Լրահոս
Օրվա լրահոսը

Բաց նամակ քաղաքապետարանի կրթության վարչությանը

Փետրվար 28,2001 00:00

Դպրոց-թատրոն կապը վերականգնելու կոչ Բաց նամակ քաղաքապետարանի կրթության վարչությանը Եթե վերջին տարիներին զարմանալի անտարբերություն չդրսեւորեինք հանրապետության կրթական համակարգում կատարվող մակերեսային եւ քմահաճ փոփոխությունների նկատմամբ եւ եթե հասուն լինեինք ժամանակին արձագանքել, այսօր հարկադրված չէինք լինի անդրադառնալ մեկ ուրիշ՝ այս անգամ քաղաքապետարանի կրթության վարչության անհարկի եւ արտառոց հրահանգին։ Ասվածը վերաբերում է նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանի կողմից անցյալ տարվա սեպտեմբերին մայրաքաղաքի դպրոցների տնօրեններին ուղղված կարգադրությանը. աշակերտներից ոչ մի գումար չհավաքել, այդ թվում՝ տիկնիկային թատրոնի ներկայացումների համար։ Փաստորեն, այդ հրահանգով թատրոնը դուրս է մղվում ոչ միայն դպրոցից՝ աշակերտներին զրկելով բարձրարժեք եւ ուսանելի ներկայացումներ դիտելու հաճույքից, այլեւ անտեսվում է աշակերտների համակողմանի զարգացմանը մեծապես նպաստող չափազանց կարեւոր կապը։ Քաղաքապետարանի կրթության վարչությունը, հավանաբար անտեղյակ է, որ ՀԽՍՀ լուսժողկոմատի որոշմամբ, դեռեւս 1935-ին հիմնադրված Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնն առաջին հերթին ստեղծվել է այն նպատակով, որպեսզի դպրոցի հետ համատեղ իրականացնի աճող սերնդի կրթության, կամային հատկությունների ձեւավորման, բարոյա-գեղագիտական եւ գեղարվեստա-գաղափարական դաստիարակության, վերջապես նրա համակողմանի զարգացման խնդիրները։ Խիստ էական նշանակություն ունեցող այս գործընթացի կայացմանը մեծապես աջակցել է ներկայացումների կազմակերպման կուռ, աբոնեմենտային համակարգը, որն իրականացվել է մայրաքաղաքի դպրոցներում՝ տարիներ շարունակ։ Այսօր մենք պետք է կարողանանք ըստ արժանվույն գնահատել այս գործընթացում թատրոնի ձեռք բերած լուրջ հաջողությունները եւ թույլ չտանք, որ քաղաքապետարանի կրթության վարչության ինչ-որ մեկի քմահաճ կարգադրությամբ վերջ դրվի թատրոն-դպրոց վաղուց ավանդույթ դարձած սերտ կապին։ Միանգամայն անընդունելի ենք համարում ժողովրդի սոցիալական ծանր վիճակը շահարկող արդարացումները։ Իսկ մի՞թե սոցիալական պակա՛ս լարվածություն կար 30-ական թվականների տնտեսապես ծայրաստիճան քայքայված, աղքատ ու հետամնաց Հայաստանում, ուր համատարած սովի պայմաններում անօթեւան, մերկ ու բոկոտն որբ երեխաներին կազմակերպված տանում էին թատրոն։ Թատրոնը կատարում էր հոգեբանի, մանկավարժ-դաստիարակի պատասխանատու, սակայն հաճելի պարտականությունը՝ նպաստելով երեխաների բազմակողմանի, ընդ որում՝ մարդկային լավագույն հատկությունների ձեւավորմանն ու զարգացմանը։ Կարծում ենք, ներկայիս քաղաքապետը եւ կրթության վարչությունը ասվածից լուրջ հետեւություն կանեն եւ կընդունեն մանուկների թատրոնին սատար կանգնող եւ քաջալերող այնպիսի որոշում, որպեսզի թատրոնը կարողանա լիարժեք կատարել դպրոցի, այլ խոսքով՝ աճող սերնդի եւ ապագա մարդ-քաղաքացու հանդեպ իրեն վերապահված պարտականությունները։ Գ. ՋԱՀՈՒԿՅԱՆ, ակադեմիկոս, Լ. ՀԱԽՎԵՐԴՅԱՆ, ակադեմիկոս, Խ. ԱՎԱԳՅԱՆ, արվեստի վաստակավոր գործիչ, Ա. ԲԱԲԱՅԱՆ, արվեստի վաստակավոր գործիչ, ՅՈՒ. ՍԱՀԱԿՅԱՆ, մանկագիր, Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ, ակադեմիկոս, Ա. ՇԱՀԻՆՅԱՆ, արձակագիր-դրամատուրգ, Ս. ՄՈՒՐԱԴՅԱՆ, մանկագիր, Հ. ՍԵՎԱՆ, մանկագիր Կարեւորելով թատրոնի դաստիարակիչ դերը՝ վիճելի ենք համարում այն պնդումը, թե տոմսերի վաճառքի միակ ու լավագույն տեղը դպրոցն է։ Առանց այդ էլ դպրոցը վերջին տարիներին շատ հարցերում է շուկայի վերածվել։ Եվ Ալբերտ Բազեյանի կարգադրությունը վիճակը շտկելու նպատակ ուներ։ Այնուամենայնիվ, այս բաց նամակում արծարծված հարցի վերաբերյալ ճիշտ կլինի, որ կարծիքներ հայտնեն դպրոցների տնօրենները, այնպես որ, «Առավոտի» առաջիկա հարցումներն այս թեմայով կլինեն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել