակառակ դեպքում իրենք կմիջամտեն։ Ի դեպ, մասնավոր դպրոցի փակման նախադեպ դեռ չի եղել, սակայն փակված մասնավոր բուհերի ուսանողներին տեղավորելու փորձ. ծառայությունն արդեն ունի։ «Նեյրոն» վարժարանը գործում է 1995 թվականից։ Ունի 51 աշակերտ, որից 26-ը ընդունվել է այս տարի։ Ըստ անձնական գործերի՝ վարժարանում աշխատում է 26 մանկավարժ, ըստ տարիֆիկացիայի՝ 19-ը։ Ստուգումները ցույց են տվել նաեւ, որ վարժարանը գործել է՝ չունենալով կանոնադրություն։ Առկա է եղել միայն ներքին կանոնադրություն, որը հիմնավոր ու օրինական փաստաթուղթ չէ։ 1999-2000 ուստարում վարժարանն աշխատել է առանց դասամատյանների, իսկ 1998-1999 ուստարվա դասամատյաններից պահպանվել էին միայն երեքը (8-րդ եւ երկու 10-րդ դասարանների)՝ այն էլ թերություններով ու բացթողումներով։ 2000-2001 ուստարվա համար եւս դասամատյաններ չեն եղել։ Հանձնաժողովը չի կարողացել գտնել անհրաժեշտ փաստաթղթեր, որոնցով հնարավոր լիներ ճշտել 10-րդ դասարանում սովորած եւ ավարտած աշակերտների թիվը։ Հիշեցնենք, որ «Առավոտի» հրապարակման մեջ նշվում էր, որ դասերի հաճախել է ընդամենը 7 աշակերտ, սակայն ավարտական են ստացել 13-ը։ «Բաշխման մատյանում թույլ տված կոպիտ սխալները (ջնջումներ, էջի վրա կատարված «կարկատաններ» եւ այլն) վկայում էին տնօրինության անպատասխանատվության մասին»,- եզրակացնում են ստուգողները։ Վերջիններս նաեւ արձանագրում են, որ թերի են եղել մանկավարժների եւ աշակերտների անձնական գործերը, չեն եղել աշխատանքային գրքույկներ, հրամանների քաղվածքներ եւ այլն։ Հաստատված չեն եղել թեմատիկ պլաններն ու դպրոցի ուսումնադաստիարակչական աշխատանքների տարեկան պլանը։ Դպրոցը ներկայացրել է միայն 5-10-րդ դասարանների ուսումնական պլան։ Առանց թույլտվության բացել է 4-րդ դասարան։ Իսկ ուսպլանով նախատեսված ժամերի բաշխումը տարիֆիկացիային չի համապատասխանել։ Գրականություն եւ տարածաչափություն առարկաների ուսումնասիրության փաստը հաստատվում է միայն դպրոցի կազմած ստուգարքային թերթիկներով, որոնք օրինական փաստաթուղթ չեն։ Ուսուցիչների վճարման սանդղակը եւս հիմնվում է այդ ստուգարքների արդյունքների վրա։ Ներկայացված ստուգարքային թերթիկներից երեւացել է, որ ֆիզիկայից, քիմիայից գրանցվել են ցածր բալեր, սակայն տարեկան թվանշանների բացակայության հետեւանքով ստուգողները չեն կարողացել եզրակացնել, թե ինչ է գրանցվել ատեստատում։ Ֆինանսատնտեսական ստուգումներից հետո եւս «Առավոտը» կանդրադառնա այս թեմային։ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել