Լրահոս
Օրվա լրահոսը

Հունանյանը ԱԱՆ աշխատակի՞ց

Ապրիլ 28,2001 12:10

Եթե այո, ի՞նչ տրամաբանությամբ է պահվում ԱԱՆ մեկուսարանում

Երեկ շարունակվեց «Հոկտեմբերի 27» քրգործի դատաքննությունը։ Ամբաստանյալ Նաիրի Հունանյանը ընտրել է դատաքննական ցուցմունքներ տալու հետեւյալ տարբերակը. տող-տող մեջբերումներ է կատարում մեղադրական եզրակացությունից եւ ապա տալիս իր գնահատականները (կամ «ցուցմունքները» մասնավորապես նախաքննական մարմնի մասին։

Հիշեցնենք, որ մեղադրական եզրակացությունը բաղկացած էր 200 էջից։ Ամբաստանյալը երեկ հասցրեց խոսել մեղադրականի 5-րդ, 6-րդ էջերից։ «Թուրքիա խմբի գործուղման ձեւակերպումները կատարելիս Նաիրի Հունանյանը ջանք չի խնայել ՀՀ անվտանգության նախարարության տեսադաշտում հայտնվելու համար, զարմանալով, թե ինչո՞ւ իրենով չեն հետաքրքրվում, երբ ինքը կարեւոր այցելություն է կատարելու։ Մի քանի փորձից հետո ի վերջո այդ հանդիպումը կայացել է եւ նա համապատասխան հրահանգավորում է ստացել իրեն պատշաճ ձեւով արտերկրում դրսեւորելու վերաբերյալ»։

Մեջբերվածի կապակցությամբ նախ նա միջնորդություն արեց (դահլիճից հնչեց «թուրքերե՛ն ասա» ռեպլիկը), ըստ որի պահանջվում էր ԱԱՆ-ից հարցում անել, թե 1999թ. ձմռանը ինքը փորձեր արե՞լ է ԱԱՆ տեսադաշտում հայտնվել, ո՞ւմ նախաձեռնությամբ են ԱԱՆ աշխատակիցներ Արամ Բեգոյանը եւ Կարեն Պարունակյանն իր հետ հանդիպել, Թուրքիայից վերադառնալուց հետո ո՞ւմ հրահանգով է սկսվել համագործակցությունը եւ, վերջապես, կա՞ն կասկածներ, որ ինքը թուրքական հատուկ ծառայությունների մեջ է։ ԱԱՆ քննչական մեկուսարանում մինչեւ օրս պահվող ամբաստանյալ Հունանյանը, սակայն, քիչ անց ԱԱՆ-ի հետ ուշագրավ համագործակցության օրինակներ բերեց։ Նա ասաց, որ Թուրքիայից վերադառնալուց հետո զբաղվել է մասնավոր հեռուստաալիք հիմնելու աշխատանքով։

«ԱԱՆ-ից ինձ առաջարկել էին կապերը չխզել թուրքերի հետ, որովհետեւ, ըստ իրենց տեղեկությունների, թուրքերը մեծ հետաքրքրասիրություն են ցուցաբերել իմ նկատմամբ եւ շահագրգռված են կապերը չխզելու, սերտացնելու համար»։

Ըստ Հունանյանի՝ իրեն ազգային անվտանգության նախարարությունն առաջարկել է համագործակցել, «որին, որոշ ժամանակ մտածելուց հետո, համաձայնվել եմ պայմանով, որ այն, ինչ պիտի արվի, լինի լուրջ՝ իր տարողությամբ եւ գործնական՝ իր բնույթով»։ ԱԱՆ-ին փոխանցել է Թուրքիայից իր հետ բերած ողջ նկարահանած նյութը «հում վիճակում», «առանց մոնտաժելու», փոխանցել է նաեւ 30 էջանոց ակնարկ, հանձնել իր հետ բերած բոլոր այցետոմսերը, Թուրքիայում իր հետ շփված անձանց խառնվածքի եւ այլ «բնութագրական դիտարկումները»։ Նա հանձնել էր «մեծ ծավալի գրավոր նյութ, զանազան տեղեկագրեր, ամսագրեր, գրքույկներ»՝ ԱԳՆ Թուրքիայի բաժնում «իրենց ամենօրյա աշխատանքում օգտագործելու համար» (պարզապես հիշեցնենք, որ գործուղումը Թուրքիա արժեցել էր, ըստ նախորդ դատական նիստում տված իր ցուցմունքների, 48 հազար դրամ)։

Ինչ վերաբերում է կոնկրետ հեռուստաալիքի ստեղծման հնարավորությանը, Հունանյանը ասաց, որ «իրեն օգնել է ԱԱՆ-ն»։ ԱԱՆ աշխատակից Կ. Պարունակյանը, ըստ Ն. Հունանյանի երեկվա ցուցմունքների, իրենց համագործակցության առաջարկի մասին ասել էր, թե «առաջարկը եկել էր նախարարության ղեկավարությունից»։

«Ինձ առաջարկվել է կապվել թուրքերի հետ եւ այդ առաջարկը փոխանցել իրենց»,- շարունակում էր ամբաստանյալը, որն ասաց, որ այդ կապակցությամբ զանգել է Թուրքիայում իրենց ուղեկցած թարգմանչուհուն՝ «նրա ձեռքի հեռախոսի վրա», խնդրել հեռուստաալիքի առաջարկի մասին տեղյակ պահել Թուրքիայի մամուլի վարչության պետին. «Ես եւ ԱԱՆ ներկայացուցիչը պատրաստել ենք գրավոր տեքստ»։

Ամբաստանյալը հայտնեց, որ իրեն առաջարկվել էր կրկին կապվել Թուրքիայի հետ, քանի որ պատասխանն ուշացել էր, սակայն ինքն ասել էր. «Ինձ համար հեշտ չէ ամեն անգամ այդպիսի մեծ գումարներ ծախսել հեռախոսազանգերի վրա», ու չի զանգել։ Հունանյանն ասաց նաեւ, որ իր հանդիպումներն ու զրույցները ԱԱՆ աշխատակիցների հետ դադարել են 1999թ. սեպտեմբերից եւ սակայն այդ ամսին էլ «եղել է մեկ-երկու հեռախոսազանգ, կարճ զրույց»։

Այս դեպքում (տարօրինակ էր՝ նման ցուցմունքներ լսելուց հետո չհարցնել) ինչո՞ւ նման միջնորդություն արեց ամբաստանյալը, երբ ինքը չժխտեց իր եւ ԱԱՆ համագործակցությունները։

«Ակնհայտ անճշտություններ» որակելով մեղադրանքում տեղ գտած թուրքական թեման, իրեն առաջադրված մեղադրանքի կապակցությամբ տեղեկացրեց, որ 2000թ. փետրվարին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանն իրեն ասել է, որ «մեղադրական եզրակացությունում ինքը գրելու է, որ ԱԱ նախարար Սերժ Սարգսյանը դիտավորյալ է կազմակերպել համագործակցություն ԱԱՆ-ի եւ իմ միջեւ, միտումնավոր ինձ համոզել են, որ զանգահարեմ Թուրքիա, որպեսզի այդ ամենը ֆիքսվի։  Այսպիսով, ըստ Ջհանգիրյանի, Սերժ Սարգսյանը նպատակ է ունեցել հոկտեմբերի 27-ից հետո թաքցնել, քողարկել, որ ինքն ու Քոչարյանն են եղել «Հոկտեմբերի 27»-ի կազմակերպիչները։ Այսպիսով, ստեղծել թուրքական հետքը եւ նախաքննությանը իբրեւ թե հրամցնել մի վարկած, ըստ որի՝ Հունանյանը կապ է ունեցել Թուրքիայի հետ»։

Ըստ ամբաստանյալի, նախաքննական մարմինը չի գրել այդ մասին մեղադրականում, քանի որ ինքը 2000-ի մայիսի 23, 24-ին հրաժարվել է Ալեքսան Հարությունյանի, Մուշեղ Մովսիսյանի, Նաիրի Բադալյանի, Հարութ Հարությունյանի դեմ տված կեղծ ցուցմունքներից…

Խոսելով իրեն Թուրքիայում ներշնչելու (որ պիտի դառնա Հայաստանի ղեկավարներից մեկը) իր մոտ նկատված փոփոխությունների մասին, հերթական ցինիկ ռեպլիկը նետեց. «Մնում է, նախաքննական մարմինը ավելացներ, որ թուրքական 3-րդ դաշտային բանակը եկել էր Արաքսի ափը եւ սպասում էր, որ ես ԱԺ դահլիճից ձայն տամ-կանչեմ»։

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30