Լրահոս
Օրվա լրահոսը

Հարցազրույց

Փետրվար 28,2001 00:00

«Պարի պետականը ուղղակի պետք է փրկել» Հարցազրույց Պարարվեստի միության նախագահ Կարեն Գեւորգյանի հետ -Վերջերս Դուք արտահայտում եք ծայրահեղ մտահոգություն Հայաստանի Պարի պետական համույթի վերաբերյալ։ Իրո՞ք վիճակը այդքան մտահոգող է եւ արդյո՞ք Պարի պետականը այս տարիների ընթացքում ոչինչ չի արել։ – Ինչ-որ բան արել է. փորձեր են արել, որոշ շրջագայությունների են մեկնել, բայց ոչ մի էական բան, որը նոր որակի բարձրացներ խմբի գեղարվեստական արժեքը։ 7 տարում 7 բալետմայստերներով 7 հատ պար են բեմադրել։ Երեւի կհամաձայնեք, որ սա նորմալ չէ։ Եվ այդ ի՞նչ բեմադրություններ են։ Համույթի պարային կատարումներում չի արտացոլվում մեր ժողովրդական պարերին բնորոշ անմիջականությունը, տեղային առանձնահատկությունը։ Պարարվեստը կրկնություններ չի սիրում. ինչքա՜ն կարելի է պարել այդ «Կինտոները», «Լեզգինկան», «Կակաչները», «Սրերով պարը». 30 տարի անընդհա՞տ։ Այն դեպքում, երբ մենք ունենք հարյուրավոր ազգագրական պարեր՝ ուղղակի ոսկե հանք պրպտող ստեղծագործողի համար։ Հանկարծ չթվա, թե այս քննադատությունն ուղղված է խմբի գեղարվեստական ղեկավարի անձի դեմ, քա՛վ լիցի։ Այսօր կան գրաքննադատներ, կինոգետներ, թատերագետներ. մասնագիտություն է, մարդիկ դիսերտացիաներ են գրում, կոչումներ ստանում եւ ոչ ոք դա արտառոց չի համարում։ Բայց եթե մեկը, օրինակ՝ ես, խոսում է պարարվեստի խնդիրների մասին, ասում են՝ Գեւորգյան Կարենը չկամություն է անում։ Չէ, եղբա՛յր, չէ՜… Ես մարդ եմ, որը իր գործը համարում է պարարվեստը եւ ցավում է հայ պարարվեստի դեմքը պետականորեն ներկայացնող Պարի պետականի այսքան տխուր վիճակի համար։ Հիմա նրանք կասեն. «Գիտե՜ք, մենք քանի՜ շրջագայությունների ենք մեկնել, ի՜նչ ընդունելության ենք արժանացել»։ Շրջագայությունները որակի ցուցիչ չեն, բոլորս էլ գիտենք, որ Սփյուռքը նույն ոգեւորությամբ կընդունի թե՛ Պարի պետականին, թե՛ Խաչիկ Խուրշուդյանի խմբին։ – Այսօրվա մշակույթների ինտեգրացման համաշխարհային շրջապտույտում մեր պարը ունի՞ այն ներքին ուժը, առանձնահատուկ ոգին, որ կարողանա կանգնել առաջին գծում եւ գոհացնել 21-րդ դարի հանդիսատեսին։ – Մեր պարը հազարամյակներից է գալիս, ծիսական ծագում ունի։ Ամեն մի շարժում, հազարամյակների միջով անցնելով, իր մեջ ահռելի բովանդակություն է խտացրել։ Մեր պարի մեջ կոդավորված է մեր տեսակը, ազգային նկարագիրը։ Ու հիմա համաշխարհային շուկայում հենց նման պարերի նկատմամբ է աճում հետաքրքրությունը։ Մենք ուղղակի չկարողացանք համաշխարհային բանահյուսական արվեստների խաչմերուկում մեր պարը դնել։ Ես Արգենտինայի Ազգային օպերայի եւ բալետի թատրոնի բալետմայստերներից մեկին ցույց տվի մեր «ծնկկոտրուկ» շարժումը։ Երեք շաբաթ չարչարվելուց հետո նա ձեռքերը խփեց իրար ու ասաց. «Ա՛յ, սա պար է»։ Պարարվեստի միությունը արդեն 5 տարի է՝ ուսումնասիրում է մեր ազգային պարի գանձարանը եւ մարգարիտներ է հանում։ Մեր համույթները օտար բեմերում մրցանակներ են շահում՝ ջանալով արտացոլել մեր պարի մեջ խտացած հզոր, կորովի ոգին։ Մենք ուսումնասիրում ենք, փնտրում ենք։ Իսկ Հայաստանի Պարի պետական համույթի գործունեության մեջ այս ամենը իսպառ բացակայում է։ Իմ միակ նպատակը համույթի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր բալետմայստեր դառնալը չէ։ Ես ուզում եմ, որ բոլոր նախանձախնդիրները այսօր հավաքվեն ու ուղղակի փրկեն այս համույթը, որը տարիների ավանդույթներ ունի եւ արժանի է նաեւ ապագա ունենալու։ ՍՈՆԱ ԹՈՄՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Փետրվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728