Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅ ԳՈՒՍԱՆԱԿԱՆ ԵՐԳԸ ՆԱՀԱՆՋՈՒՄ Է

Ապրիլ 28,2001 00:00

ՀԱՅ ԳՈՒՍԱՆԱԿԱՆ ԵՐԳԸ ՆԱՀԱՆՋՈՒՄ Է «Սայաթ-Նովա» համահայկական լավագույն հայ երգի ամենամյա մրցանակաբաշխության գլխավոր հովանավորներ Հովնանյան ամուսինները մրցանակաբաշխության համար տրամադրել են 40 հազար ԱՄՆ դոլար։ Անցած տարի անդրանիկ մրցույթին ներկայացված էր 170 երգ եւ նրա արձագանքը դեռ չմարած, սկսվեց երկրորդը՝ «Սայաթ-Նովա»-2001-ը։ Այս տարի կազմկոմիտեին ներկայացված է եղել 199 երգ, որից 2-րդ փուլ են անցել 94-ը. գուսանական՝ 18 երգ, քնարական՝ 28, հայրենասիրական՝ 26 եւ մանկական՝ 22։ Մրցույթը կայացավ եւ 3-րդ եզրափակիչ փուլ դուրս եկան հինգ լավագույնները (ըստ ժյուրիի)՝ Արուս Գուլանյան, Արսեն Գրիգորյան, Աշուղ Նազելի, Շուշան Պետրոսյան եւ Նորայր Կիրակոսյան։ Մոտ երկու ժամ տեւած մրցույթում հնչած երգերը (բացի երկուսից) շատ թախծոտ, տխուր ու լալկան էին։ Մի պահ կարծես հոգեհանգստի տպավորություն թողեց անգամ, երբ աջ ու ձախ նստածները՝ իմ հարեւանությամբ, սկսեցին արտասվել… Իսկ թե ինչպես եղավ, որ գուսանական ժանրում տեղ էր գտել երեք հայրենասիրական ժանրի երգ եւ թե ինչու էր ժյուրին այդքան տխուր ու թախծոտ երգեր ընտրել 2-րդ փուլ, փորձեցի պարզել ժյուրիի անդամ, Կոմիտասի անվ. կոնսերվատորիայի պրոֆեսոր Արզաս Ոսկանյանից. «Այս ժանրի անվանումը աշուղական-գուսանական է, բայց հնչեցին խայտաբղետ հեղինակային կատարումներ, որոնք ոչ այնքան հարում են աշուղությանը։ Ինչպես այս, նաեւ մյուս ժանրերը կաղում են, նախորդի թափը չունեն, մյուս կողմից էլ՝ նոր իներցիա է ի հայտ եկել։ Իմ կարծիքով մրցույթը միջին մակարդակի էր, լավ էր, որ կին կատարողները շատ էին եւ, իհարկե, պրոֆեսիոնալների կողքին ոչ պրոֆեսիոնալների հանդես գալը արդեն ձեռքբերում է եւ պետք է կարողանանք օբյեկտիվորեն գնահատել։ Ցանկալի է, որ միջին մակարդակը բարձր լինի։ Մեր օրերում ինքնուսուցումը շատացել է, եւ իսկական երգը նահանջում է։ Ոճական խախտում իհարկե կար… եւ 3-րդ եզրափակիչ փուլ անցած 5 երգն էլ միջին մակարդակի էի»։ Հուսանք, որ մյուս ժանրերում եւ հետագա մրցույթ-համերգներում իրոք կհաղթեն արժանիները եւ դահլիճն էլ լեփ-լեցուն կլինի… ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել