Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 28,2000 00:00

Մեր պաշտոնյաների Ամանորի ցանկությունները Լավատեսները հավատում են, որ եթե Ամանորի գիշերը ցանկություն պահեն՝ անպայման կկատարվի։ Ամանորի նախաշեմին ակամա լավատես ես դառնում, այնպես որ՝ փորձեցինք կրթական համակարգի ղեկավար այրերից ճշտել՝ ո՞րն է նրանց Ամանորի ցանկությունը։ ԿԳ փոխնախարար Աիդա Թոփուզյանի ցանկությունը, ինչպես եւ մյուս զրուցակիցներինս, աշխատանքին էր առնչվում։ «Ինչ անենք, չենք կարողանում գործից կտրվել»,- մի քիչ մեղավոր տոնով նկատեց։ Իսկ ցանկությունն այն է, որ «բոլոր դպրոցները շենքային լավ պայմաններում գործեն, ապահովված լինեն անհրաժեշտ գույքով, լաբորատոր սարքերով ու այն ամենով, ինչը կնպաստի ուսումնադաստիարակչական աշխատանքի արդյունավետ կազմակերպմանը»։ ԿԳ փոխնախարար Արա Ավետիսյանի ցանկությունը շատ հակիրճ էր ու կոնկրետ. «Իշխանության չորս ճյուղերի համագործակցված արդյունավետ աշխատանք»։ Նաեւ հավելեց՝ հատկապես 4-րդ իշխանության հետ, ինչը պրն Ավետիսյանին, ի դեպ, հաջողվում է։ Մամուլի նկատմամբ բարյացակամ է նաեւ Երեւանի տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Գրիգոր Կիրակոսյանը, որի Ամանորի ցանկությունն իր ուսանողներին էր վերաբերում։ «Ես մեր ուսանողներին ցանկանում եմ, որ ավելի շրջահայաց եւ աշխատասեր լինեն ու մտածեն, թե ինչ պիտի անեն 21-րդ դարում։ Մտածեն սթափ ու ապագա դժվարությունները հաղթահարելու համար զինվեն անհրաժեշտ գիտելիքներով»։ Պրն Կիրակոսյանը նաեւ ցանկացավ, որ մեր ժողովուրդը բարեկեցիկ կյանք ունենա։ Այս վերջին ցանկությունը նաեւ Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական համալսարանի ռեկտոր Միսակ Դավթյանը հայտնեց. «Իմ ցանկությունն այն է, որ Նոր տարում մեր ժողովուրդը կարողանա հոգալ իր նվազագույն պահանջները, սոցիալ-տնտեսական դժվարությունները հաղթահարի։ Մեր ուսանողներին ցանկանում եմ, որ ուսման համար գոնե նվազագույն պայմաններ ունենան, որպեսզի կարողանան առանց դժվարությունների սովորել»։ Պրն Դավթյանի համար ամենամեծ «բարոյական դժվարությունը» ուսման վարձերի խնդիրն էր, որոնք թեեւ բուհերին օգնում են հոգալ իրենց կարիքները, բայց շատ ուսանողների համար մատչելի չեն։ Ու դրա հետ կապված ցանկությունն էր, որ «քիչ զբաղվենք ուսման վարձերի գանձմամբ» եւ կարողանան բուհերի կարիքները հոգալու համար այլ ֆինանսական աղբյուրներ գտնել։ Իսկ Երեւանի գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանն այսպես արձագանքեց Ամանորի իր ցանկությունը բացահայտելու մեր խնդրանքին. «Պարզ չէ՞… որ խաղաղություն լինի, մարդիկ աշխատանք ունենան, որ ղեկավար մարդիկ հասկանան, թե ինչի համար են ղեկավար (փոքր լռությունից հետո հեռատեսորեն հավելեց- Ն. Հ.), ոնց որ թե հիմա ստացվում է, դա իմ կարծիքն է»։ Մանկավարժների կարծիքը ղեկավարների նկատմամբ կասկածում ենք, որ դրական լինի՝ թեեւ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության լրատվական կենտրոնից երեկ հավաստիացրին, որ հանրապետության մանկավարժներին մեր պետությունը պարտք չունի եւ դեկտեմբերի աշխատավարձը վճարել է արդեն։ Սակայն համայնքային ենթակայության հանձնված որոշ դպրոցների մանկավարժներ նույնիսկ մայիսից աշխատավարձ չեն ստացել։ Մինչդեռ, ենթարկվելով ՀԲ-ի ճաշակին, պատրաստվում ենք մեր բոլոր դպրոցները մոտ ապագայում հանձնել համայնքային ենթակայության։ Ն. Հ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031