Լրահոս
Օրվա լրահոսը

Չլսված նորօրյա պատմություն

Փետրվար 28,2001 00:00

ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԽՈՐ ՎԻՐԱՊ Չլսված նորօրյա պատմություն «Մայր եւ մանուկ» բարեգործականի կազմակերպելիք ուխտագնացության աստվածահաճո արձագանքը Սասունցի Դավթի արձանի շուրջը խմբված բազմությունն էր։ Շաբաթօրյա ուխտագնացների ավտոբուսային քարավանը հայկական ճշտապահությամբ ժամեր անց սրբավայր հասավ եւ շրջապատի շատ մանրուքներ չնկատելով խմբվեց սբ. Աստվածածին եկեղեցու գավիթի շուրջ… Քարավանին ուղեկցող պետավտոտեսչության «Հունդայի» մեքենայից ուխտագնացների օրապահիկը «փրկելով», կազմակերպիչը շնչակտուր վազեց դեպի գավիթ՝ ներկայացնելու ուխտի նպատակը։ Մինչդեռ գլխավոր տեր հայրը հասցրել էր ոտից գլուխ գնահատել ուխտի եկածներին եւ այսպես դիմեց. «Էջմիածինը Խոր Վիրապի բուկլետն է տպել, թե փող չունեք՝ մի մասը կարող եմ ձրի տալ…»։ Դեռ սրբավայրից արբած էին ուխտագնացները եւ չէին էլ նկատել, որ այդ նորամորուք տերտերի սքեմի տակից ջինսի շալվար էր, որի «ղայիշին» կոմուֆլյաժով սոտովին էր… Խաչը ձախ ձեռքը տեղափոխելով, վերջինս իր աջն առավ ամենազոր սոտովին ու կարգադրեց. «70 հատ բուկլետ բերեք։ Փող չունեն, ձրի կտաք»,- հետո դիմեց ուրագը ձեռքին մի «սպեցովկայով» թիկնապահի, կարգադրելով երգել… Ու խաչը սկսեց քերել կաթվածահար եղած օդը։ Աղոթքից հետո կանայք դիմեցին նորօրյա տեր հայրին, թե կարելի՞ է համբուրել։ Ի՞նչը, խա՞չը,- հետո աջ ձեռքի երկու վերջնամատը ցուցադրաբար տնկելով՝ իբր հարց չկա, ողորմածաբար խաչը մոտեցրեց համբուրող բերաններին… Նկարահանող խմբի օպերատորը ուշքի գալով պլանը խոշորացրեց, հետո որոշեց չխանգարել աղոթողներին, մոմ վառողներին ու խաչակնքվողներին։ Քիչ անց, երբ ուխտագնաց խմբի երեխաներն ավետեցին, թե փոսի հերթը վերջացել է, նկատեցի երկու սիրունատես աղջիկների՝ նստարանին կուչ եկած եւ իրենց հասակակից երիտասարդներից հաստատ նեղացած… Ա՛յ թե սուրբ վայրում չլինեինք, հա՜, տաքացած, ինչ-որ շոկային իրողությունից քիչ այն կողմ կիսվում էին տղերքը։ Պարզվեց, որ նորօրյա տերտերի թիկնապահները վիրապ իջնել ցանկացած այս աղջիկներին ասել էին. «Պե՞տք ա՝ գանք մոմ բռնենք…»։ Սրբավայրի բակում բացված սեղանը երկար տեւեց՝ ոչ թե սնվելու, այլ տպավորությունները «Մայր ու մանուկի» մատյանում գրառելու ընթացքով։ Առիթից օգտվելով Արարատին, սահմանին ու բլուրներից մեկին տեղադրված լեռների պահապանի արձանին էի նայում, երբ ինձ մոտեցավ նորօրյա տեր հայրը՝ «Լա՜վ ա, չէ՞»… Ես էլ հարցրի, թե ծառատունկը շրջապատը կանաչապատելու նպատակին կծառայի՞… «Տռուբեքը չե՞ս տեսնում, ընենց կանաչացնեմ որ…»։ – Իսկ ներսի եվրոստան սենյակնե՞րն ինչ նպատակով են, թանգարա՞ն է լինելու,- հարցրի։ – Ի՞նչ թանգարան, ըտե էլ ե՛ս եմ մնալու, ի՞նչ ա, լավ չի՞… Լա՜վ, տուր մի հատ վառեմ,- ասաց տեր հայրն ու սիգարոն կպցրեց, ապա շտապեց պարսպից ներս՝ դիմավորելու հարսանյաց շքախումբը։ Հարսանքավորների այս արդեն յոթերորդ խումբն ակնհայտորեն տարբերվում էր նախորդներից իր «ջիպերով» ու «շիսսոտներով» եւ գավիթ չհասած պայթեցրած «գմփիկներով»։ Ուխտավոր կանայք վախեցած ու վրդովված չդիմացան ու հարձակման անցան, թե ի՞նչ է, ա՛յս վայրո՞ւմ էլ հարգանք չկա, այս ի՞նչ եք անում… «Դե մի հատ դավայ ըլեք ստուց,- զինանոցը բացեց տեր հայրը,- թե չէ…»։ Ու «թիկնապահներն» առաջ եկան… Ուխտավորներից առաջինը սրբավայրը թողեց մի ծերունի, ակնհայտորեն իր հետեւից տանելով մյուսներին։ Նա ինչ-որ պարբերություն էր մատնացուցում Խոր Վիրապի ուղեցույցից, ուր գրված էր, թե XVII-XVIII դարերում սրբավայրն ուխտատեղի է եղել անգամ Արարատյան դաշտում բնակվող քրդերի ու թուրքերի համար։ Ի դեպ, ծերունին Գրիգոր Ներսիսյանն էր՝ Կաթողիկոսի հայրը… ՇԱՆԹ ԽԱՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել