Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

ԱԺ-ի

Ապրիլ 28,2001 00:00

Մարքսիստական ոճով ծրագիր ԱԺ-ի երեկվա լսումներում «Կրթության զարգացման պետական ծրագրին» տրված այս որակումից խիստ նեղացավ ԿԳ նախարար Էդուարդ Ղազարյանը։ Այս առթիվ լեզվակռիվը եզրափակվեց որակման հեղինակին ուղղված ԿԳ նախարարի խայթոցով՝ «Դուք երեւի շատ լավ եք մարքսիզմն ուսումնասիրել, որ ծրագիրը համարում եք մարքսիստական, ճիշտն ասած՝ ես այդքան լավ մարքսիզմը չգիտեմ»։ Այստեղ արդեն որպես պատմաբան ու գրքավաճառ ներկայացած մի այլ, հավանաբար մարքսիստ, պարոնի նյարդերը չդիմացան, ու Էդուարդ Ղազարյանին սպառնաց. «Պարոն նախարար, լավ ճանաչելով ձեզ եւ ձեր մտավոր կարողությունները, կարծում եմ, որ դուք առանց մարքսիզմ-լենինիզմի ոչ կդառնայիք ակադեմիկո՛ս, ո՛չ էլ նախարար։ Եվ եթե այսօր այդ ուսմունքի նկատմամբ նման հայտարարություն եք անում, դարձյալ դա կխանգարի ձեզ՝ շարունակել այդ պաշտոնը վարել։ Գիտական կոմունիզմը եղել եւ մնում է մարդկության ձեռքբերած լավագույն բարձունքներից մեկը եւ այսօր էլ վատ չէր լինի՝ կյանքի քննություն բռնած այդ ուսմունքի շատ բարոյական չափանիշներից օգտվեր նաեւ կրթական համակարգը»։ Գաղափարական բանավեճը սրանով ավարտվեց, բայց մարքսիզմի պաշտպանը մի այլ մահացու վիրավորանք հասցրեց Էդուարդ Ղազարյանին՝ ասելով, թե «դուք դպրոցը չգիտեք եւ շատ դժվար է ձեզ համար՝ մտածել, թե ինչպես անել, որ ձեզ չխաբեն»։ ԿԳ նախարարը, որ հաճախ է շեշտում, թե ինքը դպրոցին մոտ կանգնած եւ դպրոցը շատ լավ ճանաչող մարդ է, անմիջապես հիշեցրեց. «1969թ. ուսումս ավարտելուց հետո վերադարձել եմ Հայաստան եւ 69-ից մինչեւ նախանցյալ տարի նախարար դառնալս, անընդմեջ դասավանդել եմ հանրակրթական դպրոցում, ունեմ բազմաթիվ ձեռնարկներ, խնդրագրքեր…»։ Սակայն, ընդհանուր առմամբ, լսումներն ընթացան հանգիստ ու նման կրքոտ բախումներից զերծ մթնոլորտում՝ թեեւ մեծ վերապահումով կարելի է ասել, թե քննարկումները «Կրթության զարգացման պետական ծրագրի» նախագծին էին առնչվում։ ԱԺ համապատասխան հանձնաժողովի նախագահ Շավարշ Քոչարյանը հաճախ էր ելույթ ունեցողներին կոչ անում չշեղվել լսումների բուն նյութից։ Այնուամենայնիվ, փաստարկված, հստակ ու կոնկրետ դիտողություններ եւ առաջարկներ գրեթե չհնչեցին։ Ընդ որում՝ դահլիճում մեկ-երկու պատգամավոր միայն կար, հիմնականում մասնակցում էին համակարգի ղեկավար այրերը, պետական ու մասնավոր բուհերի ռեկտորները, ՀԿ-երի ներկայացուցիչներ, մանկավարժներ, այնպես որ այս լսումները հանգիստ կարելի էր մի այլ վայրում անցկացնել։ Փրկում էր միայն մի հանգամանք. լսումներն իր ներկայությամբ պատվել էր անձամբ ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանը։ Վերջինս շատ ծա՜նր, հանդիսավո՜ր ելույթ ունեցավ, հարցրեց՝ «ի վերջո, ի՞նչ ենք ուզում, մեր կրթությունը ո՞ւր ենք ուղղում, կրթությունը ի՞նչ դեր ունի», նույնիսկ ծրագրի առթիվ դիտողություն արեց, թե՝ «որոշ խնդիրների մեջ նկատեցի դեկլարատիվություն ու անորոշություն», եւ առաջարկեց դրանք «կոնկրետիկայի բերել», քանի որ ծրագիրը ընդունվելուց հետո օրենքի ուժ է ստանալու։ Վերջում, իր արժեքը գիտակցող մարդու կարեւորությամբ հայտարարեց՝ «Ինձ դեռ սպասում են բազում խորհրդակցություններ», եւ լսումների կեսից հեռացավ։ Պետական բուհերի ռեկտորներ Ռադիկ Մարտիրոսյանի, Գրիգոր Կիրակոսյանի եւ Յուրի Սարգսյանի ելույթները հիմնականում ԿԳ նախարարի ներկայացրած «Կրթության զարգացման պետական ծրագրի» կարեւորությունն էին ընդգծում ու այն պաշտպանում։ Քիչ թե շատ քննադատական շեշտեր կային ԵՊՀ ռեկտորի խոսքում։ Ռադիկ Մարտիրոսյանը նկատեց, որ ռեկտորների ներկայացրած դիտողությունները տեղ չեն գտել լսումների մասնակիցներին երեկ բաժանված ծրագրի նախագծի տեքստում։ Ռ. Մարտիրոսյանը լավատես էր, որ դա տեխնիկական պատճառներով է, ժամանակ չեն ունեցել ու իրենց դիտողություններն անպայման տեղ կգտնեն ծրագրում։ Շեշտելով, որ «բոլոր պրոբլեմների հիմքում խնդրի ֆինանսական կողմն է», ԵՊՀ ռեկտորը ԱԺ նախագահին դիմեց. «Մենք կցանկանայինք, որ ԱԺ-ն այս ծրագիրն ընդունելուց հետո հետեւողական լինի այն թվերի եւ միջոցների նախատեսման հարցում, որը գրված է այս ծրագրում»։ Պրն Մարտիրոսյանը դժգոհեց, որ կրթական համակարգի նկատմամբ «մնացորդային վերաբերմունք կա իշխանության կողմից»։ Այսինքն, բոլոր մյուս համակարգերին միջոցները տրամադրում են ու, «եթե տակը բան մնաց, տալիս են կրթությանը կամ առողջապահությանը, չմնաց՝ ուրեմն կարող են յոլա գնալ։ Շատ կներեք, մոլլա Նասրեդինի էշի պատմությունն է»։ Ռադիկ Մարտիրոսյանը նկատեց, որ հաճախ ծրագրում հարցը արծարծված է, բայց այն լուծելու մեխանիզմները տրված չեն։ Նաեւ նշեց, որ գիտության համակարգը ծրագրում լավ ներկայացված չէ։ Տնտեսագիտության ինստիտուտի ռեկտոր Գրիգոր Կիրակոսյանը առաջարկեց, որ «գոնե տասը տարով բարձրագույն ուսումնական հաստատություններին ազատեն հարկերից», որպեսզի իրենք իրենց գլխի ճարը տեսնեն, քանի որ պետական բյուջեն ինքը չի կարող հոգ տանել բուհերի մասին։ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30