Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 30,2000 00:00

«Դո-ռե-մի»172ն ամփոփում է արդյունքները Վերջերս ավարտվեց «Հայեր» մշակութային կենտրոնի «Դո-ռե-մի» էստրադային երգի առաջին միջազգային մրցույթ-փառատոնը։ «Հայեր» մշակութային կենտրոնի տնօրեն Նադեժդա Սարգսյանը մեզ համառոտ ներկայացրեց, թե մրցույթից հետո ինչպիսի նոր հորիզոններ են բացվել կենտրոնի համար, եւ ավելացրեց. «չնայած փոքր-ինչ ուշ ենք ամփոփում մրցույթի արդյունքները, բայց դա մեր գործելակերպն է. սկզբում անում ենք, նոր հետո՝ ասում»։ Մրցույթին մասնակցել են Գերմանիայից, Բուլղարիայից, Լատվիայից, Էստոնիայից, Ղազախստանից, Վրաստանից, Մոլդովայից, Ուկրաինայից եւ Ռուսաստանի տարբեր մարզերից ժամանած, ինչպես նաեւ Հայաստանը ներկայացնող մասնակիցներ։ «Թե՛ մեր կենտրոնի եւ թե՛ միջազգային փառատոնների միջտարածքային կազմակերպության համար նմանատիպ մրցույթները կամուրջ կհանդիսանան աշխարհի տարբեր երկրների միջեւ մշակութային փոխադարձ կապերի հաստատման եւ դրանց ընդգրկման, մանկական միջազգային կուլտուրայի զարգացման, նոր սերնդի, ապագա աստղերի հայտնաբերման եւ նոր մանկական ծրագրերի ստեղծման համար»,- ասաց Ն. Սարգսյանը։ Նրա խոսքերով, կենտրոնը մրցույթից հետո միջազգային մրցույթների կազմակերպությունից առաջարկ է ստացել գրանցվել եւ անդամակցել իրենց։ «Դա մեզ հնարավորություն կընձեռի ներկայանալ ոչ միայն ԱՄՆ հանդիսատեսին (Ազգային հեռուստատեսության միջոցով- Ա. Դ.), այլ նաեւ եվրոպական բազմաթիվ քաղաքներում հայ տաղանդներին կճանաչեն»։ Սակայն ամենակարեւորն այն է, որ կենտրոնը գոնե արտերկրից որեւէ ֆինանսական աջակցություն կստանա, ինչը բացակայում է Հայաստանում։ Մրցույթի ընթացքում նկարահանվել են երեք երաժշտական ֆիլմեր, որոնք արդեն իսկ հեռարձակվել են բազում երկրներում, այդ թվում նաեւ՝ մեր Ազգային հեռուստատեսությամբ։ «Հայեր» մշակութային կենտրոնը հրավերներ է ստացել մրցույթին մասնակցած գրեթե բոլոր երկրներից՝ Բուլղարիայից, Լատվիայից, Լեհաստանից, Ղազախստանից, ինչպես նաեւ Գերմանիայից՝ միջազգային հեռուստամրցույթին մասնակցելու համար։ ԱՆՆԱ ԴԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել