Լրահոս
Օրվա լրահոսը

Այսպես է բնութագրում նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը 1999 եւ 2000 թվականների ՄԱԿ-ի մարդկային զարգաց

Մարտ 31,2001 00:00

ԲԱՑԱՐՁԱԿ ՀԻՄԱՐՈՒԹՅՈՒՆ Այսպես է բնութագրում նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը 1999 եւ 2000 թվականների ՄԱԿ-ի մարդկային զարգացման զեկույցում Հայաստանի տնտեսական կյանքի վերլուծությունը Մարտի 24-ին «Առավոտում» տպագրվել էր Հրանտ Բագրատյանի մեկ տարի առաջ գրված նամակը՝ Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցիչ Կատիցա Չեկալովիչին, որում հեղինակն իր անհամաձայնությունն է հայտնում 1999 թ. Հայաստանի Մարդկային զարգացման զեկույցի վարկերին առնչվող դատողություններին: Այս հոդվածում պրն Բագրատյանը ներկայացնում է, թե ինչ է հետեւել այդ նամակին: Սույն նամակը գրվել է գրեթե մեկ տարի առաջ։ Դրանից անմիջապես հետո հանդիպել եմ տ-ն Չեկալովիչի հետ։ Նրա բացատրությունն այսպիսին էր. «զեկույցում արտահայտված մտքերը հեղինակների սեփականությունն են եւ գրասենյակը դրանց համար պատասխանատվություն չի կրում։ ՄԱԿ-ը պաշտպանում է ժողովրդավարության սկզբունքները եւ պատրաստ է մյուս զեկույցում տպագրել նաեւ Ձեր կարծիքը»։ Մյուս զեկույցը («Մարդու իրավունքները եւ մարդկային զարգացումը», Հայաստան, 2000) օրերս լույս է տեսել։ Տ-ն Չեկալովիչ, դուք ոչ միայն չեք նշել վերը նշած նամակի մասին, այլեւ էլ ավելի եք «խորացրել» ձեր ուսումնասիրությունները Հայաստանին վերաբերող թերությունների շուրջ։ 67-րդ էջում, օրինակ, կարդում ենք. «Քաղաքացիների կենսամակարդակի եւ համապատասխանաբար տնտեսական ու սոցիալական դեկլարատիվ իրավունքների իրացման հնարավորության ամենամեծ անկումը տեղի ունեցավ 1993թ., երբ գների ազատականացման եւ ազգային արժույթի ներմուծման հետեւանքով 1994թ. սղաճը տարեկան կազմեց 50-60%, եւ մեկ շնչի հաշվով միջին ամսական եկամուտը իջավ մինչեւ 5 դոլար։ Էներգետիկ ճգնաժամի հետ միասին սա սկիզբ դրեց ՀՀ-ից զանգվածային արտագաղթին։ (2000թ. խորհրդարանական հատուկ հանձնաժողովը տվեց իր սկզբնական եզրակացությունը. 1992-1993թթ. օբյեկտիվ հնարավորություն է եղել բնակչությանը էլեկտրաէներգիայով ապահովելու օրական ոչ թե 2-3, այլ 24 ժամ)»։ Նախ, ՀՀ-ում ամենամեծ տնտեսական անկումը տեղի է ունեցել 1992թ.։ Երկրորդ, զանգվածային արտագաղթը Հայաստանում սկսվել է 1992թ.։ Այդ տարի երկիրը թողել է 228,6 հազար մարդ։ 1993թ. Հայաստանը թողել է 141,1 հազ. մարդ (ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 1999թ. հունվար-դեկտեմբերին, Երեւան, 2000, էջ 125)։ Սա, ինչպես տեսնում եք, օրվա իշխանությունների վիճակագրական տվյալներով։ Ի դեպ, 2000թ. ամենահամեստ գնահատականներով Հայաստանը թողել է առնվազը 230 հազ. մարդ։ Երրորդ, խորհրդարանական հանձնաժողովն իր պաշտոնական զեկուցագրում 1992-1993թթ. բնակչությանը 24 ժամ հոսանք տալու մասին որեւէ եզրակացություն չի արել։ Նույնիսկ այդ հանձնաժողովը, որը ձեւավորվել էր որոշ քաղաքական ստահակների կրքերը բավարարելու համար։ Ընդհանրապես դուք պետք է իմանաք, որ համենայնդեպս 1993-1996թթ. մասով այդ հանձնաժողովի եզրակացությունները մազութի եւ էներգետիկ չարաշահումների մասով ամենաիսկական բլեֆ են։ Սկզբում իշխանությունները, Ազգային ժողովում ներկայացած քաղաքական ուժերը (հատկապես դրանց նացիոնալ-սոցիալիստական թեւը) ակնհայտորեն հովանավորում էին այդ քաղաքական սպեկուլյանտների գործունեությունը։ Ազգային հեռուստատեսություն կոչվածը ավելի քան երկու տարի հասարակությանը սրսկում էր նախկինների կողմից մազութ ու գազ ուտելու եւ ժողովրդին առանց էլեկտրաէներգիա թողնելու սուտը։ Ի վերջո պարզեցին, որ նախկինները, համենայնդեպս 1993-1996թթ., ոչ միայն էներգակիրներ չեն յուրացրել, այլեւ շնորհիվ համակարգի արմատական բարեփոխման՝ կարողացել են կարճ ժամանակում վերստին վերականգնել 24-ժամյա հոսանքի մատակարարումը բնակչությանը։ Նրանց աշխատանքի շնորհիվ է, որ ներկաները ստացել են սեփական հոսանքով ինքնաբավ երկիր։ Ավելին, վերջինիս մի մասը նույնիսկ արտահանում են հարեւան երկրներ։ Չմոռանանք, որ Վրաստանում, նույնիսկ Ռուսաստանում առ այսօր շարունակվում են հովհարային անջատումները։ Ուրիշ տեղեր այս աշխատանքի համար շնորհակալություն կհայտնեին…8230 Ուրիշ տեղ, բայց ոչ Հայաստանում։ Այստեղ մի քանի ստահակ ստանձնեցին էներգետիկ չարաշահումների գործ։ Շուտով, սակայն, հասկացան որ նման բան չկա։ Ավելին, եթե չարաշահումներ էլ կան, ապա միայն ներկաների օրոք (1997-2000թթ.)։ Եվ ահա փոխանակ ներողություն խնդրելու, ժողովրդին ճշմարտությունը ասելու, լրատվության միջոցներով սկսեցին զրպարտությունների եւ հերյուրանքների մի տարափ։ Անշուշտ, գիտեին եւ վախենում էին ճշմարտությունից։ Այն, իհարկե, ասվեց։ Սակայն այսօր Հայաստանում այլակարծությունը կարելի է արտահայտել որեւէ թերթի կամ մասնավոր հեռուստաալիքի միջոցով։ Հիմնական լրատվամիջոցները եւ, մասնավորապես, հանրային հեռուստատեսությունը գտնվում են իշխանությունների վերահսկողության տակ։ Հայաստանի բնակավայրերի մեծ մասում այս լրատվամիջոցը միակ հասանելին է։ Հիմա հասկանու՞մ եք ինչի վրա էին հույսները դրել էներգետիկ չարաշահումների վերաբերյալ կեղծիքներ մոգոնողները եւ դրանք լրատվամիջոցներով զանգվածայնորեն տիրաժավորողները։ Դուք պետք է իմանաք, որ հանրապետության նախագահին շուրջ մեկ տարի առաջ նամակ եմ հղել՝ պահանջելով հեռուստաժամ հանրային հեռուստատեսությամբ։ Չէ՞ որ այդ լրատվամիջոցով ավելի քան երեք տարի է մարդկանց բացահայտ կեղծիք է մատուցվում։ Առ այսօր պատասխան չկա։ Ազգային ժողովը երեք անգամ քննարկել է հարցը։ Պատրաստակամություն եմ հայտնել հրավիրելու դեպքում գնալ եւ բացատրել խնդիրը։ Արագորեն լուծարեցին հանձնաժողովը։ Ինչու՞, շարունակե՛ք։ Ի վերջո հայտարարություններ են արվել միլիարդավոր եւ հարյուր միլիոնավոր դոլարներ յուրացնելու մասին։ Որեւէ մեկը պատասխան պիտի տա՞ այս ստի համար։ Ամեն անգամ դատախազության աշխատողներին հրավիրում են իբր թե հանձնաժողովի բերած «փաստերը» հետապնդելու համար։ Սրանք էլ տեսնելով, որ նման «փաստեր» չկան, «ստիպված» հիշատակումներ են կատարում վաղուց անցած-գնացած գործերի մասին։ Գործեր, որոնց նկատմամբ հետաքննություններ են կազմակերպված եղել նախկին իշխանությունների օրոք։ Կամ էլ հրապարակում են «խախտումներ», որոնք կայացել են օրվա իշխանությունների պաշտոնավարման շրջանում։ Իհարկե, այս դեպքում գերադասում են չնշել ժամանակաշրջանը։ Ձեզ երեւի կզարմացնի, թե ինչու՞ է Բագրատյանը, որի անունը ոչ ոք չի տալիս, պատասխանում այս ամենին։ Ուրիշների փոխարեն խոսել չեմ ուզում. կոնկրետ ինձ համար անընդունելի է, երբ օրվա իշխանությունները ձեւավորած քաղաքական ուժերը, ձախողելով պետական շինարարության իրենց առաքելությունը Հայաստանում, կանխամտածված հիստերիա են ծավալել նախկինների կատարած «չարաշահումների» շուրջ։ Մինչդեռ նման բան չկա։ Մասնավորապես, էներգետիկ (մազութի) եւ վարկային գործեր գոյություն չունեն։ Այդ ամենի հետեւանքով այս հասարակության մի հատվածին թյուրիմացության մեջ են գցել։ Խոսում են ինչ-որ ընդհանուր, «մութ ուժերի կողմից հրահրված» կոռուպցիայի մասին։ Չհասկացանք, մեղավորներ կան՝ դատե՛ք։ Թե այդ կամպանիան իրականում սեփական խախտումներն ու չարաշահումները, որոնք, ըստ իս, անհամեմատ ավելի մեծ մասշտաբներով են ծավալվել, ծածկելու նպատակ է հետապնդում։ Այս ամենից հետո Հայաստանում մի տեսակ պերմանենտ հոկտեմբերի 27-ի մթնոլորտ է տիրում։ Ամեն բանից հիասթափված, թունավորված հասարակությունը, փոխանակ զարգացման խնդիրներով զբաղվելու, լքում է Հայաստանը։ Մարդիկ ահավոր չարացել են։ Պատրաստ են զիջելու երկրի քաղաքական անկախությունը, Ղարաբաղը։ Չարությունը, նախանձը, զրպարտելու, խաբելու, ստելու, կարողությունը, ամբոխավարությունը ամենակարող են դարձել։ Ինձ համար 20-րդ դարի վերջի եւ 21-րդ դարի Հայաստանը ժողովրդավարության, մասնավոր սեփականության ինստիտուտի գերակայության եւ քաղաքացիական իրավահարաբերությունների երկիր պետք է լինի։ Իհարկե, պետական շինարարության ավելի քան հազարամյա փորձի բացակայությունը պարարտ հող է ստեղծել չարաշահումների մասին լեգենդներով ժողովրդին դյուրությամբ խաբելու ու գրգռելու պոպուլիզմը ծավալող քաղաքական ուժերի համար։ Կեղծ սոցիալական պոպուլիզմն ու նացիոնալիզմն իրականում հանգեցնելու են (արդեն) ժողովրդի անտարբերությանը երկրում այսօր իշխանությունների կողմից ծավալած անօրինականությունների նկատմամբ։ Ինձ համար անընդունելի է այս մթնոլորտը։ Վերստին հայերը կորցնելու են իրենց պետությունը։ Ուստի եւ կարծում եմ, որ բոլոր պաշտոնյաները, որոնք առնչություն են ունեցել 1991-2000թթ. տեղի ունեցած վարկային եւ էներգետիկ իրադարձություններին, պարտավոր են արձագանքել։ Չի կարելի թույլ տալ, որ մեր աչքի առաջ մի քանի խելագար մոլորեցնեն ու փչացնեն մի ամբողջ հասարակություն։ Բացի այդ, ես կարծում եմ, որ նախկինում «կատարված չարաշահումներից» առանց հիմնավորումների խոսող «առաքյալներն» այլեւս պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն։ Տ-ն Չեկալովիչ, ձեզ արդյոք հայտնի՞ է, որ ես դիմել եմ իրավապահ մարմիններին առ այն, որպեսզի քրեական գործ հարուցվի չարաշահումների մասին զրպարտություններ տարածողների նկատմամբ։ Պահանջս մերժվել է, քանի որ հերյուրանքներ տարածողները դատախազության մարմիններին հայտնել են, որ ինչ որ ասել են էներգետիկ չարաշահումների մասին, փոխաբերական իմաստով են ասել։ Իհարկե, եթե իշխանությունն իրենցը չլիներ, ապա վաղուց արդեն նրանք օրենքի առջեւ պատասխան պիտի տային՝ զրպարտություններ ու կեղծիքներ տարածելու համար։ Իսկ առայժմ իշխանությունն իրենցն է։ Կարելի է հանձնաժողովներ ստեղծել, իրար մեջ պայմանավորվել եւ պառլամենտում նիստեր գումարել չարաշահումների ու կոռուպցիայի մասին։ Ժողովուրդը կտրամադրվի նախկինների դեմ, իսկ մինչ այդ կարելի է ամեն ինչ անել։ Օրինակ, Ազգային ժողովում ներկայացված քաղաքական կուսակցություններից մեկի ղեկավարը մամուլում արդեն երկու տարի հայտարարում է յուրացված վարկերը ինչ-որ կղզում հայտնաբերած լինելու մասին։ Սա այն մարդն է, որի կուսակցությունը խորհրդարանական ընտրություններից մի քանի ամիս առաջ ստեղծել են իշխանությունները։ Այս կուսակցությունը ֆինանսավորվում եւ իր գոյությունը պահպանում է այնքանով, որքանով իշխանություններին հաջողվում է օրենքները խախտելու գնով ձախ եկամուտներ ունենալ։ Հասկանալի է, որ այս կուսակցությունն իշխանությունները ստեղծել են «կոռուպցիայի դեմ էլ ավելի արդյունավետ պայքար ծավալելու ազնիվ մտադրությամբ»։ Այսպիսի բաներ, տ-ն Չեկալովիչ։ Ձեր կողմից գլխավորած կազմակերպության 1999 եւ 2000 թվականներին Մարդկային զարգացման զեկույցներում Հայաստանի տնտեսական կյանքի վերլուծությունը, իսկ ավելի կոնկրետ՝ 90-ականների կեսերին վարկերի եւ էներգետիկ ռեսուրսների օգտագործման մասին դրույթները բացարձակ հիմարություն են։ Ի դեպ, այդ զեկույցները շատ ցածր մակարդակով են պատրաստված։ Մասնավորապես, տնտեսական զարգացման բաժինները, որոնք մեծ մասով արտագրված են վիճակագրության պետական մարմինների ընթացիկ զեկուցագրերից, ահռելի կեղծ եւ ոչ կոմպետենտ տեղեկատվություն են պարունակում։ Բավական է ասել, որ մեր վիճակագրական մարմինների կողմից առայժմ չի ընկալվել ալկոհոլային խմիչքի եւ բացարձակ սպիրտի տարբերությունը, քանակական համադրելիությունը։ Արդյունքում՝ վերջին երեք տարիների մակրոտնտեսական ցուցանիշները վստահելի չեն։ Ե՞րբ եք հասկանալու, որ 6-7 տոկոս տարեկան աճ ունեցող երկրից բնակչությունը մասսայաբար չի արտագաղթում։ Ես ձեզ հասկանում եմ. պետք է քննադատել Հայաստանը եւ, միաժամանակ, պաշտպանել ներկաներին։ Ի վերջո, Ղարաբաղի հարց կա։ Դե դուք էլ սերտորեն համագործակցել եք նախագահի աշխատակազմի հետ (էջ 4)։ Ի վերջո, ստիպված եք եղել 3-9 տարի առաջ «կատարված» չարաշահումների մասին խոսել։ Նյու Յորքում հո չեն խորանալու, թե ու՞մ մասին է խոսքը։ Արդյունքն այս անհեթեթությունն է։ Եվ ձեր պատասխանատվությունը ՄԱԿ-ի փողերը մսխելու ու դեսպանի պարտականությունները ոչ պատշաճ ձեւով կատարելու։ ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆ Մարտ 2001

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել