Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարանում շարունակվում է Արծվիկ եւ Լեւիկ Ավետիսյանների վերաքննիչ բողո

Փետրվար 28,2001 00:00

ԻՆՉՈՒ ՍԿՍԵՑԻՆ ՓՈԽԵԼ ՑՈՒՑՄՈՒՆՔՆԵՐԸ ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարանում շարունակվում է Արծվիկ եւ Լեւիկ Ավետիսյանների վերաքննիչ բողոքի քննությունը։ Նրանք վիճարկում են առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռը, որով իրենք մեղադրվել եւ դատապարտվել էին «Մեկ» կահույքի սրահի տնօրենի սպանության մեջ։ Ըստ էության, ամբաստանյալներին տրվեցին հարցեր, որոնց պատասխանները էապես տարբերվում էին Արաբկիր եւ Զեյթուն-Քանաքեռ համայնքների առաջին ատյանի դատարանում տրված նրանց պատասխաններից։ Լեւիկն, օրինակ, ցուցմունք էր տվել, որ Արծվիկի ձեռքին զենք չի եղել, որ զենք է եղել միայն իր ձեռքին, որը նա պահել է Թաթուլ Մխիթարյանի (Արայիկի եղբոր) գլխին։ Լեւիկը ցուցմունք էր նաեւ տվել, որ «խղճալով Մխիթարյան եղբայրներին, իր վրա է վերցրել կատարված հանցագործության մեղքը եւ միայն 2000թ. մարտի 10-ին Թաթուլ Մխիթարյանի հետ առերեսման ժամանակ է սկսել ճիշտ ցուցմունքներ տալ»։ Մխիթարյանների ներկայացուցիչ, փաստաբան Մ. Առուստամյանը հարցը տալիս նկատեց, որ Լեւիկն այդ ցուցմունքում ընդունել է, որ կրակել է Թաթուլ Մխիթարյանի ուղղությամբ եւ, որ վերջինս վայր է ընկել։ «Նույն ցուցմունքում դուք ընդունել եք, որ Թաթուլ Մխիթարյանի վրա կրակել եք մեկ անգամ, իսկ թե քանի գնդակ է կպել՝ չեք կարող ասել։ Ի՞նչ է, դուք մարտի 10-ից հետո դարձյալ շարունակել եք խղճալ Թաթուլ Մխիթարյանին, որ ձեր վրա եք վերցրել Թ. Մխիթարյանին վիրավորելու մեղքը,- հարցրեց պաշտպանը եւ ապա շարունակեց,- ինչո՞ւ դուք խղճում էիք Մխիթարյաններին, իսկ ինքներդ ձեզ եւ ձեր հարազատ եղբորը չէիք խղճում»։ Ամբաստանյալ Լ. Ավետիսյանը պատասխանեց. «Խղճում էի»։ Նախորդ օրը դատարանում Արծվիկ Ավետիսյանը պնդեց միայն առաջին ատյանի դատարանում իր տված ցուցմունքները, ասելով, որ նախաքննական ցուցմունքները ճիշտ չի տվել։ «1998թ. մարտի 14-ին, առավոտյան ժամը 10-ի սահմաններում Հրաչյան եկել էր իմ հետեւից։ Իրար հետ պետք է գնայինք նախագահի նախընտրական շտաբ. մենք հանդիսանում էինք նախագահի շտաբի վստահված անձ»,- հրապարակեց դատավոր Ա. Խաչատրյանը։ Ա. Ավետիսյանն իր ցուցմունքներում ասել էր. «Մինչեւ շտաբ գնալը տանից դուրս եկանք, իմ տան հարեւանությամբ վարսավիրանոցի մոտ հանդիպել եմ Արայիկին։ Մենք ձեռքով իրար բարեւեցինք եւ մտանք վարսավիրանոց»։ Արայիկի «սառը, արհամարհական պատասխանից» հետո էլ երկուսով դուրս են գալիս վարսավիրանոցի դիմաց։ «Խոսքից խոսք բացվեց, վիճաբանության ժամանակ Արայիկը հայհոյեց, հարվածեց, ես էլ իրեն եմ հարվածել… Արայիկն ինձ ասաց, որ իրիկունն ինքը, Թաթուլը մի երեք հոգով Մորիսի աղբյուրի մոտ ինձ են սպասում եւ առաջարկեց մի-մի բաժակ բան խմենք, բարիշենք»,- ցուցմունքի ընթերցումից հետո փաստաբան Վ. Յանիկյանը իմիջիայլոց նկատեց, որ մարտ ամիսն էր եւ որեւէ բացօթյա վայր չկար «մի-մի բաժակ խմելու համար»։ Ըստ այս ցուցմունքների, Արայիկն էր նախահարձակ եղել Արծվիկի վրա, իսկ նրա ձեռքին էլ, ոչ ավել, ոչ պակաս, եղել էր «թուր»։ Պաշտպանական կողմը հարցուպատասխանի ժամանակ հիշեցրեց ամբաստանյալներին տուժողների թե՛ նախաքննության, թե՛ դատաքննության ընթացքում տրված ցուցմունքները, որով նրանք պնդել էին, որ Արայիկ Մխիթարյանի ձեռքին դանակ, առավել եւս՝ «թուր» չի եղել։ Արայիկի ոչ դանակը, ոչ «թուրը» չէին նկատել եւ Ավետիսյանի կողմնակից վկաները՝ Կ. Հարությունյանը, Գ. Վարդանյանը, Հ. Մաթեւոսյանը, Ց. Պետրոսյանը, Կ. Բաբաջանյանը։ Միայն Լեւիկն ու Արծվիկն են ցուցմունք տվել, որ Արայիկի ձեռքին դանակ է եղել։ Հետեւեց Մխիթարյանների փաստաբանների հետեւյալ տրամաբանական հարցադրումը. «Եթե տուժողներն իրենց ի վնաս ցուցմունք չեն տվել, ապա ինչպե՞ս բացատրել, որ ձեր կողմնակից վկաներն էլ են ժխտել այդ հանգամանքը»։ Նույնքան տրամաբանական էր, եթե, ըստ ամբաստանյալների դատաքննական ցուցմունքների՝ դեպքի վայրում իրենք կողմնակիցներ չեն ունեցել եւ ընդհակառակը, Մխիթարյաններն էին եկել մինչեւ 100 հոգով, ապա. «Ինչպե՞ս եղավ, որ Մխիթարյանների հետ ձեզ վրա հարձակման եկած անձինք թողեցին, որ դուք անարգել հեռանայիք դեպքի վայրից», հարցադրումը։ Ի դեպ, նախաքննությունն, ըստ ամբաստանյալների, անցել է իրենց նախորդ պաշտպան Հ. Իսաջանյանի սցենարով։ Ըստ այդ սցենարի, մինչեւ 2000թ. հունվարի 30-ը Ավետիսյանները ցուցմունք էին տվել, թե իրենք են կրակել Արայիկի եւ Թաթուլի վրա։ Հունվարի 31-ին, նոր պաշտպանի ներկայությամբ, ցուցմունք են տալիս, թե «ախպերը ախպորը խբեց» (իբր Արայիկն է կրակել Թաթուլին) եւ վերջապես, 2000թ. մարտի 10-ից հետո, երբ Թաթուլն առերեսման ժամանակ պնդել է, որ Լեւիկն է կրակել իր վրա, իսկ Արծվիկը՝ Արայիկի, հետեւել է «Թաթուլն է կրակել Արայիկի վրա, իսկ Թաթուլի վրա կրակել է Լեւիկը» սցենարը… ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728