Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 28,2000 00:00

Բարո՜վ եք եկել, փող բերե՞լ եք 2001 թվականին հաշված օրեր են մնացել, իսկ դա նշանակում է, որ ընդամենը 4-5 օր հետո Հայաստանը պիտի խոստացածի նման լա՜յն բացի դռները ողջ աշխարհի առջեւ։ Հյուրերի նման թվաքանակ (ըստ որոշ տեղեկությունների՝ սպասվում է տուրիստների հարյուրհազարանոց հոսք) ընդունելու, տեղավորելու համար անհրաժեշտ է գոնե մինիմում մակարդակով զարգացած զբոսաշրջիկության ինստիտուտ ունենալ։ 1999թ. վիճակագրական տվյալներով Հայաստան է այցելել 40 հազար զբոսաշրջիկ։ Ինչպես նախատեսում եւ հույս է հայտնում ՀՀ առեւտրի եւ արդյունաբերության նախարարությունը՝ մասնավորապես՝ «ՀՀ զբոսաշրջիկության զարգացման մասին հայեցակարգը», որը այս տարվա ապրիլին արժանացել է ՀՀ կառավարության հավանությանը, զբոսաշրջիկների թիվը եկող տարի կավելանա։ Այս մեծ պատվին է արժանացել նաեւ «ՀՀ զբոսաշրջիկության զարգացման պետական ծրագիրը»։ Որպես զբոսաշրջիկությունը զարգացնելուն ուղղված կարեւոր քայլ, առեւտրի եւ արդյունաբերության նախարարությունը նշում է նաեւ Հանովերի «Exspo-2000» ցուցահանդեսում հայկական տաղավարի հաջողությունը, «Lonely planet» հեռուստածրագրի ստեղծագործական խմբի հրավերը ՀՀ եւ նրանց նկարահանած ֆիլմը, որը ցուցադրվել է աշխարհի 30 երկրներում։ Զարմանալի, ուղղակի ցնցող հաշվարկներ են կատարված, ցավոք՝ միայն բարի կամքի ու երեւակայության բուռն զարգացման ոլորտից։ Սակայն ամենացնցողը հաջորդ «ձեռքբերումն է» (ըստ հիշյալ նախարարության). «Հայաստան են հրավիրվել Թուրքիայի չորս թուրքալեզու հայտնի թերթերի լրագրողներ, որոնք Հայաստանում մեկշաբաթյա շրջագայությունից հետո իրենց թերթերում տպագրել են 14 հոդված՝ Հայաստանը որպես զբոսաշրջիկության համար բարենպաստ նկարագրով երկիր»։ Առայժմ մի թեթեւ «պոպուրի» արդեն իսկ Հայաստանում, տուրիստի կարգավիճակով հայտնված մի շարք ծանոթներիս կարծիքներից. «Հրաշք տեղեր կան Հայաստանում, բայց մատուցել չգիտեք։ Ջերմուկի նման չքնաղ վայրում ամեն քայլափոխի արտաթորանքի հանդիպեցինք։ Էջմիածին տանող ճանապարհին մի մեծ հատված աղբանոց է հիշեցնում։ Գեղարդի շրջակայքում մանր-մունր բաներ վաճառողները տզրուկի պես կպչում են, չեն պոկվում։ Վերնիսաժում մեզ ամեն ինչ կրկնակի, եռակի թանկ են վաճառում։ Բայց ամենամեծ հրաշքը հայերի հյուրասիրությունն է, որով ծածկվում են բոլոր թերությունները, չհաշված՝ բոլորին եւ ամեն ինչը «քցելը»։ ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031